Գործատուն կարո՞ղ է աշխատանքից ազատել հղի աշխատակցին

Գործատուն կարո՞ղ է աշխատանքից ազատել հղի աշխատակցին, և օրենքի տեսանկյունից ինչպիսի՞ տեղեկատվության պետք է տիրապետի հղի աշխատակիցը, որպեսզի կարողանա կողմնորոշվել ստեղծված իրադրությունում։ Այս մասին «Իմ փոքրիկ»-ին պատմել է իրավախորհրդատու Էմմա Բաբախանյանը։

Առաջնահերթ նշենք, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 114-րդ հոդվածի 2.1 կետի համաձայն՝ աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ արգելվում է հղի կանանց հետ` հղիության մասին գործատուին տեղեկանք ներկայացնելու օրվանից մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտման օրվանից հետո մեկ ամիսը լրանալը։ Հղի կնոջը հղիության շարժառիթով աշխատանքից ազատելը ենթադրում է պատասխանատվություն (ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդված)․

◾ տուգանք՝ առավելագույնը տասնապատիկի չափով

◾ հանրային աշխատանքներ՝ առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ

◾ որոշակի պաշտոններ զբաղեցնելու, որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում՝ առավելագույնը երեք տարի ժամկետով

◾ ազատության սահմանափակում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով

◾ կարճաժամկետ ազատազրկում՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով կամ ազատազրկում՝ առավելագույնը մեկ տարով։

Շեշտենք, որ աշխատանքի ընդունվելիս կինը գործատուին պետք է հայտնի արդեն իսկ առկա հղիության մասին, ներկայացնի համապատասխան տեղեկանք: Նախապես չզգուշացնելը պատասխանատվության հիմք չէ, պարզապես այդ դեպքում գործատուի կողմից աշխատանքային պայմանագիրը սեփական նախաձեռնությամբ լուծելը կհամարվի իրավաչափ, և հղի կինը կկորցնի տվյալ հիմքով իրավունքի պաշտպանության միջոցները: Իսկ, առհասարակ, նախքան աշխատանքային հարաբերությունների մեջ մտնելը ցանկալի է ծանոթանալ կազմակերպության ներքին կարգապահական նորմերին ու կանոնակարգերին, ուսումնասիրել աշխատանքային օրենսդրությանբ սահմանված աշխատողի իրավունքներին ու պարտականություններին վերաբերվող հոդվածները և ոչ միայն, խորհրդակցել իրավաբանի հետ, եթե աշխատանքային պայմանագրում առկա են անհասկանալի կետեր։