Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմը ենթարկվում է մի շարք փոփոխությունների, որոնք իրենց ազդեցությունն են ունենում նաև մազերի որակի ու տեսքի վրա։ Այդ իսկ պատճառով այս շրջանում մազերի խնամքը փոքր-ինչ բարդանում է։
Իսկ թե ինչպե՞ս ճիշտ խնամել մազերը, կօգնի հասկանալ գինեկոլոգ, բժիշկ-կոսմետոլոգ Լուսինե Մովսիսյանը։
Հղիության ընթացքում ի՞նչ փոփոխությունների են ենթարկվում կնոջ մազերը
-Հղի կնոջ օրգանիզմում ավելանում է կանացի հորմոնների՝ էստրոգենների արտադրությունը, ինչի շնորհիվ էլ կանանց մազերը այս շրջանում սկսում են ավելի արագ աճել։ Դրանք ավելի առողջ ու գրավիչ տեսք են ունենում։ Բայց հնարավոր է նաև հակառակ պրոցեսը՝ մազերը դառնում են անփայլ, անորակ, առաջանում է մազաթափություն, գլխամաշկի թեփ։ Սրա պատճառը օրգանիզմում կալցիումի անբավարարությունն է։
Քանի որ երեխայի աճի ու զարգացման համար կալցիում է անհրաժեշտ, փոքրիկը այն ստանում է մայրական օրգանիզմից, ինչի արդյունքում էլ կնոջ օրգանիզմը ունենում է կալցիումի կորուստ։ Հետևաբար տուժում է նաև մազերի որակը։
Այս երևույթը, սակայն, առավել բնորոշ է հետծննդաբերական շրջանին: Այս ժամանակահատվածում էլ փոքրիկը կալցիումը ստանում է մայրական կաթի միջոցով։
Ինչպե՞ս խուսափել նման խնդիրներից
Այսպիսի խնդիրներից խուսափելու համար առաջին հերթին պետք է ճիշտ սնվել։ Կյանքի այս կարևոր փուլում կինը իր ամենօրյա սննդակարգում պարտադիր պետք է ներառի կալցիումով հարուստ սնունդ՝ կաթնամթերք, թարմ մրգեր ու բանջարեղեն, ձկնամթերք և այլն, որոնք կհարստացնեն օրգանիզմը կալցիումով։ Բացի այդ, քանի որ օրգանիզմում կալցիումի յուրացումը հնարավոր է միայն D վիտամինի բավարար քանակության առկայության դեպքում, օրական 15-30 րոպեհղի կինը նաև պետք է զբոսնի։
Կարելի՞ է, արդյոք, կտրել մազերը հղիության ընթացքում
Կա տարածված կարծրատիպ, թե մազերը հղիության ընթացքում կտրել չի կարելի։ Իբրև թե, դրա պատճառով հղի կնոջ օրգանիզմը օգտակար նյութերը «վատնում է մազերի աճի վրա», ինչի արդյունքում էլ պտուղը տուժում է։ Բայց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մազերը կտրելը, իրականում, պտղի վրա որևէ ազդեցություն չի ունենում։
Հեղինակ՝ Արփի Մուրադյան