«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:
Քրիստ
Հարց: Բարև Ձեզ: Աղջիկս 4 տարեկան է, հաճախում է մանկապարտեզ: Սկզբնական շրջանում ուրախ էր գնում: Երբ գրիպով հիվանդացավ, 1 շաբաթ չգնաց, իսկ հիմա չի ուզում գնալ, ասում է՝ ինձ հետ պիտի մնաս: Ստիպված խաբում եմ, այլապես լացում է ամբողջ ճանապարհին ու շատ դժվար է բաժանվում ինձնից: Մի փոքր լացելուց հետո հանգստանում է, մասնակցում է խաղերին: Նշեմ, որ դաստիարակները շատ բարեհամբույր են, ամեն ինչ իր ուզածով են անում: Ի՞նչ խորուրդ կտաք:
Պատասխան
Եթե լաց լինելուց հետո շատ արագ խաղաղվում է, ապա շարունակեք տանել: Պարզապես տանը հաճախակի խոսեք այդ մասին, որ ինքը գնալու է պարտեզ, որ լավ է անցկացնելու օրը, որ հետո դուք իրեն վերցնելու եք, որ… որ… որ…: Օգնեք, որ երեխան մտովի անընդհատ ապրի այդ պահը, ինչպես նաև պարտեզ գնալը չվերածվի պրոբլեմի, այլ լինի ձեր կյանքի անբաժանելի և սովորական մասը: Զրուցեք, քննարկեք պարտեզի հետ կապված հարցեր, իրեն մասնակից դարձրեք դրանց: Պատմեք իրեն, թե ինչ եք անում իր բացակայության ժամանակ, ցույց տվեք, որ ինքը շատ կարևոր բան է անում՝ պարտեզ գնալով: Ինչ էլ լինի, միշտ մնացեք անդրդվելի այն հարցում, որ ինքը պիտի գնա, այսինքն՝ մի քննարկեք չգնալու հարցը: Եթե կզգաք, որ երեխան իսկապես տանջվում է պարտեզում, դա ուրիշ հարց է:
Անժելա
Հարց: Տղաս 5 տարեկան է. երբ վազում կամ խաղում է, սկսում է գոռալ: Ամբողջ օրը գոռալով ու խաղալիքները կոտրելով է անցկացնում: Հիմա դպրոց է գնում՝ 0 դասարան է, շատ է սիրում դպրոցը, մեծ հաճույքով է գնում, լավ է սովորում, բայց երբ դասերը վերջանում են, նորից սկսում է կոտրել ու գոռալ: Նշեմ, որ տղաս փոքր հասակից շատ չար է եղել: Ի՞նչ անեմ, խնդրում եմ՝ մի խորհուրդ տվեք:
Պատասխան
Գոռալը, կոտրելն ագրեսիվության դրսևորումներ են: Պետք է հասկանալ՝ որտեղից է առաջանում այդ ագրեսիան: Ավելի գրագետ կլինի մեկ անգամ դիմել մանկական հոգեբանի, որովհետև այսպես հնարավոր չէ կռահել, թե ագրեսիան ինչից է և ինչպես է պետք դա հաղթահարել: Բացի ագրեսիան, դա կարող է լինել պարզապես ամրապնդված վարք: Այսինքն՝ մի քանի անգամ արել է, դրան արձագանքել են մեծերը՝ բարկացել, պատժել, և այդ վարքն ամրապնդվել է: Դադարե՛ք ամրապնդել այդ վարքը, հնարավորինս շեղեք և անտեսեք:
Լուսինե
Հարց: Հարգելի՛ հոգեբան, երեխաս 5 տարեկան է: Վերջերս ունեցա երկրորդ բալիկին, որը մահացավ. բնածին արատով էր ծնվել: Աղջիկս անհամբեր սպասում էր քրոջ ծննդին, ու հիմա, երբ քույրիկը մահացել է, ինքը շատ տարօրինակ վարքագիծ է ձեռք բերել: Ամեն բանից լացում է, իր ուզածին չհասնելուց՝ հուզվում: Ես իր հետ խոսել եմ մինչ փոքրիկի մահը՝ ասելով, որ մեր քույրիկը շատ հիվանդ է, իսկ մահանալուց հետո ասացի, որ ինքն այժմ մեզ հետ չէ, այլ Հիսուսի մոտ: Աղջիկս, կարծես, նորմալ ընդունեց: Երբեմն հիշում ենք քույրիկին, ու ասում եմ, որ քույրը իրեն շատ էր սիրում: Արդյո՞ք պետք է վարքի փոփոխությունը կապեմ քրոջ մահվան հետ, թե՞ ոչ: Ինչպե՞ս վարվեմ:
Պատասխան
Երեխայի վարքի կտրուկ և անհասկանալի փոփոխությունները խոսում են նրա հոգեկան ապրումների, հոգեբանական վիճակի փոփոխությունների մասին: Շատ հնարավոր է, որ քույրիկի մահվան հետ է կապված, բայց վստահ չենք կարող ասել: Պետք է մասնագետը տեսնի և մի քիչ ավելի մանրամասն ուսումնասիրի իրավիճակը: Լավ կլինի, որ միասին այցելեք հոգեբանի:
Մարինե
Հարց: Բարև Ձեզ, իմ երեխան 9 ամսական է: 2 -3 ամիսը մեկ գիշերային քնի մեջ լացում է, և չենք կարողանում արթնացնել: Նա լրիվ թուլանում է և ձայնը փոխված է լացում՝ կամ ճչում է կամ նվվում՝ կարծես ցավից: Դա տևում է 15 րոպե և ավելի: Փորձել եմ ջուր ցողել, անգամ թշիկներին եմ հարվածել, ոչինչ չի օգնում: Խնդրում եմ, մի խորհուրդ տվեք, ի՞նչ կարող եմ անել, որ չկրկնվի, և ինչի՞ց այն կարող է առաջանալ. հնարավո՞ր է՝ լուսնորդություն լինի:
Պատասխան
Քնի խանգարումները հիմնականում երեխայի ներքին լարվածության հետ են կապված՝ այն տագնապների, որ երեխան ունենում է ցերեկը, բայց չի կարողանում յուրացնել, մարսել, և դրանք սկսում են դրսևորվել գիշերը: Փորձեք ցերեկը հնարավորինս նվազեցնել երեխայի տագնապը, անհանգստանալու և վախենալու առիթները: Եթե երեխան լարվելու առիթներ քիչ ունի, ապա ուշադրություն դարձրեք Ձեր հույզերին՝ որքանո՞վ եք լարված դաստիարակում երեխային, որքանո՞վ եք վստահ և ապահով զգում ձեզ երեխայի հետ կապված հարցերում: Եթե չգտնեք պատճառներ, ապա դիմեք մասնագետի, որպեսզի տեղում հասկանաք և լուծեք խնդիրը: Երբեմն դրա համար մեկ հանդիպումը բավարար է լինում: Այստեղ անհրաժեշտ է ծնողների խորհրդատվությունը:
Ջուր ցողել, հարվածել, բղավել երեխային արթնացնելու համար՝ պետք չէ: Ավելի լավ է՝ թույլ տվեք, որ ինքն իրեն արթնանա: Կարող եք ցերեկը նրա հետ մի «բանալի» բառ պայմանավորվել, որ եթե այդ բառն ասեք, ինքը կարթնանա: Պարբերաբար դրա մասին խոսելով, հիշելով ու պայմանավորվելով՝ երեխայի համար դա դառնում է ռեֆլեքսի նման մի բան: Ասենք՝ պայմանավորվում եք, որ այդ լացի ժամանակ դուք իրեն ասելու եք՝ վերջ, դա երազ է, արթնացիր, ու ինքը պիտի արթնանա: Ամեն անգամ դա կրկնելով՝ աստիճանաբար երեխայի մոտ կձևավորվի այդ բառերին արձագանքելու ձև՝ արթնանալը:
Գրետա
Հարց: Բարև Ձեզ, իմ բալիկը 3 ամսական է, վերջին շրջանում պարբերաբար (շաբաթը 3 անգամ ) քնից վեր է թռնում և սաստիկ լաց լինում, տպավորություն է, որ մղձավանջային երազ է տեսնում:
Ասացեք, խնդրում եմ, դա նորմա՞լ է համարվում, թե՞ ոչ: Ինչպե՞ս կարող ենք պայքարել այդ երևույթի դեմ:
Պատասխան
Կարդացեք նախորդ հարցի պատասխանը:
Մարի
Հարց: Բարև Ձեզ, հարգելի հոգեբան: Ես ունեմ 3 տարեկան տղա, նա իմ միակ երեխան է: Ես և ամուսինս գրեթե ամեն ինչ արել ենք նրա համար: Հիմա երեխայիս մոտ բնավորություն է դարձել այն, որ խանութում ինչ ցանկանա, պետք է գնենք: Երբեմն մեզ վատ դրության մեջ է գցում խանութում, գոռում է, լացում: Ոչ մի կերպ չեմ կարողանում փոխել այդ վարքագիծը: Խնդրում եմ Ձեզ, խորհուրդ տվեք՝ ինչպե՞ս վարվեմ երեխայիս հետ:
Պատասխան
Երեխայի մոտ կամակորություն է դրսևորվում. եթե դուք իրեն ցույց եք տվել, որ ինքը ձեր տերն է, ու ինչ ուզի, պիտի անեք, ապա նա պիտի դա պահանջի այնքան ժամանակ, քանի դեռ կարող է: Հիմա դուք պետք է աստիճանաբար իրեն ցույց տաք, որ տան տերերը դուք եք, և դուք եք որոշում՝ ինչ պիտի գնվի, որքան և երբ: Առողջ երեխա մեծացնելու կարևոր պայման է, որ երեխան իրեն զգա ուժեղ ծնողների հովանու տակ: Չի կարելի դա անել ագրեսիայով, այսինքն՝ իշխանությունը կոպիտ ձևով ցույց տալով, պարզապես պետք է երեխային ցույց տալ, որ իր կարծիքը հարգելով հանդերձ, այնուամենայնիվ, որոշողը դուք եք:
Արմինե
Հարց: Բարև Ձեզ: Տղաս հինգ տարեկան է, դիտողություն անելիս ոչինչ լուրջ չի ընդունում։ Նույն արարքն անընդհատ կրկնում է։ Դրանից մենք կորցնում ենք ինքնատիրապետումն ու հարվածում։ Գիտենք, որ սխալ ենք վարվում։ Կարո՞ղ եք օգնել , ինչպե՞ս վարվենք։
Պատասխան
Կարևոր է, թե ինչ արարք է գործում երեխան: Երբեմն ծնողների պահանջները լինում են ավելորդ, երբեմն էլ տեղին: Ճիշտ կլինի՝ խորհրդատվություն ստանաք մանկական հոգեբանից, ով կօգնի, որ դուք ավելի լավ հասկանաք երեխային և նրա վարքի կառավարման ավելի արդյունավետ միջոցներ կիրառեք: Չկան պատրաստի խորհուրդներ, թե ինչ անել, որ «չլսող» երեխան դառնա «լսող»: Երեխան այդպիսին է դառնում մի շարք գործոնների արդյունքում, ու դրանք ամեն դեպքում տարբեր են: Պետք է հասկանալ՝ ինչն է երեխային այդպիսին դարձրել, և ինչ է պետք անել դա փոխելու համար: