Sidebar

«Մտահոգվելու կարիք կա՞, եթե սկզբում ծկթում են ժանիք ատամները, ոչ թե կտրիչները»․ պատասխանում է մանկաբույժը

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկաբույժ Սոնա Եգանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին։

 

Անուն՝ Փառանձեմ

Հարց՝ Արդյո՞ք անվնաս է երեխային մշտապես առաջարկել կթիչով վերցրած կրծքի կաթը:

Պատասխան՝ Եթե պահպանվում են հիգիենայի կանոները, ապա վնասակար չէ: Կրծքի կաթի բաղադրությունը չի փոխվում:

 

 

  

Անուն՝ Արմինե

Հարց՝ Իմ փոքրիկը ծնվել է տրված  ժամանակից մի փոքր՝ 20 օր շուտ։ Մոտենում է փոքրիկիս պատվաստելու օրը (այն պատվաստման, որը կատարվում է 1․5 ամսականում)։ Ուզում եմ հասկանալ՝ արժե՞ փոքրիկին տանել պատվաստման, նա պատրաստ կլինի՞, թե՞ նրա տարիքը պետք է հաշվարկել այն ժամանակահատվածով, որ նախատեսված էր ծնվելու համար ի սկզբանե ու դեռևս սպասել, պատվաստումն անել մի քանի շաբաթ հետո:

Պատասխան՝ Երեխան ծնվել է հասուն, այդ իսկ պատճառով իմաստ չունի հետաձգել: Իհարկե, պատվաստումից առաջ երեխան զննվում է տեղամասային մանկաբույժի կողմից: Հակացուցումների բացակայության դեպքում պատվաստում են:

 

 

 

Անուն՝ Անի

Հարց՝ Բարև Ձեզ: Նորմա՞լ է, որ սկզբում ծկթում են ժանիք ատամները, ոչ թե դիմացի կտրիչ ատամները:

Պատասխան՝ Ատամների նորմալ զարգացման դեպքում ծկթում են 20 կաթնատամներ, որոնց թվում՝ 4 ժանիք: Այնպես որ, եթե սկզբից ժանիքն է ծկթել, դա պաթոլոգիա չի համարվում:

 

 

 

Անուն՝ Աստղիկ

Հարց՝ Բարև Ձեզ: Երեխաս 1 տարեկան 7 ամսական է, ամեն օր ուտում է բանան և կաթնաշոռ։ Կարո՞ղ է վնասակար է լինել ամեն օր դա տալը:

Պատասխան՝ Եթե նկատի ունեք օրական մեկ անգամ տալը, ապա խնդիր չէ: