«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի տնօրեն Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին։
Անուն՝ Անահիտ
Հարց՝ Բարև Ձեզ: Մեծ աղջիկս 3․5 տարեկան է, շատ դժվարությամբ է քնում, նույնիսկ սենյակում մուլտեր եմ միացնում, չնայած գիտեմ՝ այդքան էլ ճիշտ չեմ անում: Ես կարող եմ ժամերով նրա մոտ լինել, հեքիաթ կարդալ, մի կերպ քնի, բայց հենց հայրն է ասում, խելոք լսում է: Ի՞նչ է դա նշանակում:
Պատասխան՝ Ակնհայտ է, որ ձեզ հետ բալիկն իրեն ավելի հանգիստ է զգում, մի փոքր անպատասխանատու: Հնարավոր է` դուք ավելի մեղմ եք մոտենում, ավելի անհետևողական եք, քան հայրիկը, և նա չի ազդվում ձեր հրահանգներից: Պետք է մի փոքր հաստատակամություն դրսևորեք, հետևողական լինեք պահանջների հարցում: Համեմատեք ձեր ու հայրիկի խոսելաձևը, փորձեք սովորել: Ձեր վարքով ցույց տվեք երեխային, որ տրամադրված չեք երկար նստելուն: Եթե հեքիաթներով շեղվում է, ուրեմն մի կարդացեք քնելուց առաջ:
Անուն՝ Սուսաննա
Հարց՝ Ինչպե՞ս լավացնել հայր-երեխա հարաբերությունները:
Պատասխան՝ Այստեղ կարևոր է, թե ավելի շատ ում կողմից է դիտվում սառնություն: Երկու դեպքում էլ շատ կարևոր են մայրիկի և հայրիկի հարաբերությունները: Եթե ծնողները ջերմ են միմյանց նկատմամբ, չեն թաքցնում իրենց սերը, երբեմն գրկում են իրար երեխայի ներկայությամբ, ջերմ խոսքեր ասում, կիսում են երեքով իրենց ժամանցը, ապա, կարծում եմ, խնդիր չպետք է լինի: Սակայն հաճախ հայրիկներն իրենց զերծ են պահում երեխայի հետ կապված հոգսերից և մանր գործերից: Այդ պարագայում պետք է հայրիկին ամեն կերպ մասնակից դարձնել բալիկի կյանքին ու առօրյա գործերին: Ստեղծեք հոր և երեխայի համար համատեղ զբաղմունք, որը կլինի միայն իրենցը: Խթանեք հոր և փոքրիկի համատեղ զբաղմունքները, օգնեք, որ շփումը շատ լինի նրանց միջև:
Անուն՝ Լալա
Հարց՝ Հարգելի՛ հոգեբան, աղջիկս երեք տարեկան է: Երբեմն եղունգներն է կրծում կամ մատները բերանը տանում, բայց ընդհանուր առմամբ շփվող, ուրախ և շարժուն երեխա է: Կարո՞ղ է դա կապված լինել այն բանի հետ, որ առանց ինձ է մնում տատիկի տանը, մայրիկից բաժանվելու վախ ունի:
Պատասխան՝ Հնարավոր է: Եղունգները կրծելը տագնապի նշան է: Գուցե ճիշտ լինի մեկ անգամ հանդիպել հոգեբանի հետ, առավել մանրամասն քննարկել երեխայի իրավիճակը և գտնել տագնապի պատճառը:
Անուն՝ Արման
Հարց՝ Երեխան բարկանալիս հարվածում է ծնողներին, ապա ինքն իրեն: Հետո զղջում է, ջանում հանգստանալ: Ի՞նչ կարելի է անել:
Պատասխան՝ Լավ նախադեպ չէ, որ երեխան հարվածում է բարկության պահին, և մեծերն էլ հանդուրժում են: Նրա մոտ կարող է ամրապնդվել զայրույթը հարվածով արտահայտելու ձևը: Եթե երեխան զայրանում է այն աստիճան, որ ուզում է հարվածել, պետք է նրան ամուր գրկել կամ ամուր պահել, որ չկարողանա անել դա: Եթե զայրանում է արգելքներից, ապա պետք է բացատրել ընթացքում արգելքի պատճառը, անհրաժեշտությունը, խոսելիս լինել հնարավորինս հանգիստ ու հաստատակամ: Եթե այլ պատճառով է զայրանում կամ ուղղակի ցանկանում է հարվածել, ապա լավ կլինի նրան ցույց տալ՝ ինչին կարելի է հարվածել, օրինակ՝ բարձին, փափուկ խաղալիքին և այլն: Կան ծեծելու և ագրեսիան հանելու համար հարմար ռետինե տիկնիկներ, որոնք նման դեպքերում օգտակար են լինում:



