Շենգավիթ ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Ռուսուդան Ս. Վարդանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին:
Անահիտ
Հարց: Երկրորդ երեխայիս ծննդաբերությունից անցել է մեկ և կես տարի, ունեցել եմ արտաքին և ներքին կարեր, մինչ օրս սեռական հարաբերության ժամանակ արտաքին կարերի հատվածում ցավեր ունեմ, ի՞նչ անեմ:
Պատասխան: Հարգելի Անահիտ, դիմեք գինեկոլոգի խորհդատվության համար: Նման վիճակի հեռակա գնահատականը և խորհուրդները անհնարին են: Բժիշկը պետք է զննի Ձեզ:
Վարդուհի
Հարց: Ես 26 տարեկան եմ, արդեն 7 ամիս է կերակրում եմ երեխայիս: Վերջին մեկ ամիսը տալիս եմ հավելյալ սնունդ և կուրծք ուտում է եմ 5-6 ժամը մեկ, բայց դեռ դաշտան չի սկսվել: Արդյո՞ք դա նորմալ է և կապված չէ այլ հորմոնալ խանգարումների հետ:
Պատասխան: Հարգելի Վարդուհի, Ձեր վիճակը կոչվում է լակտացիոն ամենոռեա, երբ կերակրելու ընթացքում կինը դաշտան չի տեսնում: Դա բնական է և անհանգստանալ պետք չէ: Դաշտանային ցիկլը կվերականգնվի կերակրելը էլ ավելի պակասացնելու կամ դադարացնելու ժամանակ:
Մանե
Հարց: Իմ արյունը 3-րդ բացսական է, և 1-ին հղիությունս ընդհատվել է, սակայն ինձ ներարկել են անտիռեզուս իմմունոգլոբուլին, արդյո՞ք 2-րդ հղիության ընթացքում էլ ներարկման անհրաժեշտություն կա: Շնորհակալություն:
Պատասխան: Հարգելի Մանե, հակառեզուս իմմունոգլոբուլինը ներարկվում է և վիժումներից հետո, և ավելի հաճախակի ծննդաբերությունից հետո: Եթե Ձեր նորածին բալիկը ունենա ռեզուս դրական արյուն, և Ձեր ռեզուս բացասական հակամարմինների տիտրը ծննդաբերությունից հետո հավասար լինի զրոյի, հակառեզուս իմմունոգլոբուլինը կներարկվի: Եթե երեխան ունենա ռեզուս բացասական արյուն, ապա իմմունոգլոբուլինը չի ներարկվում:
Թեհմինե
Հարց: Խնդրում եմ ասեք`որքանո՞վ է վտանգավոր «դեղին մարմնի» քիչ լինելը և ինչպես անել,որ այն նորմային հավասարվի:
Պատասխան: Հարգելի Թեհմինե, Ձեր հարցն անհասկանալի է, պարզաբանեք խնդրեմ, թե ինչ խնդիր ունեք:
Սիմա
Հարց: Ես 22 տարեկան եմ, ամուսնացած եմ: 2 տարի է ինչ ուզում ենք երեխա ունենալ, բայց չի ստացվում: Սկսեցի բուժվել, դիմեցի գինեկոլոգի, սկզբի համար ուղարկեց ֆոլիկուլյամետրի, պարզվեց` մոտս ձվազատում չի լինում,այսինքն ֆոլիկուլը հասունանում է մինչև վերջ,բայց չի պայթում: Նշանակեց Լինդինետ 20,խմեցի 3 ամիս, վերջացնելուց հետո նշանակեց Դյուֆաստոն 10 օր մի կոճակով,հիմա նորից գնում եմ ֆոլիկուլյամետրի, ձվաբջիջը հասունանում է, դեռ չի պայթել, բայց դեռ խմում եմ դյուֆաստոն: Խնդրում եմ ասեք` կո՞գնի ձվազատմանը: Ասեք խնդրում եմ, դա լո՞ւրջ խնդիր է:
Պատասխան:Հարգելի Սիմա, ինչպես հասկացա Ձեր գրածից, չհղիանալու միակ խնդիրը ձվազատման բացակայությունն է: Առանց ձվաբջջի բեղմնավորումն անհնարին է: Դա լուրջ խնդիր է: Բժշկական էթիկան ինձ թույլ չի տալիս քննարկել ուրիշ բժշկի նշանակումները:
Մանուշ
Հարց: Իմ արյուն 1-ին բացասական է, ամուսնուս`4-րդ դրական, ունեմ 2 աղջիկ, կարո՞ղ եմ տղա ունենալ ու ե՞րբ:
Պատասխան: Հարգելի Մանուշ, Դուք կարող եք ցանկացած ժամանակ և ցանկացած սեռի երեխա ունենալ անկախ Ձեր և Ձեր ամուսնու արյան խմբերից:
Շողիկ
Հարց: Մոտավորապես երկու ամիս կլինի, ինձ մոտ սեռական օրագանների ու հետանցքի անտանելի քոր է սկսվել, չգիտեմ ինչից սկսվեց կամ ինչն էր պատճառը: Ամուսնուս հետ հարաբերություն ունենում ենք միայն պաշտպանվելով, իր մոտ ամեն ինչ նորմալ է, միայն ինձ մոտ է այդ տհաճ երևույթը: Ամուսինս խորհուրդ է տալիս բժիշկի գնալ, բայց ամաչում եմ: Խնդրում եմ օգնեք, եթե ինձ մոտ կանացի խնդիրներ կան, դա կարո՞ղ է հետանցքի քոր առաջացնել:
Պատասխան: Հարգելի Շողիկ, հետևեք Ձեր ամուսնու խորհրդին և դիմեք գինեկոլոգի: Կանացի խնդիրները կարող են առաջացնել և հետանցքի շրջանի քոր:
Լիլի
Հարց:Ես դաշտանից 2-3 օր առաջ ունենում եմ ցավեր գոտկատեղի շրջանում:Նաև դաշտանը ուշանում է 4-5 օր ու տևում է 4-5 օր, արդյո՞ք դա նորմալ է, իսկ եթե ոչ, այն կարո՞ղ է հանգեցնել չբերության: Նշեմ որ 18 տարեկան եմ, ամուսնացած չեմ, կույս եմ:
Պատասխան: Հարգելի Լիլի, եթե դաշտանը տևում է 4-5 օր, դա նորմալ է: Եթե դաշտանը նոր է սկսել ուշանալ, ապա դա հորմոնալ խանգարման նշան է: Եթե Ձեր դաշտանային ցիկլի տևողությունը միշտ է կազմել 28 օրից ավել, ապա դա էլ է նորմալ: Սակայն Ձեզ անհրաժեշտ է դիմել գինեկոլոգի նկարագրած ցավերի պատճառը պարզաբանելու համար: Ինչ վերաբերում է ապագային, ապա հնարավոր չէ ասել կհղիանաք Դուք, թե ոչ միայն հիմնվելով նկարագրածի վրա:
Անի
Հարց: Ամուսնացած եմ արդեն 5 տարի, ունեմ 3,5 տարեկան տղա երեխա: Ուզում եմ նորից մայրանալ, սակայն չեմ հղիանում: Ասեմ, որ երբեք չենք պաշտպանվել, և դաշտանային ցիկլիս հետ կապված խնդիրներ չեմ ունեցել, առհասարակ սեռական ոչ մի խնդիր չեմ ունել: Կասեք` ինչի՞ց է, որ չեմ հղիանում:
Պատասխան: Հարգելի Անի, Ձեզ անհրաժեշտ է դիմել մասնագիտացված կլինիկա անպտղության պատճառը պարզելու համար, օրինակ, «Շենգավիթ» ԲԿ-ի Մարդու վերարտադրողական առողջության բաժանմունք:
Վարսենիկ
Հարց: Հարգելի մասնագետ, խնդրում եմ ասեք, Ձեր կարծիքով կարելի՞ է նախապես պլանավորել երեխայի սեռը:
Պատասխան: Հարգելի Վարսենիկ, երեխայի սեռի պլանավորման գիտական հիմքեր չկան:
Լիլիթ
Հարց: Բարև Ձեզ, 3 տարի է, ինչ ամուսնացած եմ, երբևէ հղիություն չեմ ունեցել, ամուսնուս հետ միասին անցել ենք բազում հետազոտություններ, արդյունքները եղել են դրական: Հնարավո՞ր է արդյոք գերհոգնածությունը, լարվածությունն ու սթրեսները անպտղության պատճառ հանդիսանան:
Պատասխան: Հարգելի Լիլիթ,եթե բոլոր այլ պատճառները բացառվում են, ապա գերհոգնածությունը, լարվածությունն ու սթրեսները կարող են բերել անպտղության, սակայն դա քիչ հավանական է: Ես ավելի հակված են մտածել, որ Դուք լիովին չեք հետազոտվել: Խորհուրդ եմ տալիս դիմել անպտղության խնդիրներով զբաղվող մասնագիտացված կլինիկա, օրինակ, «Շենգավիթ» ԲԿ-ի Մարդու վերարտադրողական առողջության բաժանմունք:
Լիանա
Հարց: Ծննդաբերելուց հետո ի հայտ են եկել առողջական որոշակի խնդիրներ: Գինեկոլոգի մոտ այցից հետո նա ասաց, որ ունեմ հեշտոցի պատի իջեցում: Խնդրում եմ, օգնեք ինձ հասկանալ` դա կխանգարի արդյո՞ք հաջորդ ծննդաբերությանը, երիտասարդ ամուսիններ ենք, դեռ մեր առաջնեկին եմ լույս աշխարհ բերել և ցանկություն ունեմ հետագայում ևս բալիկ ունենալ, բայց վախը, որ կարող է հաջորդ ծննդաբերությունը ճակատագրական լինել,ինձ հանգիստ չի թողնում:
Պատասխան: Հարգելի Լիանա, մի վախեցեք երկրորդ երեխա ունենալուց: Հեշտոցի պատի իջեցումը չի խանգառի ոչ Ձեր հաջորդ հղիությանը, ոչ էլ ծննդաբերությանը: Պարզապես ամեն հաջորդ ծննդաբերությունից հետո իջեցումը կարող է խորանալ: Երբ ավարտեք Ձեր ռեպրոդուկտիվ ֆունկցիան, ապա կարող եք անել հեշտոցի պատերի պլաստիկ վիրահատություն:
Նառա
Հարց: Երեխաս 1.2 տարեկան է, կրծքից կտրել եմ, դեղ եմ խմում, որ կաթ չարտադրվի, Կամֆորայի յուղ եմ քսում, բայց դեռ կուրծքս քարացած է: Ի՞նչ կարող եմ անել: Կանխավ շնորհակալ եմ:
Պատասխան: Հարգելի Նառա, դիմեք բժշկին, միգուցե անհրաժեշտ է փոխել դեղորայքը:
Արգինե
Հարց: Ես արդեն 3 ամիս է ինչ ծննդաբերել եմ, բայց հարաբերությունից հետո ունենում եմ արյունային արտադրություն: Կարո՞ղ եք ասել ինչից կլինի դա: Նախապես շնորհակալություն:
Պատասխան: Հարգելի Արգինե, դիմեք գինեկոլոգի մանրակրկիտ խորհրդատվություն ստանալու համար: Ձեր գանգատը կարող է կապված լինել ինչպես հեշտոցաբորբերի, այնպես էլ արգանդի և հեշտոցի լորձաթաղանթի խնդիրների հետ:
Մարինա
Հարց: Ինձ մոտ հայտնաբերել են կիստա, որից հետո իմացել եմ, որ 7-8 շաբաթական հղի եմ, իսկ կիստայի չափսը 4-4.5սմ է: Բժիշկը չի ասել, թե ինչ տեսակի կիստա է: Արդյո՞ք դա վտանգավոր է հղիության համար: Երեխային վտանգ սպառնո՞ւմ է:
Պատասխան: Հարգելի Մարինա, հավանաբար Ձեզ մոտ առաջացել է «դեղին մարմնի» կիստա, որը չի խանգարելու հղիության զարգացմանը և չի ազդելու երեխայի առողջության վրա: Սակայն, եթե կիստան եղել է մինչև հղիությունը, ապա նա այլ բնույթի գոյացություն է: Հետևեք կիստայի չափսերին, եթե նվազեն, ապա դա իսկապես «դեղին մարմնի» կիստա է:
Անուշիկ
Հարց: Ես ու ամուսինս ունենք երեք տարեկան աղջիկ, սակայն էլ չի ստացվում նորից հղիանալ: Անցանք հետազոտություններ, պարզվեց, որ ամուսնուս մոտ կա ձվարանում երակի լայնացում` վարիկոզ: Արդյո՞ք դա լուրջ խնդիր է: Արդյո՞ք դեղորայքով կանցնի:
Պատասխան: Հարգելի Անուշիկ, վարիկոցելեն (տղամարդու ձվիկի անոթների վարիկոզ լայնացում) կարող է անպտղության պատճառ լինել: Սովորաբար այն բուժվում է վիրահատական եղանակով: Սովորաբար ամուսնու վիրահատությունից հետո կանայք բավականին արագ հղիանում են:
