Sidebar

«Եթե տղամարդու մոտ ախտորոշվել է անպտղություն, հնարավո՞ր է արհեստական բեղմնավորմամբ հղիանալ»․ «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս եւ մյուս հարցերի պատասխանները

Հարցերին պատասխանում է մանկաբարձ-գինեկոլոգ, սոնոգրաֆիստ Աննա Խաչիկյանը:

Անուն: Ալ

Հարց։ Բարև Ձեզ, հարգելի՛ բժիշկ, ես 18 տարեկան եմ, ամուսնացած չեմ, դաշտանի ժամանակ ունենում եմ շատ ուժեղ ցավեր։ Մեջքիս հատվածում զգում եմ սուր, ծակող ցավ, իսկ որովայնիս հատվածում ցավերն այնպիսին են, ասես կապտուկին սեղմեն, կարծես ծանր քար կախված լինի մեջքիցս։ Արյան հետ լերդացած արյան նման ինչ-որ բան էլ է գալիս։ Ամեն անգամ ավելի ուժեղ է ցավում: Խնդրում եմ՝ ասեք՝ դա նորմա՞լ է։

Պատասխան։ Դաշտանի ցավային դրսևորումները բնորոշ են կանանց գրեթե 75%-ին: Տվյալ երևույթը բժշկական լեզվով կոչվում է ալգոդիսմենոռեա: Տարբերում են առաջնային և երկրորդային ալգոդիսմենոռեա: Առաջնայինի պարագայում կծկանքանման, տնքոցանման ցավերը կրում են ֆունկցիոնալ բնույթ: Երկրորդայինի պարագայում այդ դրսևորումները կարող են հուշել սեռական օրգանների տարբեր հիվանդությունների մասին: Առավել մանրամասն պարզելու համար դիմեք գինեկոլոգի:

 

Անուն: Թամարա

Հարց։ Բարև Ձեզ: Զգում եմ, որ կուսաթաղանթս երկու պատռվածք է ստացել, իսկ մեջտեղում մնացել է երկար թաղանթի նման: Հարաբերության ժամանակ ցավը ուժեղ է. դա էլ հենց ստիպեց, որ ինքս փորձեմ հասկանալ՝ ինչն է խնդիրը: Ու հասկանալի է, որ հարաբերությունից հետո էլ այն չի պատռվի: Խնդրում եմ՝ ասեք՝ կարելի՞ է ազատվել դրանից և ինչպե՞ս:

Պատասխան։ Դիմեք գինեկոլոգի: Տեղի է ունեցել ոչ լիարժեք պատռում, կամ առկա է միջնապատ: Այս 2 դեպքում էլ կարող է լինել բժշկի միջամտության կարիք:

 

Անուն: Մարիամ

Հարց։ Բարև Ձեզ, օճառի օգտագործումից ներքին արտադրություն ունեմ, հնարավոր է՝ այդ պատճառով դաշտանի ուշացում լինի, կամ դաշտանի ուշացումը կարո՞ղ է պայմանավորված լինել շոգ եղանակով։

Պատասխան։ Հիգիենայի կանոնների սխալ հետևումը կարող է հանգեցնել միկրոֆլորայի խախտման և դառնալ արտադրության պատճառ: Իսկ դաշտանի ուշացումը, եթե այն կրում է հաճախակի բնույթ, կարող է վկայել հորմոնալ խանգարման մասին, բայց մինչև այդ պետք է բացառել հղիության փաստը:

 

Անուն: Անի

Հարց։ Բարև Ձեզ, հարգելի՛ բժիշկ, 15 շաբաթական հղի եմ: Արդեն մի քանի օր է՝ ուղիղ պառկած վիճակում նկատում եմ պուլսացիա որովայնիս շրջանում։ Դա ի՞մ, թե՞ երեխայիս սրտի աշխատանքն է։

Պատասխան։ Դա ո՛չ Ձեր, ո՛չ էլ փոքրիկի սրտի աշխատանքն է: Հիմնականում նման պուլսացիայի պատճառ է լինում աորտայի աշխատանքը: Աշխատեք զերծ մնալ մեջքի վրա պառկելուց: Նախընտրելի դիրքը ձախ կողմն է:

 

Անուն: Անուշավան

Հարց։ Բարև Ձեզ, կինս հղիության թեսթ է արել։ Մի գիծը մուգ կարմիր է, մյուսը հազիվ է նշմարվում։ Ի՞նչ է նշանակում։

Պատասխան։ Հնարավոր է, որ հղիությունը նոր զարգացող է։ Մի՛ անհանգստացեք։ Կրկնեք թեսթը 2 օր հետո: 

 

Անուն: Լիլի

Հարց։ Բարև Ձեզ։ Երբ տղամարդու մոտ կա անպտղություն, հնարավո՞ր է արհեստական բեղմնավորմամբ հղիանալ։ Նշեմ, որ անպտղությունը կապված է հենց սերմնահեղուկի բաղադրության խախտման հետ։ Բացառել են ընդհանրապես հղիությունը։

Պատասխան։ Կախված է այն հանգամանքից, թե ինչ ցուցանիշներ ունի սերմը: Գուցե այն բավարար չէ ինքնուրույն հղիության համար, և անհրաժեշտ է դիմել արտամարմնային բեղմնավորման մեթոդին: Իսկ թե անհրաժեշտ կլինի ICSI  մեթոդ, թե դոնորական սերմ՝ Ձեզ կհուշի ռեպրոդուկտոլոգը: 

 

Անուն: Լիլի

Հարց։ Բարև Ձեզ, 4 տարվա ընդմիջումից հետո հնարավո՞ր է արդյոք հղիանալ։

Պատասխան։ Եթե չկան առողջական խնդիրներ, ապա ժամանակը արգելք չէ։