«Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին պատասխանում է «Բեգլարյան» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Տաթևիկ Դավթյանը։
Անուն` Արմինե
Հարց` Բարև Ձեզ։ Ունեցել եմ երիկամների հետ կապված խնդիր և խմել «Ցիպրոֆլոքսացին», նաև «Ֆուրալգին»` ցիստիտի համար։ Այդ ընթացքում տեղյակ չեմ եղել, որ հղի եմ: Հնարավո՞ր է, որ դեղերն ընդունելն ազդի 15 օրական սաղմի վրա:
Պատասխան՝ Երբ վաղ ժամկետում ունենում ենք վնասակար գործոնի ազդեցություն, հղիին առաջարկում ենք հսկողություն: Պետք է վերահսկել վիճակը, հասկանալ` պտուղը նորմալ զարգանու՞մ է, թե՞ ոչ: Եթե սրտի բաբախյունը նորմալ է, ժամկետին համապատասխան պտուղը զարգանում է, ուրեմն վնասակար գործոնի ազդեցությունը շրջանցել ենք: Անհրաժեշտ է սպասել և անպայման հետևել: Վնասակար գործոնի ազդելու դեպքում կունենանք ինքնաբեր վիժում կամ չզարգացող հղիություն:
Անուն` Անի
Հարց` Հարգելի՛ բժիշկ, երեխաս 6 ամսական է և 4 ամսականից արդեն նրան տվել եմ արհեստական կաթնախառնուրդներ: Խնդիրն այն է, որ 6 ամիս է` դաշտան չեմ տեսնում: Դա նորմա՞լ է, թե ոչ:
Պատասխան՝ Կարևոր է հասկանալ, թե առաջին չորս ամիսն ինչ ձևով է կատարվել կրծքով կերակրումը և ինչ ինտենսիվությամբ: Ընդհանրապես, կրծքով կերակրումը դադարեցնելուց հետո դեռևս 4-6 ամիս կարելի է սպասել դաշտանային ցիկլի կարգավորմանը: Այս պարագայում պետք է պարտադիր բացառել հղիությունը, քանի որ շատ հնարավոր է` դաշտանի բացակայության ժամանակ նույնպես հղիություն արձանագրվի: Այնուամենայնիվ, եթե ունեք անհանգստություն, կարող եք կատարել սոնոգրաֆիա:
Անուն` Սեդա
Հարց` Բարև Ձեզ: Հղիության երկրորդ ամիսն է, և ինձ լավ չեմ զգում։ Ունեմ գլխապտույտ, ճնշման իջեցում մինչև 80/50, սրտխփոց, մի փոքր քայլելուց հետո հևոց է սկսվում։ Հեմոգլոբինի մակարդակը 114 է։ Բժիշկս ասում է, որ նորմալ է իմ վիճակում, բայց ես իրոք ինձ վատ եմ զգում։ Ի՞նչ անեմ։ Նախապես շնորհակալություն:
Պատասխան՝ Ձեր նշած գանգատները հղիության վաղ շրջանին բնորոշ են, մասնավորապես` գլխապտույտը, ընդհանուր թուլությունը, ճնշման անկումը: Պետք է լիարժեք դարձնեք կյանքը, օգտագործեք առողջարար և վիտամիններով հարուստ սնունդ, կարգավորեք քնի ռեժիմը, լինեք հաճելի մթնոլորտում: Սակայն սրտխփոցի ու հևոցի համար ճիշտ կլինի դիմել թերապևտի, անցնել զննություն: Գուցե անհրաժեշտ լինի կատարել սրտի սոնոգրաֆիա:
Անուն` Արփինե
Հարց` Բարև Ձեզ: Ուզում եմ իմանալ, թե որքանով է ճիշտ երեխայի սեռի որոշումն արյան անալիզի միջոցով: Անալիզը կարո՞ղ է սխալ ցույց տալ:
Պատասխան՝ Արյան անալիզի միջոցով պտղի սեռի որոշումը բարձր արդյունավետություն ունի: Բայց, իհարկե, կա որոշակի համանականություն, որ արդյունքը սխալ լինի: Ճիշտ պատասխանից շեղման հավանականությունը կարող է կազմել հինգ տոկոս: