Հարցերին պատասխանում է մանկաբարձ-գինեկոլոգ, սոնոգրաֆիստ Աննա Խաչիկյանը:
Անուն՝ Բելլա
Հարց՝ Բարև Ձեզ, ես 36 տարեկան եմ, շատ երկար տարիներ դաշտանս սկսվել է միշտ 28-32 օրվա ընթացքում, վերջին ամսում արդեն 42-րդ օրն է՝ դեռ չի եղել։ Խնդրում եմ՝ ասեք՝ ինչի հետ կարող է կապված լինել (ամուսնացած չեմ, հղիությունը բացառվում է)։ Հնարավո՞ր է՝ կլիմաքս է սկսվում: Նախապես շնորհակալություն։
Պատասխան՝ Կլիմաքսի տարբերակը հնարավոր է, սակայն այն պետք է կամ հաստատվի, կամ հերքվի։ Հնարավոր է՝ հորմոնալ ֆոնի փոփոխություն լինի, որը շատ հեշտ ենթարկվի կորեկցիայի։ Դիմեք գինեկոլոգ-էնդոկրինոլոգի։
Անուն՝ Շուշան
Հարց՝ Բարև Ձեզ, հնարավո՞ր է երեխայի սեռը որոշել նախքան հղիությունը: Շնորհակալություն։
Պատասխան՝ Հաշվարկի միջոցով 100 տոկոսով սեռի որոշում հնարավոր չէ։
Անուն՝ Արփուշ
Հարց՝ Բարև Ձեզ, բժիշկ, ներարգանդային պարույր տեղադրելը, այնուհետև հանելը վտանգավո՞ր է հետագայում երեխաներ ունենալու համար։
Պատասխան՝ Ներարգանդային պարույրի տեղադրումն ունի իր հակացուցումները, դրանց բացակայության դեպքում պարույրի կիրառումը ոչ մի վտանգ չի ներկայացնում։
Անուն՝ Տաթև
Հարց՝ Բարև Ձեզ, ինձ մոտ 4 շաբաթական հղիություն է, ունեմ արյունային արտադրություն։ Հիմա բժիշկների հսկողության տակ եմ, ընդունում եմ գլյուկոզա, սիստեմա, դյուֆաստոն և ֆոլաթթու։ Այս պարագայում հղիությունը փրկել հնարավո՞ր է։
Պատասխան՝ Արյունային արտադրությունը հղիության ժամանակ հանդիսանում է հնարավոր վիժման նախանաշան, սակայն դա չի նշանակում, որ հենց այդպես էլ լինելու է։ Դուք գտնվում եք հսկողության տակ, և ամեն ինչ պատշաճ կերպով արվում է՝ հղիության պահպանման համար։
Անուն՝ Անանուն
Հարց՝ Հարգելի՛ բժիշկ, հղիության առկայության դեպքում ե՞րբ պետք է այցելել բժշկի (հղիությունս հիմա 4 շաբաթական է)։
Պատասխան՝ Թեսթի դրական արդյունքից հետո արդեն կարող եք այցելել բժշկի՝ հետագա ընթացքի համար ցուցումներ ստանալու։
Անուն՝ Քրիստինե
Հարց՝ Բարև Ձեզ, ցանկանում էի իմանալ, թե երբ է սկսվելու իմ պտղաբեր օրերը։ Վերջին դաշտանս եղել է մարտի 8-ին, որին հաջորդողը ապրիլի 5-ին էր։
Պատասխան՝ Օվուլյացիան լինում է 12-16 օրերի ընթացքում՝ կախված ցիկլի տևողությունից։ Ավելի ստույգ պարզելու համար կարող եք անցնել ֆոլլիկուլոմետրիա կամ դիմել օվուլյացիոն թեստի օգնությանը։



