«Աստղիկ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Աննա Գրիգորյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին։
Անուն՝ Ռուզաննա
Հարց՝ Բարև Ձեզ։ Երեխաս մեկ տարեկան, երկու ամսական է, իսկ ինձ մոտ դաշտանը բացակայում է։ Արդյո՞ք վտանգավոր չէ, և հնարավո՞ր է կրկին հղիանալ։
Պատասխան՝ Եթե կրծքով կերակրում եք, ապա դաշտանի բացակայությունը հնարավոր է։ Ճիշտ կլինի՝ կատարեք փոքր կոնքի օրգանների սոնոգրաֆիա, իսկ հղիությունը պլանավորելուց առաջ անպայման դիմեք գինեկոլոգի խորհրդատվության։
Անուն՝ Մերի
Հարց՝ Հարգելի՛ բժիշկ, 22 տարեկան եմ, ամուսնացած եմ արդեն 6 ամիս, սակայն չեմ հղիանում։ Նախկինում, երբ դեռ ամուսնացած չէի, ունեցել եմ դաշտանի խանգարում, դիմել եմ բժշկի։ Սոնոգրաֆիա կատարելուց հետո ասացին, որ արգանդի ադենոմիոզ ունեմ։ Բժիշկը նշանակումներ արեց, դաշտանս կարգավորվեց։ Արդյո՞ք միայն սոնոգրաֆիան բավական է ադենոմիոզը տեսնելու համար, և դա՞ է չհղիանալու պատճառը։ Այն լու՞րջ խնդիր է, ինչպե՞ս բուժեմ։ Կանխավ շնորհակալ եմ։
Պատասխան՝ Ադենոմիոզն ախտորոշվում է ոչ միայն սոնոգրաֆիայի, այլև հիստերոսկոպիայի, լապարոսկոպիայի միջոցով, բժիշկը պետք է հաշվի առնի դիմողի գանգատները։ Ադենոմիոզը հանդիսանում է նաև անպտղության պատճառ և ունի բուժում, որը դեղորայքային է։
Անուն՝ Արևիկ
Հարց՝ Բարև Ձեզ։ Նոր ընթացող հղիության ժամանակ ողնաշարի հատվածում շատ ուժեղ ցավեր կան։ Պատճառն ի՞նչը կարող է լինել:
Պատասխան՝ Նախ՝ հարկավոր է կատարել սոնոգրաֆիա՝ պարզելու` արգանդայի՞ն հղիություն է, զարգացո՞ղ է, հա՞րթ է գնում, սրտի զարկերն առկա՞ են: Եթե որևէ պաթոլոգիա չի հայտնաբերվում, ապա դիմում եք նյարդաբանի։
Անուն՝ Սիլվա
Հարց՝ Բարև Ձեզ։ Հղի եմ, սպասում եմ երրորդ երեխայիս։ Հանձնել եմ արյան անալիզ՝ սեռը պարզելու համար։ Հնարավո՞ր է, որ այն սխալ լինի։ Նախապես շնորհակալություն։
Պատասխան՝ Արյան անալիզի օգնությամբ պտղի սեռը պարզելու մեթոդը հարյուր տոկոսանոց չէ, ուստի այո՛, հնարավոր է նաև՝ սխալ լինի։
Անուն՝ Նաիրա
Հարց՝ Հարգելի՛ բժիշկ, 2 ամիս առաջ կեսարյան հատմամբ երեխա եմ ունեցել։ Դաշտանս չի վերականգնվել, բայց կա արտադրություն, որը հիմնականում սև գույնի է։ Ցանկանում եմ իմանալ՝ ի՞նչը կլինի պատճառը։ Հնարավո՞ր է նման բան միզուղային բորբոքումից։ Կանխավ շնորհակալ եմ։
Պատասխան՝ Կեսարյան հատումից հետո նման գանգատների ի հայտ գալը հավանական է։ Դա միզուղիների բորբոքման հետ կապ չունի, անցեք սոնոգրաֆիկ հետազոտություն։
Անուն՝ Ալինա
Հարց՝ Եթե կնոջ ձվարանի վրա կիստա լինի, նա կարո՞ղ է հղիանալ։ Նշեմ, որ կիստան մոտավորապես 4-5 սմ է։
Պատասխան՝ Կան տարբեր տեսակի կիստաներ։ Եթե ֆոլիկուլյար կիստա է, ապա կարող է լինել հղիություն։ Անգամ ֆոլիկուլյար կիստայի դեպքում նման չափերն առանձնահատուկ բուժման կարիք չեն ունենում։ Պետք է հաշվի առնել իրավիճակային առանձնահատկությունները։
Անուն՝ Լալա
Հարց՝ Բարև Ձեզ, քսան տարեկան եմ և մեկ տարի է՝ ամուսնացած եմ, դեռ չեմ հղիացել։ Բժշկի դիմելու կարիք կա՞։
Պատասխան՝ Անպտղությունը դիտարկվում է այն ժամանակ, երբ զույգը մեկ տարի շարունակ վարում է կանոնավոր, անպաշտպան սեռական կյանք, սակայն հղիություն չի գրանցվում։ Նման պարագայում ամուսինները պետք է դիմեն գինեկոլոգի, անցնեն հետազոտություններ։
Անուն՝ Գրետա
Հարց՝ Հարգելի՛ բժիշկ, մի քանի ամիս է, որ ունեմ մրմռոց հեշտոցում հարաբերությունից առաջ և հետո։ Ինչո՞վ կարող է դա պայմանավորված լինել, և ինչ՞ անալիզներ պետք է հանձնեմ։ Նախապես շնորհակալություն։
Պատասխան՝ Անհրաժեշտ է, որ կատարվի զննում, իրականացվի հեշտոցի քսուքի, ֆեմոֆլոր հետազոտություն։ Անալիզների պատասխաններն ունենալուց հետո նշանակվում է համապատասխան բուժում։