Sidebar

«Երեխաս անընդհատ քորում է ականջը, ինչու՞». պատասխանում է մանկաբույժը

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկաբույժ Աննա Մխիթարյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին։                                 

 

 

Անուն՝ Լիլիթ

Հարց՝ Բարև Ձեզ։ Երեխաս մեկ շաբաթից կլինի 4 ամսական, ծնվել է 2450 գ քաշով, 48 սմ հասակով։ Հիմա կշռում է 5500 գ, հասակը կազմում է 59 սմ։ Ուտում է միայն կրծքի կաթ։ Ցուցանիշները նորմա՞լ են։

Պատասխան` Այո՛, ցուցանիշները նորմալ են: Հարկավոր է կատարել պարբերական չափումներ և հետևել ժամանակի ընթացքում քաշի ու հասակի դինամիկ փոփոխություններին։

 

 

 

Անուն՝ Ռոզա

Հարց՝ Երեխաս 7 ամսական է և գիշերը քրտնում է։ Ի՞նչն է պատճառը։ Նշեմ, որ D վիտամին տալիս եմ։ Նաև գրիպին բնորոշ վիճակ է նրա մոտ, ուտելու ժամանակ քիթը փակվում է, բայց ամբողջ օրը լավ շնչում է, կաթեցնում եմ «Ակվամարիս»։

Պատասխան` Քրտնելը ևս համարվում է սուր շնչառական վարակին բնորոշ նշան։ Շարունակեք քթի լվացումները և եղեք մանկաբույժի հսկողության ներքո։

 

 

 

 

Անուն՝ Մարիամ

Հարց՝ Հարգելի՛  բժիշկ, բալիկս 11 ամսական է։ Կղանքը կանաչ գույն ունի, և չեմ կարծում՝ դա կապ ունենա սննդակարգի հետ։ Նախկինում ունեցել է աղիքային ինֆեկցիա, հրաժարվում էր ուտելուց։ Հիմա նորմալ ուտում է, ակտիվությունը համապատասխանում է տարիքին։ Միակ խնդիրը կղանքի գույնն է։ Ինչպե՞ս վարվեմ, ի՞նչ անալիզներ հանձնենք, որպեսզի լիարժեք հասկանանք՝ ինչ է կատարվում։ Անհանգստանալ պե՞տք է, թե՞ ոչ։ Նշեմ, որ «Նան 2»  կաթնախառնուրդն է ուտում, որևէ փսխում չի եղել ԿԽ-ից։

Պատասխան` Կղանքի գույնը կարող է պայմանավորված լինել կաթնախառնուրդով։ Եթե բացակայում են ուղեկցող այլ ախտանշանները, երեխան նորմալ ուտում և քաշ է ավելացնում, իսկ կղանքի կոնսիստենցիան ու  հաճախականությունը համապատասխանում են նորմային, ապա անհանգստանալու կարիք չկա։

 

 

 

 

 

Անուն` Մերի

Հարց` Բարև Ձեզ: Աղջիկս 7 ամսական է, արդեն մեկ ամիս է` քնելու և արթնանալու ընթացքում զայրանալով քորում է գլխի աջ մասը (ականջի հետևում)։ Քնած ժամանակ նվնվում է, բայց օրվա ընթացքում շատ ակտիվ է, չկա նման երևույթ։ Ալերգիկ կարմրություն ու ցան չկան: Ի՞նչը կարող է նման վարքի պատճառ լինել։

Պատասխան`  Հարկավոր է քիթ-կոկորդ-ականջաբանի խորհրդատվություն՝ բացառելու համար ականջի բորբոքումը կամ խցանը։ Բացառելուց հետո դիմեք մանկական հոգեբանի, քանի որ դա կարող է լինել կպչուն վարքագծի հետևանք։

 

 

 

 

Անուն՝ Նարինե

Հարց՝ Տղաս մեկ տարեկան է, ընդհանրապես չի քնում առանց օրորելու: Անգամ գիշերը, քնած վիճակում պետք է օրորեմ: Ինչպե՞ս սովորեցնեմ նրան ինքնուրույն քնել:

