Հարցերին պատասխանում են ՀՀ ԱՆ աշխատակազմի դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության մասնագետները:
Ու՞մ է տրամադրվում անվճար դեղորայք:
ՀՀ կառավարության 23.11.2006թ. N 1717-Ն որոշման և ՀՀ առողջապահության նախարարի 27.01.2005թ. N 74-Ն հրամանի համաձայն` բնակչության սոցիալապես անապահով խմբերին, այդ թվում 0-7 տարեկան երեխաներին, անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղերով ապահովում է սպասարկող պոլիկլինիկան` համապատասխան մասնագետի նշանակմամբ:
Ո՞ր դեղերն են տրամադրվում անվճար:
Դեղերի դուրս գրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2007 թվականի մայիսի 16-ի N 854-Ն հրամանով` հաստատված «Հայաստանի Հանրապետության հիմնական դեղերի ցանկին» համապատասխան: Եթե ելնելով հիվանդությունից հիվանդին բժշկի ցուցումով նշանակվել է Հիմնական դեղերի ցանկում չընդգրկված դեղ, ապա ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպության տնօրենի հրամանով ստեղծվում է հանձնաժողով, որի եզրակացության հիման վրա դուրս է գրվում դեղ` «Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղերի պետական գրանցամատյանի (ռեեստրի)» ցանկից:
Ո՞ր դեպքում են տրամադրվում և ի՞նչ քանակությամբ:
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 23.11.2006թ. N 1717-Ն որոշման 2-րդ հավելվածը` որոշակի քրոնիկական հիվանդություններով տառապող հիվանդ երեխաներին դեղերը կարող են տրամադրվել անկախ տարիքից և հաշմանդամության կարգավիճակից, օրինակ` պարբերական հիվանդության դեպքում` կոլխիցին, էպիլեպսիայի դեպքում` հակացնցումային, շաքարային դիաբետի դեպքում` հակադիաբետիկ, ֆենիլկետոնուրիայի դեպքում` ֆենիլալանին չպարունակող մանկական սնունդ:
Արդյո՞ք հարկավոր է ներկայացնել որևէ փաստաթուղթ դեղերը ստանալու համար:
Դեղեր նշանակելու համար անհրաժեշտ է ծննդյան վկայականը, հիվանդանոցային կազմակերպության կողմից տրված հիվանդության պատմությունից գրված քաղվածքը (էպիկրիզը): Միաժամանակ անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր նշանակելիս հիմք է ընդունվում նաև ամբուլատոր քարտում առկա ախտորոշումը:
Ի՞նչ անել, երբ բուժհաստատությունը մերժում է դեղերի տրամադրումը կամ տրամադրում է ոչ բավարար քանակությամբ:
Երեխային դեղերը չտրամադրելու վերաբերյալ բողոքն անհրաժեշտ է ուղղել ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատության տնօրենին կամ տվյալ բժշկական կազմակերպության հիմնադիր հանդիսացող պետական և տեղական կառավարման մարմիններին: