2016 թվականի հունվարի 1-ից չաշխատող մայրերը ևս ստանում են մայրության նպաստ: Այս թեմայով «Իմ փոքրիկ»-ի հարցերին պատասխանում է ՀՀ Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի մամուլի քարտուղար Արամայիս Շահբեկյանը:
-Ովքե՞ր ունեն մայրության նպաստի իրավունք:
-Մայրության նպաստի իրավունք ունեն այն չաշխատող հղիները, որոնց հղիության և ծննդաբերության արձակուրդի սկիզբը (հղիության 210-րդ օրը) հունվարի 1-ն է կամ դրանից հետո:
-Քանի՞ օրվա համար է նպաստ վճարվում և որքա՞ն է նպաստի չափը:
-«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում կատարվեցին փոփոխություններ: Դրանցով սահմանվեց, որ մայրության նպաստի իրավունք ունի նաև Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով հաշվառված չաշխատող կինը` ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված հղիության (70 օր) և ծննդաբերության (70 օր) արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի համար:
Նպաստը կազմում է 126.600 ՀՀ դրամ` հիմք ընդունելով նվազագույն աշխատավարձի կեսը:
-Որտե՞ղ պետք է դիմել նպաստ ստանալու համար և ի՞նչ փաստաթղթեր է հարկավոր ներկայացնել:
-Ապագա մայրիկը (կամ լիազորված անձը) նպաստ ստանալու համար պետք է դիմի իր հասցեն սպասարկող Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժին:
Նպաստ ստանալու համար հղին պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը `
· անձը հաստատող փաստաթուղթ և սոցիալական քարտ (կամ նույնականացման քարտ),
· բուժհաստատության կողմից տրված ժամանակավոր անաշխատունակության մասին թերթիկ
· ծննդօգնության պետական հավաստագիր
Ապագա մայրիկի կողմից լիազորված անձի դիմելու դեպքում, հղիի վերոնշյալ փաստաթղթերից բացի, հարկավոր է ներկայացնել նաև իր անձը հաստատող փաստաթուղթ և սոցիալական քարտ:
-Ի՞նչ ժամանակահատվածում պետք է դիմել մայրության նպաստի համար
-Դիմել կարող են երեխայի ծնվելուց 70 օր առաջ և երեխայի ծնվելուց մինչև 70 օր հետո: Նպաստի համար պետք է դիմել 140 օրվա ընթացքում:
-Ի՞նչ ժամանակահատվածում է կատարվում դիմումը մերժելու կամ նպաստ նշանակելու որոշումը:
-Դիմումը Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժին ներկայացնելուց հետո նպաստ նշանակելու կամ մերժելու որոշումը կատարվում է 1 ամսվա ընթացքում:
-Ո՞ր դեպքում է հնարավոր մերժել մայրության նպաստի նշանակումը:
-Տարածքային կենտրոնը մայրության նպաստի տրամադրումը կարող է մերժել, եթե`
· շահառուն չունի մայրության նպաստի իրավունք (օրինակ` շահառուն աշխատող է),
· դիմումին կից չեն ներկայացվել համապատասխան փաստաթղթերը,
· դիմումը ներկայացվել է հղիության 210-րդ օրը չլրացած կամ հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամկետը լրանալուց հետո (այսինքն` 140 օր հետո),
· շահառուն բնակչության պետական ռեգիստրում հաշվառված չէ Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով:
Ցանկացած հարցի դեպքում կարող եք զանգահարել Սոցիալական թեժ գիծ (114), որն անվճար է Երևանի քաղաքային և բոլոր բջջային հեռախոսակապերից: Տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել Ծառայության կայքէջ (ssss.am):