Հաճախ է պատահում, երբ զույգը սեռական կյանքում հանդիպում է որոշ խնդիրների։ Սակայն նման խնդիրները խորանում են հատկապես այն դեպքերում, երբ նրանք խուսափում են քննարկել այդ թեման կամ դիմել մասնագետի օգնությանը։
Սեռական կյանքում առավել հաճախ հանդիպող խնդիրների մասին «Իմ փոքրիկ»-ը զրուցել է ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի դոցենտ, սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի սեքսապաթոլոգ Սևադա Հակոբյանի հետ։
- Ինչի՞ հետևանքով է տղամարդու մոտ առաջանում սեռական պասիվություն և ինչպե՞ս է հնարավոր վերականգնել ակտիվությունը։
- Սեռական ցանկության նվազումը կամ բացակայությունը բավականին հաճախ հանդիպող սեքսոլոգիական խնդիր է, ինչը նաև որոշակի լարվածություն և դժվարություններ է հարուցում ամուսնական, միջանձնային հարաբերություններում: Պատճառները տարբեր են` ստրեսոգեն գործոններ, աշխատանքային գերհոգնածություն, սեռական անհաջողություն ունենալու տագնապ և այլն: Պետք է մանրակրկիտ քննարկել այցելուի սեքսոլոգիական ստատուսը, միջանձնային հարաբերությունները, այնուհետև իրականացնել հորմոնալ հետազոտություններ և այնուհետև իրականացնել արդյունավետ բուժում:
- Ի՞նչն է պատճառը, որ տղամարդու մոտ սեռական ակտը շատ կարճ է տևում։ Կա՞ որևէ բուժում։
- Վաղաժամ սերմնաժայթքումը ամենահաճախ հանդիպող սեքսոլոգիական խնդիրներից է։ Մասնագետները գտնում են, որ այն պայմանավորված է սերմնաժայթքման գլխուղեղային և ողնուղեղային կենտրոնների ոչ համաձայնեցված /չկոորդինացված/ աշխատանքով, տղամարդը չի կարողանում կառավարել սերմնաժայթքման տևողությունը, և այն տեղի է ունենում մինչև զույգերի հոգեսեռական բավարարվածություն ստանալը: Այս պարագայում ուսումնասիրվում է վաղաժամ սերմնաժայթքման առաջացման պատճառագիտությունը, և իրականացվում է կոմպլեքսային բուժում: Բուժումը ունի բարձր արդյունավետություն:
- Ձեռնաշարժությամբ զբաղվելը կարո՞ղ է պատճառ դառնալ, որ կինը հեշտոցային օրգազմ չզգա։
- Կնոջ օրգազմը, ըստ ծագման աղբյուրի, լինում է 3 տեսակ՝ ծլիկային, հեշտոցային և խառը: Հիմնականում ռեգուլյար սեռական կյանքով ապրելու ընթացքում կնոջ օրգազմը վերափոխվում է հեշտոցային կամ խառը տիպի՝ ծլիկայինից անցնելով առավել «հասուն» տիպի: Մաստուրբացիան որևէ էական բացասական ազդեցություն չի ունենում հեշտոցային օրգազմ զգալու առումով:
- Ի՞նչ միջոցներով կարելի է մեծացնել առնանդամը և արդյոք չափսո՞վ է նաև պայմանավորված սեռական կյանքի որակը։
- Սեռական կյանքի որակական կողմի գնահատման համար զույգերը, ըստ տարբեր միջազգային հարցումների, չեն նշում սեռական անդամի չափսը՝ որպես կարևոր գործոն: Բժշկական տեսանկյունից խնդրահարույց է միկրոպենիսը՝ սեռական անդամի զարգացման արատ, որի դեպքում խիստ փոքր չափսերի պատճառով գրեթե անհնարին է լիարժեք հարաբերությունը, որի դեպքում կիրառվում են հորմոնալ, վակուումային, վիրաբուժական մեթոդներ:
- Ի՞նչ է սեքսուալ անհամապատասխանությունը և ինչպե՞ս կարելի է հաղթահարել դա։
Սեքսոլոգիական տեսանկյունից կիրառական են սեռական աններդաշնակություններ /սեքսուալ դիսհարմոնիաներ/ հասկացութունները, որոնք զույգի սեքսուալ դիսֆունկցիաներից հաճախ հանդիպողներից են: Բազմաթիվ գործոններ կարող են պատճառ հանդիսանալ դիսհարմոնիաների, այդ թվում` նաև կոնստիտուցիոնալ-գենետիկ, երբ անհամապատասխան են կնոջ և տղամարդու սեռական կոնստիտուցիաների տիպերը /թույլ, միջին, ուժեղ/, որի արդյունքում էլ տարբերվում են նրանց սեռական ակտիվությունները: Եթե զույգը իրականում ցանկանում է խնդիրը կարգավորել, ապա սեքսոլոգիական կորեկցիան լինում է արդյունավետ:
Հեղինակ՝ Լուսինե Պապյան