Ե՞րբ է վերականգնվում բեղմնավորվելու ունակությունը
Որպեսզի բեղմնավորում տեղի ունենա, նախ, պետք է վերականգնվի դաշտանային ցիկլը, օվուլյացիա տեղի ունենա, և սկսվի դաշտանը:
Երիտասարդ մայրիկների մոտ այս ժամանակահատվածը շատ ինդիվիդուալ է՝ կախված շատ գործոններից. ծննդաբերության բարդություններ, կրծքով կերակրում, հորմոնային համակարգի ակտիվություն: Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին հետազոտություններով պարզվել է, որ մանկիկին կրծքով չկերակրող մայրիկների մոտ ծննդաբերությունից հետո առաջին օվուլյացիան տեղի է ունենում 45-95 օր անց: Սակայն կան նաև բացառություններ՝ 25 օր անց:
Մեծամասամբ առաջին օվուլյացիայից հետո կանայք չեն հղիանում, սակայն այս դեպքում էլ բացառություններ հնարավոր են:
Ծննդաբերությունից հետո մարմնի բազալ ջերմաստիճանը չափելն արդյունավետ չէ, ուստի միայն դաշտանի սկսվելուց հետո կարելի է ենթադրել, որ օվուլյացիա է տեղի ունեցել:
Կրծքով կերակրումը հետաձգում է օվուլյացիան և դաշտանը` այդպիսով պաշտպանելով հնարավոր հղիությունից: Այս միջոցն արդյունավետ օգտագործելու համար հարկավոր է հետևել մի քանի կանոնների, որոնց մասին մենք կխոսենք ստորև․
Ի՞նչը համարել դաշտան
Ծննդաբերությունից հետո տեղի է ունենում արյունային արտադրություն, որը նորմալ է: Սակայն ինչպե՞ս այն տարբերակել դաշտանից: Ծննդաբերությունից հետո ութ շաբաթվա ընթացքում յուրաքանչյուր արտադրություն համարվում է հետծննդաբերական արտադրություն և դաշտան լինել չի կարող: Եթե արյունային արտադրություն սկսվի ութ շաբաթ ժամկետից հետո, ապա հավանաբար դաշտանն է սկսվել:
Եթե մայրիկը կրծքով չի կերակրում փոքրիկին ապա ցիկլը կարող է վերսկսել 8 շաբաթից էլ շուտ: Ծննդաբերությունից հետո որոշ ժամանակ դաշտանային ցիկլը կարող է անկանոն լինել, ուստի յուրաքանչյուր կասկածի կամ հարցի դեպքում անհրաժեշտ է դիմել գինեկոլոգի:
Ե՞րբ սկսել պաշտպանվել ծննդաբերությունից հետո
ԱՀԿ-ի մասնագետները խորհուրդ են տալիս սկսել պաշտպանվել ծննդաբերությունից 3 շաբաթ անց: Իհարկե, այդպիսի վաղ հղիութունը քիչ հավանական է, բայց մինիմալ ռիսկ այնուհանդերձ կա: Կրծքով չկերակրող կանանց մոտ արդեն 6 շաբաթից, որպես կանոն, տեղի է ունենում առաջին օվուլյացիան, և դրանից հետո պաշտպանվելը պարտադիր է:
Արդյո՞ք կրծքով կերակրումը պաշտպանում է հղիանալուց:
Կրծքով կերակրումը կարող է օգտագործվել որպես հակաբեղմնավորման միջոց, բայց դրա արդյունավետության համար անհրաժեշտ է հետևել մի քանի կարևոր պայմանների.
- Կրծքով սկսել կերակրել անմիջապեսերեխայի ծնվելուց հետո: Եթե ինչ-ինչ պատճառներով երիտասարդ մայրիկը փոքրիկի ծննդից հետո առաջին օրերին չի կարող նորածնի մոտ լինել, ապա լրացուցիչ միջոցներով պաշտպանվելը պետք է սկսել 3 շաբաթից:
- Կերակրումը պետք է լինի միայն կրծքով: Հավելյալ կերակրատեսակների կամ կաթնախյուսի կիրառումն անմիջապես նվազեցնում են կրծքով կերակրման արդյունավետությունը որպես հակաբեղմնավորման միջոց:
- Կերակրումը պետք է լինի հաճախ՝ չորս ժամից ոչ ավելի ընդմիջումներով: Իսկ գիշերը՝ առնվազն մեկ, ցանկալի է 2 անգամ:
- Դաշտանի բացակայություն: Եթե այն սկսվել է, ապա, ըստ երևույթին, կա ձվազատում, և հղիանալու հավանականությունը մեծանում է: Անհրաժեշտ է պաշտպանվել:
- Կրծքով կերակրումը՝ որպես հակաբեղմնավորման միջոց, արդյունավետ է մինչև վեց ամիս:
Այս կետերերից յուրաքանչյուրի` անգամ մի փոքր խախտման դեպքում հնարավոր է հղիություն:
Նյութն ըստ mama.ru կայքի
Շարունակելի
Հաջորդ հրապարակման մեջ կներկայացնենք հակաբեղմնավորման միջոցները, որոնք կարելի է օգտագործել կրծքով կերակրելիս