Հարցերին պատասխանում է Շենգավիթ ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Աննա Տողրամաջյանը:
Անուն: Արմինե
Հարց: Բարև Ձեզ: Բալիկս 7 ամսական է: Դաշտան չեմ տեսել, թեստի արդյունքը բացասական է, հարաբերությունների ընթացքում ներթափանցում չի եղել, ունեմ նաև թութքի խնդիր, որովայնի շրջանում թեթև կծկումներ: Հղիությու՞ն է:
Պատասխան: Հարցերին միանշանակ պատասխան հնարավոր չէ տալ, անցեք հղիության թեստ կամ այցելեք բժշկի:
Անուն: Մերի
Հարց: Բարև Ձեզ, ես հաշվառված եմ մարզում, բայց բնակվում եմ Երևանում և ցանկանում եմ հղիության համար համապատասխան անալիզներ հանձնել: Ու՞ր կարող եմ մոտենալ:
Պատասխան: Բարև Ձեզ, կանանց կոնսուլտացիա իրականացնող ցանկացած հաստատություն կարող է հաշվառել Ձեզ և նշանակել համապատասխան հետազոտությունները:
Անուն: Մարիամ
Հարց: Բարև Ձեզ: Սեռական հարաբերությունների ժամանակ հաճույք չեմ զգում, բայց ձեռնաշարժության ժամանակ զգում եմ: Ի՞նչն է պատճառը:
Պատասխան: Հարցը պետք է ուղղել սեքսապաթոլոգին:
Անուն: Սվետլանա
Հարց: Բարև Ձեզ, հարգելի՛ բժիշկ, հարցս հետևյալն է. 19 տարեկան եմ, առաջին անգամ սեռական հարաբերություն եմ ունեցել մարտի 15-ին: Դաշտան պետք է ունենայի մարտի 19-ին, բայց դաշտան չտեսա: Արդեն երկու ամիս դաշտան չեմ ունեցել: Արդյոք, անհանգստանալու կարիք կա: Հղիություն չի կարող լինել, քանի որ երբ կուսաթաղանթս վնասվեց, ցավ ունեցա և չշարունակեցինք սեռական հարաբերությունը: Դրանից հետո սեռական հարաբերություն չեմ ունեցել:
Պատասխան: Հղիության համար անհրաժեշտ է սերմնահեղուկի ներթափանցում, եթե այդպիսին չի եղել, ապա հղիություն չկա, իսկ եթե անհանգստանում եք, ապա պետք է այցելեք բժշկի՝ մանրամասն հետազոտության համար:
Անուն: Արփի
Հարց: Պարտադի՞ր է, որ կինն օրգազմ ապրի, որպեսզի հղիանա: Նախապես շնորհակալություն:
Պատասխան: Օրգազմը հղիանալու հետ բացարձակ կապ չունի: Իսկ հղիանալու համար անհրաժեշտ է նորմալ զարգացած արգանդ՝ ձվարանների նորմալ ձվազատումով (նորմալ հորմոնալ ստատուս), անցանելի արգանդափողեր, կենսունակ սպերմա և թափանցելի արգանդավզիկի լորձ:
Անուն: Մերի
Հարց: Բարև Ձեզ, ինչպես կարող եմ իմանալ՝ քանի շաբաթական է հղիությունս:
Պատասխան: Կատարեք ՈՒՁՀ և դիմեք մասնագետի՝ պարզելու հղիության ժամկետը:
Անուն: Մանե
Հարց: Բարև Ձեզ, եթե հարաբերության ժամանակ զույգը մի փոքր ալկոհոլ է օգտագործած լինում, հղիության դեպքում հնարավո՞ր է պտղի սխալ զարգացում, կամ որքա՞ն է հավանականությունը, որ հետագայում արատով երեխա կծնվի: Շնորհակալություն:
Պատասխան: Մի փոքր ալկոհոլի օգտագործումը չի կարող երեխայի մոտ հանգեցնել լուրջ արատների զարգացման:
Անուն: Գոհար
Հարց: Նորմա՞լ է, արդյոք, որ դաշտանանային ցիկլի ընթացքում տարբեր ամիսներին արյան քանակությունը տարբեր լինի՝ համեմատաբար ավելի քիչ և որոշ դեպքերում էլ բավականին առատ:
Պատասխան: Այո, դա նորմալ է՝ կախված Ձեր էմոցիոնալ ֆոնից, հորմոնալ տատանումներից, եղանակային պայմաններից, ֆիզիկական ծանրաբեռնվածությունից և այլն:
Անուն: Արև
Հարց: Հարգելի՛ բժիշկ, ես 21 տարեկան եմ, ամուսնացած եմ, ունեմ 1 երեխա: Արդեն մեկ տարի է՝ ունեմ լորձային արտադրություն, իսկ սեքսի ժամանակ ներսս դառնում է այն աստիճանի կպչուն, որ ես և ամուսինս ոչինչ չենք հասկանում սեռական հարաբերությունից: Խնդրում եմ՝ ասեք՝ ինչի՞ց կլինի և կբուժվի՞: Նախապես շնորհակալություն:
Պատասխան: Հարգելի՛ Արև, շատ հաճախ լինում է հետծննդաբերական հեշտոցի լայնացում, որն այժմ լուծելի խնդիր է: Դիմեք գինեկոլոգի խորհրդատվությանը:



