«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի 31-րդ խմբաքանակին:
Ստեփանյան Աննա
Հարց: Բարև ձեզ, հարգելի հոգեբան, փոքրիկս 1 տարեկան, 9 ամսական է: Ցերեկը քնեցնելիս ստացվում է ինչ-որ բանով զբաղեցնել և պառկեցնել օրորոցում, բայց գիշերը ոչ մի կերպ չի ստացվում. պետք է քնի ձեռքերիս վրա, հետո տեղափոխեմ օրորոց: Փորձել եմ որևէ նոր իր, խաղալիք տալ, զբաղեցնել, բայց չի ստացվում: Դիմադրում է, ճչում, վեր կենում, որևէ կերպ չի ստացվում: Ասեմ նաև, որ շատ հեշտ կտրվեց կրծքից ու գիշերը քնում է հանգիստ, բայց այս խնդիրը լուծել չի ստացվում: Խնդրում եմ օգնել: Նախապես շնորհակալ եմ:
Պատասխան: Եթե երեխան ունի քնի կամ քուն մտնելու խնդիր, անպայման պետք է պարզել պատճառը։ Եթե դուք գտնում եք, որ պատճառը միայն սովորությունն է, ապա պետք է փորձեք աստիճանաբար այլ սովորություններ ձևավորել։ Սկզբի համար կարող եք ձեր անկողնում քնեցնել, քանի որ մինչ այդ գրկում եք քնեցրել: Այս փուլում նա անմիջապես իր օրորոցում չի քնի ։ Սկզբում ձեր կողքին պառկեցնելով փորձեք, ապա՝ դրան սովորելուց հետո, կանցնեք օրորոցում քնեցնելուն։
Լուսինե
Հարց: Բարեւ ձեզ: Փոքրիկս 2 տարեկան, 1 ամսական է: Չեմ կարողանում սովորեցնել գիշերանոթին: Ամեն ինչ ասում է, խոսում է, բայց չի ասում՝ չիշիկ ունեմ: (Սիրելի Լուսինե, խնդրում ենք՝ հաջորդ անգամ հարցը շարադրել հասկանալի հայերենով, որպեսզի մասնագետը կարողանա ընթերցել, «Իմ փոքրիկ»-ն էլ կարողանա ամբողջը հրապարակել):
Պատասխան Հարգելի Լուսինե, դժվարությամբ վերծանեցի ձեր հարցը։ Եթե ճիշտ հասկացա, երեխայի դաստիարակության մեջ ունեք մի շարք դժվարություններ՝ գիշերանոթին սովորեցնելու, ձեզ հետ չափազանց կապվածության, բազմաթիվ վախերի, երեխաների նկատմամբ ագրեսիայի, շփման, սնվելու և այլն։ Այս ամենը վկայում է այն մասին, որ ձեր կողմից կիրառվող դաստիարակչական մոտեցումներն արդյունավետ չեն և համապատասխան չեն երեխայի տարիքին և պահանջներին։ Խորհուրդ եմ տալիս այցելել հոգեբանի և ստանալ մանրակրկիտ խորհրդատվություն երեխայի դաստիարակության և զարգացման խթանման վերաբերյալ։ Օգտակար կլինեն նաև մանկան զարգացման և վաղ մանկական տարիքի հոգեբանության վերաբերյալ տարբեր սեմինարներն ու դասընթացները։
Լուսինե
Հարց: Տղաս արդեն 4 տարեկան է: Ամեն հասարակ բանից լաց է լինում, սովորեցնում եմ հաշվել, բայց չի կարողանում: Խնդրում եմ՝ մի խորհուրդ տվեք:
Պատասխան: Եթե երեխան ամեն հասարակ բանից լաց է լինում, նշանակում է՝ ունի հուզական ոլորտի որևէ խնդիր։ Այդ պարագայում առաջնային է լուծել նրա հուզական ոլորտի խնդիրները, հետո անցնել ինտելեկտուալ զարգացմանը։ Եթե վախենում եք, ուրեմն ունեք դրա համար պատճառներ։ Միայն երեխային տեսնելուց հետո մասնագետը կարող է ձեզ վստահեցնել, որ ամեն բան կարգին է կամ հակառակը։ Վստահ լինելու համար այցելեք մանկական հոգեբանի։
Գոհար
Հարց: Երեխաս 1,5 ամսական է և 6 ամսականից քնելու ընթացքում ծամում է վերմակը: Ի՞նչ խորհուրդ կտաք, ինչպե՞ս կանխեմ այդ սովորույթը:
Պատասխան: Փաստորեն երեխան արդեն 1 տարի է՝ քնելուց ծամում է վերմակը։ Նման կպչուն սովորությունները սովորաբար վկայում են երեխայի լավածության և տագնապի մասին։ Նախևառաջ պետք է վերացնել երեխայի տագնապի աղբյուրը, դրանից հետո մտածել, թե ինչպես կարելի է պայքարել այդ սովորության դեմ։ Ծծակ հավանաբար փորձել եք։
Արաքս
Հարց: Իմ բալիկը 1 տարեկան, 2 ամսական է, ունենք խնդիրներ՝ կապված ախորժակի, կերակրման պրոցեսի հետ: Միշտ դվարությամբ եմ կերակրել , տարբեր տարբերակներ եմ մտածել, բայց վերջերս նույնիսկ գդալ տեսնելիս է արդեն նեղվում և հրաժարվում: Բացի վերը նշվածից, շատ վախկոտ է, անհանգիստ, լարված: Նույնիսկ չեմ կարողանում նրան տալ նշանակված վիտամինները: Չսնվելու արդյունքում փորիկն է ցավում և վախենում նստել գիշերանոթին: Ինչպե՞ս վարվեմ, խնդրում եմ օգնեք:
Պատասխան: Հարգելի Արաքս, չէի ցանկանա ձեզ վախեցնել, սակայն ձեր նկարագրությունը հուշում է, որ երեխայի խնդիրները միայն սննդի հետ չեն կապված։ Ամենայն հավանականությամբ երեխան ընդհանուր լարվածություն ունի, որը կարող է կապված լինել նաև ծնողների հոգեվիճակի՝ կա՛մ հարաբերությունների, կա՛մ ընտանեկան մթնոլորտի հետ։ Հնարավոր է՝ նաև կապված լինի միայն մոր հուզական վիճակի և տագնապայնության հետ։
Ամեն դեպքում, այս պահին խորհուրդ կտայի մի փոքր հանգիստ թողնել երեխայի սննդի ընդունման գործընթացը։ Թույլ տվեք՝ երեխան սով զգա, ինքը ցանկանա ուտել, և տվեք միայն այնքան սնունդ, որքան նա ցանկանում է։ Մի վախեցեք, որ կնիհարի կամ որևէ կերպ կվնասվի։ Երեխաներին ավելի շատ վնասում է պարտադրված և ստիպողաբար տրվող կերակուրն ու այն հանգամանքը, որ նրան թույլ չեն տալիս զգալ սեփական կարիքներն ու պահանջները։ Երեխան ինքը պետք է սովի զգացում ունենա և պահանջի դա այս կամ այն կերպ։
Աննա
Հարց: Բարեւ: Տղաս 12 տարեկան է: Գիշերները միզում է: Խնդրում եմ՝ օգնեք:
Պատասխան: Եթե տղան գիշերամիզություն ունի, ապա դա հաղթահարելու համար պետք է հոգեբանական խորհրդատվություն, այս դեպքում՝ նույնիսկ ընտանեկան խորհրդատվություն։
Աննա
Հարց: Բարեւ ձեզ: Փոքրիկս 3 տարեկան, 9ամսական է: Նյարդային է և թրջում է անկողինը:
Պատասխան: Հարգելի Աննա, կարծեմ թե երկու հարց եք տվել, և դրանք երկուսն էլ վերաբերում են գիշերամիզությանը և ձեր երկու երեխաներին։ Այս դեպքում միանշանակ խորհուրդ եմ տալիս ընտանեկան խորհրդատվություն ստանալ և հոգեբանի հետ համատեղ մշակել հետագա քայլերը։ Երկու երեխաների միևնույն խնդրի առկայությունը վկայում է այն մասին, որ խնդիրն ունի ընտանեկան պատճառներ, և դուք միանշանակ կարող եք լուծել այդ խնդիրները, եթե կամենաք։