Ներկայացնում է «Շենգավիթ» ԲԿ-ի նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ավագ մասնագետ Արթուր Ջանազյանը:
Անուն` Արմինե
Հարց՝ Բարև Ձեզ: Բալիկս 3,5 ամսական է: Այսօր կղանքը լորձոտ էր և առկա էին արյունային բծեր: Դա ինչո՞վ կարող է պայմանավորված լինել և արդյո՞ք նորմալ է: Կանխավ շնորհակալ եմ։
Պատասխան՝ Լորձոտ կղանքը հիմնականում կապված է լինում մոր ռացիոնի հետ և չի համարվում պաթոլոգիա, եթե անընդմեջ չէ: Իսկ արյան հետքերը կարող են հետանցքի վնասման արդյունք լինել, եթե կղանքի վրա են, այլ ոչ թե խառնված դրա հետ։
Անուն` Լիլիթ
Հարց՝ Բարև Ձեզ: Փոքրիկս երկու օրից կլինի մեկ ամսական: Դուրս գրման պահին կշռում էր 3 կգ 40 գ: Այժմ՝ 3 կգ 190 գ: Նորմա՞լ է նման քաշ ունենալը: Ավելացնեմ, որ 3-4 օր է՝ չի կեղտոտում: Դա կարո՞ղ է կապ ունենալ կաթի հետ:
Պատասխան՝ Երեխան շաբաթական 200-300 գրամ պետք է ավելացնի: Եթե քաշի դեֆիցիտ ունի, ապա մտածեք արհեստական կաթնախառնուրդի մասին։ Ուշ կեղտոտելը նույնպես խոսում է դրա մասին:
Անուն` Լիաննա
Հարց՝ Պե՞տք է, արդյոք, լողացնել երեխային պատվաստումից հետո:
Պատասխան՝ Երեխայի լոգանքը պատվաստումից հետո արգելված չէ: Միայն ուշադիր եղեք, որպեսզի չմրսի:
Անուն` Աստղիկ
Հարց՝ Արդեն 4 ամիս է, ինչ դադարեցրել եմ կրծքով կերակրումը, սակայն կրծքի կաթը դեռևս երևում է: Ի՞նչ անեմ:
Պատասխան՝ Հարցի ոչ դեղորայքային լուծումը ենթադրում է կուրծքն ամբողջությամբ կթելը և կիպ կապելը, իսկ դեղորայքային տարբերակները նշանակվում են բժշկի կողմից։
Անուն` Լուսինե
Հարց՝ Բարև Ձեզ: Հարգելի՛ բժիշկ, քանի՞ մգ անալգին-դիմեդրոլ կարելի է ներարկել 3-7 տարեկան երեխաներին:
Պատասխան՝ Անալգինի անվտանգ չափաբաժինը հաշվարկվում է «0,1 մլ կյանքի ամեն տարվա համար» սկզբունքով: Դիմեդրոլինը՝ նույնպես։