Արփինե
Հարց: Ես ունեմ ձվազատման խնդիր, 2 անգամ Պրեգնիլ են սրսկել, սակայան այն մնացել է նույն չափի և վերջապես պայթել է ֆիզոթերապիայի միջոցով, սակայն հղիություն տեղի չի ունեցել: Հնարավո՞ր է, որ նորից լինի նույն խնդրիը: Նշեմ, որ այս խնդիրը կապում են պրոլակտին հորմոնի հետ, բայց ես այն վերահսկում եմ Դոստինեկսի օգնությամբ:Կարո՞ղ է ուրիշ խնդիրներել լինել: Նշեմ, որ կանացի ոչ մի բորբոքում և իֆեկցիա երբևէ չեմ ունեցել: Նախապես շնոհակալություն
Պատասխան: Հարգելի Արփինե, Դուք ունեք որոշակի հորմոնալ խնդիրներ, որոնք խանգարում են ձվազատմանը: Խորհուրդ եմ տալիս դիմել անպտղության խնդիրներով զբաղվող մասնագիտացված կլինիկա, օրինակ, «Շենգավիթ» ԲԿ-ի Մարդու վերարտադրողական առողջության բաժանմունք:
Սոնա
Հարց: Ես 1 տարի է ամուսնացել եմ ու բնակվում եմ Ռուսաստանի Դաշնությունում: Այստեղ անցել եմ ուլտրաձայնային հետազոտություն: Բժիշկն ասաց, որ խնդիր չունեմ, սակայն հանձնել եմ ցիտոմեգալովիրուսի ու ուրեապլազմայի անալիզ:Ու ինձ մոտ հայտնաբերվել են այդ երկու վիրուսները:Ուզում եմ ինձ ասեք, թե որքան են այս վիրուսները խանգարում են հղիանալուն: Եվ կխնդրեի ասեիք այն դեղորայքների անունները, որոնք պետք են այս վիրուսների համար: Մեկ հարց ևս: Որքանո՞վ է արգանդի պոլիպը վտանգավոր: Շնորհակալություն
Պատասխան: Հարգելի Սոնա, ցիտոմեգալովիրուսը չի խանգառում հղիանալուն, սակայն սուր վարակը ախտահարում է պտղին: Ինչ վերաբերում է ուրեապլազմային, ապա այն կարող է խանգարել հղիանալուն, դա կախված է ախտահարման աստիճանից: Դեղորայքը նշանակվում է բժշկի կողմից` այցի ժամանակ, այլ ոչ թե հեռակա կարգով: Արգանդի լորձաթաղանթի պոլիպը լուրջ խնդիր է և պահանջում է բուժում, մեծամասամբ վիրահատական:
Անի
Հարց: Հարգելի բժիշկ, ես 22 տարեկան եմ, ունեմ 1 տարի 6 ամսական բալիկ, հիմա նորից հղիացել եմ, բայց ինձ թվում է, որ շատ շուտ է: Խնդրում եմ ասեք` եթե խմեմ Սայտոտեկ առանց բժշկի հսկողության, կարո՞ղ եմ ազատվել անցանկալի հղիությունից, իսկ եթե ոչ, ի՞նչ կարող եմ խմել: Նշեմ, որ հղիությունս իմ հաշվարկով 4-5շաբաթական է:
Պատասխան: Հարգելի Անի, դեղորայքային աբորտը /հղիության դեղորայքային ընդհատումը/ կազմակերպվում է գերձայնային հետազոտությունից հետո, բժշկական հաստատության պայմաններում, այլ ոչ թե հեռակա կարգով: Ներողություն եմ խնդրում, բայց չեմ կարող լիովին պատասխանել Ձեր հարցին: Սայտոտեկի օգտագործումն առանց բժշկի նշանակման վտանգավոր է:
Աննա
Հարց: Ես 2 շաբաթական հղի եմ: Առանց իմացության մեծ քանակությամբ ալկոհոլ եմ օգտագործել: Արդյո՞ք դա վնաս չէ պտղին։
Պատասխան: Հարգելի Անի, ալկոհոլը բացասական է ազդում պտղի վրա, կարող է բերել արատների: