Հարցերին պատասխանում է մանկաբարձ-գինեկոլոգ, սոնոգրաֆիստ Աննա Խաչիկյանը:
Անուն` Հռիփսիմե
Հարց՝ 5 շաբաթական հղիության ժամանակ ինչի՞ համար են նշանակում Կարդիոասպիրին: Առաջին հղիությունս եղել է չզարգացող, հնարավո՞ր է՝ նմանատիպ բարդություններից խուսափելու համար լինի:
Պատասխան՝ Հնարավոր է՝ նշանակումը հիմնավորված լինի անամնեստիկ տվյալներով՝ նախորդ հղիության խնդիրների հետ կապված։
Անուն` Անի
Հարց՝ 5 շաբաթական հղի եմ, արդեն երկու օր է՝ ջերմում եմ 37 աստիճան: Այլ գանգատներ չունեմ: Դա վտանգավո՞ր է պտղի համար։
Պատասխան՝ Նախ՝ պետք է պարզել ջերմության պատճառը։ Դիմեք թերապևտի։
Անուն` Դինա
Հարց՝ Բարև Ձեզ: Ես 20 տարեկան եմ, զուգընկերոջս հետ չեմ ունեցել սեռական հարաբերություն: Հանդիպել ենք, հպումներ եղել են, համբույր, շոյանքներ եղել են: Ոչինչ չի թափանցել հեշտոց՝ ոչ մատ, ոչ ինչ-որ իր ու ոչ էլ առավելևս առնանդամ: Ձեռնաշարժությամբ նույնպես չեմ զբաղվել: Ցավեր չեմ զգացել, արյան հետքեր՝ նույնպես (բացի դաշտանի օրերից): Այս դեպքում, խնդրում եմ, ասեք՝ հնարավոր է՝ կուսաթաղանթս վնասվի, այսինքն՝ այդ զգացողությունները, հպումները, շոյանքները հնարավո՞ր է՝ հանգեցնեն կուսաթաղանթի վնասման կամ պատռման: Նախապես շնորհակալություն:
Պատասխան՝ Առանց ֆիզիկական ներգործության՝ վնասում հնարավոր չէ։
Անուն` Սեդա
Հարց՝ Բարև Ձեզ, ես 5 տարի է՝ ամուսնացած եմ, երեխա չունեմ: 2 անգամ դիմել եմ բժշկի: Պատճառը վարակն էր՝ տրիխոմոնազ էր կոչվում: Մարտի 20-ին ամուսնուս հետ գնացինք բժիշկի, բուժում նշանակեց: Կուրսը 10 օր էր: Դեղերի ընդունման 6-րդ օրը թեսթ արեցի, քանի որ 5 օր ուշացել էր դաշտանս: Արդյունքը դրական էր: Բայց 6 օր խմել եմ այդ դեղերը՝ գումարած, որ 2 շաբաթ առաջ ուժեղ ատամի ցավ ունեի ու դարձյալ դեղեր եմ խմել, այնուհետև գնացել եմ ատամնաբույժի մոտ, ով ներարկում է կատարել՝ ատամս հեռացնելու համար: Խնդրում եմ՝ ասեք՝ այդ դեղերը ազդեցություն կունենա՞ն հղիության վրա:
Դեղերի ցանկը՝ ստորև՝
1.Յունիդոկս
- Վիլպրաֆեն
- Ազիբիոտ
- Ֆլուկոնազոլ
- Տերժինալ
- Նեմիսիլ
- Կետոնալ
- Ցիտրամոն
Կանխավ շնորհակալություն:
Պատասխան՝ Հղիության առաջին եռամսյակում դեղորայքի օգտագործումից աշխատում ենք զերծ մնալ՝ դրա հնարավոր բացասական ազդեցությունից խուսափելու հաար։ Այս պարագայում միանշանակ չէ բացասական ազդեցությունը։ Դիմեք մասնագետի, սահմանեք հսկողություն հղիության և զարգացման ընթացքում։
Անուն` Աստղիկ Պողոսյան
Հարց՝ Հարգելի՛ բժիշկ, մի քանի տարի առաջ զբաղվել եմ ինքնաբավարարմամբ, սակայն ոչինչ հեշտոց չեմ ներհրել և անգամ ձեռքս չի դիպչել: Ինքնաբավարարվել եմ՝ փափուկ կտորի միջոցով սեռական օրգանս քսելով մի տեղին, բայց արյուն է եկել քիչ քանակությամբ: Հնարավո՞ր է՝ դա կուսաթաղանթի պատռում է, եթե արյուն է եղել:
Պատասխան՝ Առանց ֆիզիկական ներգործության վնասում հնարավոր չէ։ Արյան առկայության պատճառը հասկանալու նպատակով անցեք գինեկոլոգիական զննում։
Անուն` Աննա
Հարց՝ Բարև Ձեզ: Ծննդաբերությունից հետո դաշտան չեմ ունեցել և հղիացել եմ: Սպասում եմ զույգ բալիկների: Դա վտանգավո՞ր է առողջության համար:
Պատասխան՝ Շնորհավորում եմ։ Հնարավորինս շուտ դիմեք մասնագիտական օգնության։ Համապատասխան խնամքի, անհրաժեշտության պարագայում նաև բուժման դեպքում ամեն ինչ բարեհաջող կլինի։