ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ին ուղղված հարցերի հերթական խմբաքանակին:
Անուն: Գոհար
Հարց: Հարգելի բժիշկ, ամուսնացել եմ մեկ ամիս առաջ: Ունեմ մասնագետի խորհրդի կարիք: Ես և ամուսինս իրար հետ լինում ենք օրը մեջ, բայց եղել է դեպք,
երբ երկու օր իրար հետևից: Արդյո՞ք դա կարող է խնդիրներ առաջացնել երեխա ունենալու հարցում: Նախօրոք շնորհակալություն:
Պատասխան: Միանշանակ պետք է ասել, որ սեքսոլոգիական տեսանկյունից խորհուրդ չի տրվում սեռական հարաբերություններ ունենալ հատուկ սխեմայով, որպեսզի արձանագրվի հղիություն: Դա որոշակի ավելորդ լարվածություն է մտցնում ամուսնական սեռական կյանքում: Այնպես որ պետք չէ սեռական կյանքով ապրել միմիայն հղիանալու համար: Բեղմնավորման պրոցեսը բնական երևույթ է և չի պահանջում հատուկ սեռական կյանքի ռիթմ: Միայն անհրաժեշտ է ռեգուլյար սեռական կյանքով ապրել՝ համապատասխան ձեր սեռական պահանջմունքի:
Անուն: Ալյա
Հարց: Բարև, հարգելի բժիշկ: Իմ հարցը հետևյալն է. ամուսինս տարի ու կես ինչ-ինչ պատճառներով բանտում է եղել: Նոր է վերադարձել: Նկատել եմ, որ ցանկությունը կորել է. արդեն 10 օր է այստեղ է, և ոչինչ: Ինձ ասել են, որ այնտեղ պարբերաբար սեռական ցանկությունը նվազեցնող ինչ-որ դեղեր են տվել: Հնարավո՞ր է դրանով է պայմանավորված: Ի՞նչ խորհուրդ կտաք, ոչ մի կերպ չեմ կարողանում համոզել, որ այցելի բժշկի և ստուգվի: Նախապես շնորհակալ եմ արձագանքելու համար:
Պատասխան: Համոզված եմ, որ ազատազրկման վայրերում, բանակում որևէ դեղորայք, որը կիջեցնի սեռական ցանկությունը, չի տրվում: Սեռական ցանկության նվազումը պայմանավորված է սեռական կյանքի բացակայությամբ, ինչն օրգանիզմի կողմից ենթակա է կարգավորման: Որոշակի ժամանակ է պահանջվում, որպեսզի անհատի մոտ վերականգնվի սեռական ցանկությունը: Եթե ինքնուրույն վերականգնումը դժվարանում է, ապա կարող է անհրաժեշտ լինել մասնագիտական սեքսոլոգիական ռեաբիլիտացիա:
Անուն: Նելի
Հարց: Ես 14 տարեկան եմ: Արդեն 2 շաբաթ է չեմ հիվանդացել: Կասե՞ք` ինչն է խնդիրը: Ես ոչ մեկի հետ հարաբերություն չեմ ունեցել: Նախապես շատ շնորհակալություն:
Պատասխան: Այս իրավիճակը մենստրուալ ցիկլի խանգարման նախանշան է, որ կարող է լինել ցանկացած կնոջ կամ աղջկա մոտ՝ անկախ սեռական կյանքի առկայությունից: Այնպես որ ցանկալի է խորհրդակցել գինեկոլոգի հետ:
Անուն: Աննա
Հարց: 4 տարի է, ամուսնացած եմ: Երեխա չունենք: Ամուսնուս սպերմատազոիդների քանակը 0-1-2 է: Ի՞նչ խորհուրդ կտաք: Նախապես շնորհակալություն:
Պատասխան: Տղամարդու սերմնահեղուկում սերմնաբջիջների խիստ ցածր պարունակություը / օլիգոզոոսպերմիա / արական անպտղության պատճառ է: Ուստի անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել դրա պատճառները, և իրականացնել համապատասխան բուժում:
Անուն: Նանե
Հարց: Սեքսով զբաղվելուց, երբ ամուսինս ներթափանցում է հեշտոց, լարվածություն եմ զգում: Ինչպե՞ս անեմ, որ սեքսը հաճելի լինի ամուսնուս ու ինձ համար:Կանխավ շնորհակալություն:
Պատասխան: Ցավը սեռական հարաբերության ժամանակ / դիսպարեունիա / վկայում է որոշակի սեքսոլոգիական խնդիրների մասին: Տարբեր պատճառագիտական գործոններով պայմանավորված` այն հանգեցնում է սեռական խնդիրների, ինչպես նաև օրգազմի բացակայության: Պահանջվում է սպեցիֆիկ սեքսոլոգիական բուժում, ինչը լիակատար արդյունավետություն է ապահովում: