Sidebar

«Ինչպե՞ս որոշել ձվազատման օրը»․ ընթերցողների հարցերին պատասխանում է գինեկոլոգը

«Բեգլարյան» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Տաթևիկ Դավթյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին

 

Անուն` Սիրանույշ

Հարց` Բարև Ձեզ: Մեկ ամիս առաջ հղիությունս ընդհատել են` կատարելով աբորտ: Արյունս սկզբում 90 էր, հիմա` 112: Խմում են «Սորբիֆեր» և «Ռեգուլոն», հաճախ ունենում եմ սրտխառնոց ու թուլություն: Հնարավո՞ր է, որ դրանք դեղերի հետևանքով առաջացած լինեն: Նշեմ, որ ընդունում եմ դեղորայքն արդեն մեկ ամիս, 23 տարեկան եմ:

Պատասխան՝ Նկատելի է, որ կա դրական դինամիկա: «Սորբիֆեր»-ի ընդունումը բարձրացնում է հեմոգլոբինի մակարդակը, բայց միգուցե միայն այդ դեղամիջոցով հարցը լուծում չստանա: Եթե գանգատները պահպանվում են, մասնավորապես՝ գլխապտույտը և ընդհանուր թուլությունը, ցանկալի է, որ  այլ հետազոտություններ ևս կատարեք: Ստուգեք երկաթի, վիտամին B12-ի քանակությունը՝ հասկանալու համար, թե ինչ տիպի է անեմիան: Գուցե անհրաժեշտություն լինի այլ դեղեր նույնպես նշանակելու: Իսկ սրտխառնոցը հակաբեղմնավորիչի ընդունման կողմնակի ազդեցություն կարող է լինել: Եթե շատ են գանգատները, որոնք ազդում են կյանքի որակի վրա, կարող է քննարկվել ուրիշ հակաբեղմնավորիչ ընտրելու հանգամանքը:                         

 

Անուն` Արմինե

Հարց` Հարգելի՛ բժիշկ, դաշտանը սկսվել է հունիսի մեկին:  Մոտավորապես ե՞րբ  կարող է լինել օվուլյացիան:

Պատասխան՝ Ձվազատման օրը կախված է դաշտանային ցիկլի միջին տևողությունից: Օվուլյացիայի հավանական օրերը լինում են ցիկլի մեջտեղի օրերը: Օրինակ՝ 28-օրյա ցիկլի պարագայում բեղմնավոր են համարվում 10-14-րդ օրերը, 30-օրյա ցիկլի դեպքում՝ 11/12-15/16-րդ օրերը: Եթե անհրաժեշտ է իմանալ ձվազատման օրն ավելի հստակ, կարելի է օգտագործել հատուկ դրա համար նախատեսված, ձվազատումը հաստատող թեստեր: Չնայած դրանք հարյուր տոկոսանոց արդյունավետություն չունեն, բայց որոշակի ինֆորմացիա կարելի է ստանալ: Կարելի է կատարել ֆոլիկուլոմետրիա, ցիկլի մոտ 9/10-րդ օրվանից հետևել ձվաբջջի աճին և զարգացմանը, առավել հստակ իմանալ՝ որ օրը կատարվեց ձվազատումը: Հնարավոր է նաև ռեկտալ ջերմաչափման միջոցով հասկանալ՝ ձվազատում լինում է, թե ոչ:          

 

Անուն` Մարիամ

Հարց` Ցանկանում եմ պլանավորել տղա երեխա: Կարո՞ղ ենք հաշվարկ անել:

Պատասխան՝ Սեռի պլանավորման հետ կապված որևէ գիտական հիմնավորում չկա: Բոլորը պարզապես տեսություններ են: Հաշվարկներ անել պետք չէ, դրանք ուղղակի զուգադիպություններ կարող են լինել:  

 

Անուն` Էլյա

Հարց` Պոլիկիստոզի դեպքում թույլատրվու՞մ է կատարել ինտիմի հատվածի լազերային  մազահեռացում: Կարո՞ղ է արդյոք ճառագայթը որևէ բացասական ազդեցություն թողնել:

Պատասխան՝ Լազերային մազահեռացումը, որպես այդպիսին, հստակ հակացուցում չէ պոլիկիստոզի դեպքում, որևէ կերպ այն խորացնելու հավանականություն չկա: