Ո՞ր ժամկետում է սկսում շարժվել պտուղը. ներկայացնում է գինեկոլոգը

Պտղի առաջին շարժումներն ի հայտ են գալիս հղիության վաղ շրջանում:

6 շաբաթականից հետո պտուղն արձագանքում է բարձր ձայներին, 11-12 շաբաթականում բացում և փակում է թաթիկները, բռունցք անում, 18 շաբաթականում փակում է դեմքը թաթիկներով, խաղում պորտալարի հետ: Սակայն այս շարժումները շատ թույլ են, և, որպես կանոն, դեռ չեն ընկալվում մայրիկի կողմից:

Առաջնահղիները պտղի շարժումները զգում են ավելի ուշ՝ մոտավոր 22 շաբաթից սկսած, իսկ կրկնահղիներն ավելի վաղ՝ մոտ 20 շաբաթականից: Եթե ապագա մայրիկը մինչև 23 շաբաթական ժամկետը դեռ չի զգում պտղի շարժումները, խաղը, ապա այդ մասին պետք է անհապաղ տեղեկացնել հղիությունը վարող բժշկին՝ հասկանալու համար, թե արդյոք ամեն ինչ կարգին է:

Ժամանակի ընթացքում ապագա մայրիկը սովորում է բալիկի շարժողական ռիթմին, և տվյալ  ռիթմից շեղումները, ինչպիսիք են՝ պասիվությունը կամ ակտիվությունը, ցավի զգացողությունը պտղի շարժումների դեպքում, կարող են լինել հղիության որևէ խնդրի դրսևորում: Այդ իսկ պատճառով, կասկածների պարագայում հարկավոր է առանց վարանելու դիմել մասնագետի: 

 

Աղբյուրը՝ գինեկոլոգ Ռուզաննա Արշակյանի ֆեյսբուքյան էջ