Պատասխան` Օրորելը համարվում է բացասական ասոցիացիա, ինչից տուժում է ձեր և փոքրիկի քնի որակը։ Առհասարակ, քնի ռեժիմը  կարգավորելու ու ինքնուրույն քնել սովորեցնելու համար բավականին երկարատև աշխատանք է պահանջվում, հարկավոր է զինվել համբերությամբ, գիշերային խորը քնի ժամերին աստիճանաբար դադարեցնել օրորելը։ Սկսեք քնի ծեսեր ներմուծել, կիրառել համատեղ քուն։

 

  

 

 

Անուն՝ Աննա

Հարց՝ Բարև Ձեզ: Փոքրիկս 9 ամսական է, այտերը կարծես դուրս տված լինեն: Ինչի՞ց կարող է լինել։

Պատասխան` Հավանաբար նկարագրում եք ատոպիկ դերմատիտ կամ ժողովրդական լեզվով ասած` դիաթեզ։ Այն ալերգիայի դրսևորումներից մեկն է։ Հաճախ ծնողներից մեկը ևս լինում է ալերգիկ։ Կարևոր է մաշկի մշտական խոնավացումը, բայց,  նախ, հարկավոր է խորհրդակցել մանկաբույժի և մանկական ալերգոլոգի հետ։

 

 

 

 

Անուն՝ Դիանա

Հարց՝ Փոքրիկս 7 ամսական է, սակայն դեռևս չի նստում, փորիկի վրա պառկած դիրքով չի սողում, չի շրջվում: Արդյո՞ք կարիք կա անհանգստանալու:

Պատասխան` Հնարավոր է, որ լինեն ուշացումներ: Այնուամենայնիվ,  բալիկը պետք է զննվի մանկական նյարդաբանի կողմից։

 

 

 

 

Անուն՝ Լիանա

Հարց՝  Հարգելի՛ բժիշկ, տղաս 1 տարեկան 7 ամսական է։ Քաշը նվազել է՝ 11 կգ-ից դառնալով 10 կգ 200 գ և չի ավելանում, իսկ աղիներն օրվա ընթացքում գործում են 5-6 անգամ։ Կասե՞ք, թե ինչից կարող է լինել խնդիրը և ի՞նչ անել։

Պատասխան` Երեխան գտնվում է ատամների ծկթման ակտիվ շրջանում, հավանաբար ունի կամ շուտով կունենա նաև արտահայտված թքահոսություն, կրծելու նպատակով ամեն ինչ անխտիր բերանը տանելու հակում։ Հնարավորինս հաճախ կերակրեք կրծքով։

 

 

 

 

Անուն՝ Թամարա

Հարց՝ Հարգելի՛ բժիշկ, աղջիկս 6 տարեկան է: Երբ հիվանդանում է, ջերմությունն ընկնում է՝ հասնելով 35,5°C-ի: Դա նորմալ կարո՞ղ է լինել: Ջերմիջեցնող չի խմել, իսկ հիվանդությունը սեզոնային է, ընդհանուր՝ հազ, գրիպ:

Պատասխան` Սեզոնային շնչառական վիրուսային վարակներին ջերմության բարձրացումից բացի բնորոշ է նաև իջեցումը։ 35,5-ն էլ չի համարվում հիպոթերմիա, վախենալ պետք չէ։

 

 

 

Անուն՝ Լիանա

Հարց՝ Բարև Ձեզ: Ի՞նչ կարող եմ անել, որպեսզի 10 օրական երեխան անհանգիստ չլինի: Փորիկը կծկվում է, ու չի կարողանում դուրս հանել:

Պատասխան` Երեխայի մոտ սկսվել է կոլիկայի շրջանը, որի ընթացքում անհրաժեշտ է լինել համբերատար: Կիրառվող դեղորայքը տրվում է միայն մանկաբույժի հսկողությամբ և նրա հետ մշտական կապ պահպանելով։

 

 

 

 

Անուն` Հռիփսիմե

Հարց` Երեխաս երեք ամսական է և ունի որովայնի ճողվածք (մեծությամբ` պնդուկի չափ)։ Դուրս եկած է, ի՞նչ անել: Առհասարակ, այն կարո՞ղ է բալիկին անհանգստություն պատճառել:

Պատասխան`  Որովայնի ճողվածքները վտանգավոր չեն, սովորաբար փակվում են մինչև 3-4 տարեկանը, չփակվելու դեպքում կատարվում է վիրահատություն։ Եթե մինչ այդ տարիքը չնկատվի որևէ փոփոխություն, դիմեք մանկական վիրաբույժին։