Ալկոհոլի օգտագործումը կարող է օրգանիզմի վրա բացասական ազդեցություն ունենալ։ Բայց հատկապես հղիության ընթացքում խմիչքի ընդունումը շատ ավելի լուրջ ու անդառնալի հետևանքներ կարող են ունենալ ոչ միայն կնոջ, այլև պտղի վրա։
Բժիշկ- գինեկոլոգ Լուսինե Մովսիսյանը խորհուրդ է տալիս հղիության ընթացքում բացառել ալկոհոլի օգտագործումը։
«Հղիության ընթացքում ալկոհոլի անգամ փոքր քանակության օգտագործումը մի քանի անգամ մեծացնում է վիժելու հավանականությունը։ Պետք է հիշել, որ պտուղը մայրիկի հետ «խմում է» այդ ոգելից խմիչքը, ինչն էլ իր բացասական հետևանքներն է ունենում նրա բնականոն զարգացման վրա։
Ալկոհոլային խմիչքների բաղադրության մեջ կա էթանոլ, որը դժվարացնում է թթվածնի ու սննդարար նյութերի մատակարարումը պտղին»,- ասում է բժշկուհին:
Ըստ նրա՝ ալկոհոլային խմիչքների օգտագործումը բացասական ազդեցություն է թողնում հատկապես կենտրոնական նյարդային համակարգի վրա, ինչն էլ հետագայում երեխայի մոտ մտավոր ու վարքային խանգարումների պատճառ է դառնում։
«Նախ պիտի նշեմ, որ շատ ավելի ցանկալի կլինի, եթե ապագա ծնոնղները ալկոհոլային խմիչքների օգտագործումից հրաժարվեն բեղմնավորումից դեռ երեք ամիս առաջ։
Իսկ ապագա մայրիկը, հղիության ընթացքում հնարավորինս պետք է խուսափի խմիչք ընդունելուց։ Իհարկե, հազվադեպ կես գավաթ գինու օգտագործումը կարելի է, քանի որ հղիության ընթացքում պտղի վրա ունեցած բացասական ազդեցության աստիճանը պայմանավորված է ոգելից խմիչքի ընդունման քանակից, հաճախականությունից ու նաև մոր առողջական վիճակից։ Բայց ես միանշանակ դեմ եմ ալկոհոլի օգտագործմանը, քանի որ ներարգանդային վնասները, որոնք ստանում է պտուղը, հետագայում, ցավոք, մեծամասամբ չեն բուժվում։
Բժշկուհին դեմ է նաև ալկոհոլի օգտագործմանը հղիությունից հետո։
«Ալկոհոլն այս անգամ արդեն փոքրիկի օրգանիզմ է թափանցում մայրական կաթի միջոցով, ինչի հետևանքով երեխան դառնում է ավելի թույլ ու քնկոտ։ Հնարավոր է, որ նրա մոտ անգամ ավելանա քաշը»։
Ըստ Լուսինե Մովսիսյանի՝ ալկոհոլային խմիչքների օգտագործումը նաև նվազեցնում է կաթնարտադրությունը։
Հեղինակ՝ Արփի Մուրադյան



