«Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի նեոնատոլոգ Արթուր Ջանազյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:
Արուսիկ
Հարց. Բարև Ձեզ, խնդրում եմ ասել՝ հատապտուղներով և հատիկավորներով ճաշեր ո՞ր տարիքից կարելի տալ: Երեխաս 1 տսրեկան է: Շնորհակալություն:
Պատասխան. Բարև ձեզ հարգելի Արուսիկ, մեկ տարեկան երեխան կարող է օգտվել ընտանեկան առողջ սեղանի ամեն ինչից:
Վերժինե
Հարց. Հարգելի բժիշկ, տղաս 2,7 տարեկան է: Մինչև 1 տարեկանը, ըստ բժշկի նշանակման, կանոնավոր կերպով տվել եմ վիտամին Դ: Հիմա երեխայիս մոտ քրտնարտադրություն կա, մաշկն անընդհատ խոնավ է: Դա վիտամինի՞ պակաս է և ինչպե՞ս կարող եմ վերացնել քրտնարտադրությունը:
Պատասխան. Բարև ձեզ, հարգելի Վերժինե, հաշվի առնելով պատշաճ վիտամինաթերապիան՝ Դ վիտամինի հետ ասոցացված խնդիրը քիչ հավանական է: Բացառված չեն նաև որոշ էնդոկրին խանգարումները, որոնց պարզաբանման համար կարող եք դիմել մանկական էնդոկրինոլոգի: Սակայն դա կարող է կապված լինել ուղղակի երեխայի շատ հեղուկ օգտագործելու, ոչ ճիշտ հագուստի կամ առույգ կենսակերպի հետ և այլն:
Արփինե
Հարց. Փոքրիկս 7 ամսական է և մինչև այսօր կերել է հավելյալ սնունդ (միայն 2 ամիս է կրծքի կաթ կերել): Կարո՞ղ եմ հիմա իրեն տալ կովի կամ սովորական կաթ: Եթե կարող եմ տալ, կարո՞ղ եք ինձ ասել ինչ հարաբերությամբ ջրի հետ խառնեմ: Նախապես շնորհակալություն:
Պատասխան: Բարև ձեզ, հարգելի Արփինե, ես առհասարակ խորհուրդ չեմ տա կովի կաթ մինչև 1-1,5 տարեկան հասակը, իսկ ջրով բացելը, իմ կարծիքով, ուղղակի անհեթհեթություն է:
Անի
Հարց. Երեխաս 4 ամսական է, ի՞նչ հավելյալ սնունդ կարող եմ տալ:
Պատասխան. Բարև ձեզ, հարգելի Անի: Հավելյալ սնունդը ցանկալի է սկսել 6 ամսականից: Կարող եք սկսել բանջարեղենով պյուրեներից, մատուցել հնդկաձավարի, սպիտակաձավարի, եգիպտացորենի շիլա՝ բուսական յուղով, սպիտակուցներով հարուստ սնունդ՝ ձու, կաթնաշոռ, ձկնեղեն: Ընտանեկան սեղանից լափշա, հաց և բազմազան մրգեր:
Նաիրուհի
Հարց. Տղայիս մոտ ծնվելուց մոտ 1 ամիս անց նկատեցի դիաթեզ, բայց անցավ, քանի որ սկսեցի դիետիկ սնվել։ Հիմա 7 ամսական է, 1 ամիս առաջ ավելի խորացավ(բայց երկուսս էլ դիետիկ ենք սնվում), դիմեցի բժշկի, նշանակեց Ֆենիստիլ կաթիլներ և գել:
Օգտագործելուց հետո վերքեր առաջացան դեմքին։ Հիմա Չերեդայի օճառով լվանում եմ այտերը և Լորինդեն Ց քսուքն եմ քսում։ Խնդրում եմ ասեք՝ ճի՞շտ կլինի,արդյոք, որ իրեն տամ այն ուտելիքները, որոնք հակացուցված են դիաթեզին՝ օրգանիզմին սովորեցնելու համար, թե՞ չտամ այնքան, մինչև կանցնի:
Պատասխան. Բարև ձեզ, հարգելի Նաիրուհի, ես դժվարանում եմ ձեզ օգնել, քանի որ չեմ տեսել երեխային և չգիտեմ պրոբլեմի խորության աստիճանը, սակայն որոշ դեպքերում կարող է արդարացված լինել պրոբիոտիկներով և աբսորբենտներով բուժումը: Հակացուցված ուտելիքը կարելի է պարբերաբար փորձել, երբ դիաթեզը կնահանջի:
Արփինե
Հարց. Փոքրիկս 6 ամսական է: Վերջերս նրա այտերին մանր կետեր են առաջացել: Ինչպե՞ս անցկացնեմ այն, և ի՞նչից կլինի:
Պատասխան. Հարգելի Արփինե, մաշկային երևույթները կարելի է հասկանալ և օգնել միայն վերջիններս տեսնելով, այդ պատճառով ես չեմ կարող ձեզ օգնել շփման այս ֆորմատով:
Անուշ
Հարց. Բալիկը ծնվել է 3կգ 700գ: Մեկ ամսում քաշն ավելացել է 1կգ-ով: Նորմա՞լ է ավելացել նրա քաշը:
Պատասխան. Հարգելի Անուշ, ձեր բալիկի աճը շատ լավ է և համապատասխանում է նորմային և դեռ գերազանցում է կյանքի առաջին ամսվա համար:
Արմինե
Հարց.Երեխաս ծնվել է Տեդրադա Ֆալորի արատով: Այժմ 1.5 ամսական է: Կարելի՞ է պատվաստել:
Պատասխան. Բարև ձեզ հարգելի Արմինե, ոչ մի բնածին զարգացման արատ չի հանդիսանում հակացուցում պատվաստման համար:
Էվելինա
Հարց. Հարգելի բժիշկ, աղջիկս 6.5 ամսական է: Արդեն 1 ամիս է՝ հազում է: Տարբեր դեղամիջոցներ ենք օգտագործել,բայց չի օգնել: Այժմ առաջարկել են մաքրել կոկորդի խորխը: Ուզում եմ իմանալ՝ դա հետագայում խնդիրներ չի՞ առաջացնի և չկա՞, արդյոք, մեկ այլ միջոց: Եվ մեկ հարց՝ վնաս չէ՞, արդյոք, քայլասայլակը երեխայի ողնաշարի համար:
Պատասխան. Հարգելի Էվելինա, նախ պետք է հասկանալ՝ հազը ինչի արդյունք է: Որոշ դեպքերում դա կարող է լինել քթի կամ ըմպանի բորբոքման արդյունք: Օրական 3-4 կոկորդային հազի էպիզոդները բուժման կարիք չունեն, իսկ եթե հազն ավելի հաճախ է և խորխոտ, ապա պետք է ավելի մանրամասն հետազոտություն: Եթե երեխան հազալով խորխը դուրս է բերում, ապա կարիք չկա դժվար միջամտություններով այդ խորխը դուրս բերել. միևնույն է, եթե երեխան այն կուլ տա, այն քայքայվելու է ստամոքսահյութի ազդեցության տակ: Եվ պատասխանում եմ ձեր երկրորդ հարցին՝ ոչ, քայլասայլակը վնաս չէ երեխայի ողնաշարին:
Հասմիկ
Հարց. Տղաս 11 ամսական է, սակայն դեռ ինքնուրույն կանգնել չի կարողանում, միայն քայլասայլակով: Ի՞նչ անեմ:
Պատասխան. Հարգելի Հասմիկ, 11 ամսեկան երեխան պարտադիր չէ, որ կանգնի, սակայն քայլասայլակը ստեղծում է նրան հենարան և հենվելով՝ նա կարող է քայլել: