Sidebar

«Կարելի՞ է փոքրիկի կերակուրը տաքացնել միկրոալիքային վառարանում». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս և մյուս հարցերի պատասխանները

«Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի նեոնատոլոգ Արթուր Ջանազյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին

Աղավնի

Հարց.Փոքրիկս 2 տարեկան է, սակայն մինչ օրս քայլում է ինչ-որ առարկաներից բռնվելով: Նշեմ, որ նրա մոտ  թույլ արտահայտված ուղեղի կաթված կա: Մենք բնակվում ենք արտերկրում և կուզենայի իմանալ՝ Հայաստանում նման դեպքերում ինչ բուժում են նշանակում:

Պատասխան.Հարգելի Աղավնի, բժշկության ճյուղը, որը զբաղվում է հենաշարժիչ համակարգի խնդիրներով,  կոչվում է էրգոթերապիա: Եթե Ձեր երեխայի խնդրով նրանք են զբաղվում, ապա դուք ճիշտ ուղու վրա եք:  Թույլ արտահայտված ուղեղի կաթվածի դեպքում հնարավոր է լուրջ հաջողությունների հասնել: Ձեզ միայն խորհուրդ է տրվում համբերությամբ զինվել:

Անուշ

Հարց.Փոքրիկիս կերակուրը տաքացնում եմ միքրոալիքային վառարանում: Վտանգավոր չէ՞ արդյոք:

Պատասխան.Հարգելի Անուշ, չկա  որեւէ  հետազոտություն, որն ապացուցում կամ հերքում է միկրոալիքային վառարանի վնասակար հատկությունները: Սակայն կան մի քանի հանգամանքներ, որոնք պետք է հաշվի առնել՝ միկրոալիքային վառարանը ուտելիքը տաքացնում է ոչ համասեռ, ուստի տաքացնելուց հետո պետք է այն խառնել՝ թողնելով 2-3 րոպե, որպեսզի ուտելիքը ազատվի ազատ ռադիկալների մեծ մասից: Իսկ կրծքի կաթը կամ արհեստական կաթնախանուրդը միկրոալիքային վառարանում տաքացնել  խորհուրդ չի տրվում, քանի որ գերտաքացումը կհանգեցնի սննդային  արժեքի քայքայման:

Լուսինե

Հարց.Տղաս 4 ամսական է, բայց պարանոցն ուղիղ պահել չի կարողանում, անընդհատ ձախ կողմի վրա է թեքում: Ի՞նչ խորհուրդ կտաք:

Պատասխան.Հարգելի Լուսինե, հնարավոր է դա ծուռվզության արդյունք է: Ցանկալի է, որ նրա ուշադրությունը գրավող բոլոր իրերը և լույսը լինեն աջ կողմում, որպեսզի փոքրիկն ինքնուրույն ձգտի թեքվել դեպի աջ: Թեթև դեպքերում մերսման միջոցով հնարավոր է լինում շտկել այն, իսկ ծանր դեպքերում վիրահատական միջամտություն է հարկավոր:

Կարինա.

Հարց.Երեխաս  3 տարեկան 5 ամսական է և գրեթե 2 ամիս է՝ ծայրահեղ վատ է սնվում: Իսկ ինչ էլ որ ուտում է,  ուտում է զզվելով: Ի՞նչ խորհուրդ կտաք:

Պատասխան.Հարգելի Կարինա, նման դեպքերում վիտամինաթերապիան կարող է շատ օգտակար լինել ախորժակի համար: Աշխատեք նրան չստիպել ուտել այն, ինչը չի սիրում, դա փոքրիկի մոտ կարող է զզվանք առաջացնել ուտելիքի հանդեպ: Միջավայրի փոփոխությունը ևս կարող է դրական ազդեցություն  ունենալ ախորժակի վրա, և ժամանակի ընթացքում խնդիրն ինքնուրույն կարող է լուծվել:

Մարիամ

Հարց.Փոքրիկս 5 ամսական է, և ոտքերը քրտնում են: Ինչի՞ց կարող է դա լինել:

Պատասխան.Հարգելի Մարիամ, մինչև 1 տարեկան երեխաների մոտ դա կարող է դիտարկվել որպես նորմալ երևույթ: Ժամանակի ընթացքում երեխայի ջերմակարգավորման ֆունկցիան կարգավորվում է, և այդ երևույթն անհետանում է: Սակայն քրտնող ոտքերն ավելի մեծ տարիքում կարող է լուրջ հիվանդությունների նշան լինել, օրինակ՝ռախիտ, անոթային դիստոնիա, ճիճվակրություն, էնդոկրին խանգարումներ կամ ուղղակի անհարմար կոշիկներ:

Արփի

Հարց.Երեխաս 2 ամսական 20 օրական է: 40 օրականից  անհանգիստ լինելու, լավ չքնելու պատճառով նրան սկսեցի կրծքի կաթին զուգահեռ այծի կաթ տալ՝ մտածելով, որ գուցե չի կշտանում: Այժմ փոքրիկս կտրականապես հրաժարվում է կրծքից, և  նրան կերակրում եմ միայն այծի կաթով:  Արդյոք վնասակա՞ր է այն երեխայի առողջության համար. եթե այո, ապա ի՞նչ վնասների մասին է խոսքը:

Պատասխան.Հարգելի Արփի, 2 ամսական երեխային ցուցված է միայն մայրական կաթը: Եթե այն բավական չէ, պակասը կարելի է լրացնել միայն արհեստական կաթնախառնուրդներով, քանի որ միայն արհեստական կաթնախառնուրդն է բաղադրությամբ առավելագույնս մոտեցված մայրական կաթին: Եթե երեխան սնվում է մայրական կաթով, ապա նրան հավելյալ սնունդ կարելի է տալ 6 ամսականից, իսկ եթե սնվում է արհեստական կաթնախառնուրդով,  հավելյալ սնունդ կարելի է տալ 4 ամսականից: