Շենգավիթ բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Հակոբ Մելքումյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի 5-րդ խմբաքանակին:
Անուն: Անի
Հարց: Հարգելի բժիշկ, ես մի հարց ունեմ: Փոքրիկս 3 ամսական է: Երբ նա ծնվեց, ճակատին կարմիր նշան կար, այն մինչ օրս երևում է: Խնդրում եմ, ասեք՝ կանցնի՞ դա, թե՞ ոչ: Նախապես շնորհակալություն:
Պատասխան: Հարգարժան Անի, եթե մինչև 1 տարեկան նշանը չափսերով չմեծանա և մաշկի մակարդակից չբարձրանա, ապա վտանգավոր ոչինչ չկա և ժամանակի ընթացքում հավանաբար կանցնի:
Անուն: Լենա
Հարց: Բարև Ձեզ, հարգելի բժիշկ, իմ երեխան 1.5 տարեկան է ու ահավոր քրտնում է: Տարբեր մասնագետների եմ դիմել, սակայն անօգուտ. վիտամիններ են նշանակել, մերսումներ, լոգանքներ, բայց ոչ մի օգուտ, ոմանք էլ ասում են՝ կանցնի, ի՞նչ անեմ: Վերջերս էլ 10 կաթիլ վիտամին Դ են նշանակել, բայց վախենում եմ տալ: Խնդրում եմ՝ օգնեք:
Պատասխան: Հարգարժան Լենա, երեխան պետք է շատ ժամանակ անցկացնի մաքուր օդում, և ցանկալի է կազմակերպել արևային լոգանքներ:
Անուն: Հայարփի
Հարց: Բարև Ձեզ: Տղաս 2 տարեկան է, և ինձ հետաքրքիր է, թե ինչպես պետք է կազմված լինի նրա օրվա ռացիոնը, քանի՞ անգամ պետք է ուտի օրվա ընթացքում:
Պատասխան: Հարգարժան Հայարփի, երեխան պետք է ուտի այնքան, որքան պահանջ ունի ուտելու: Չկա հատուկ ժամանակացույց այդ տարիքի երեխաների սնուցման հետ կապված:
Անուն: Շողիկ
Հարց: Բարև Ձեզ, աղջիկս 4 ամսական է, կերակրում եմ կրծքով, կարելի՞ է, արդյոք, զբաղվել մարմնամարզությամբ, կարո՞ղ է ազդել կաթիս վրա: Նախապես շնորհակալություն:
Պատասխան: Հարգելի Շողիկ, մարմնամարզությամբ զբաղվելը միայն կօգնի ունենալ ավելի լավ կաթնարտադրություն:
Անուն: Մարիամ
Հարց: Բարև Ձեզ, հարգելի բժիշկ: Երեխաս 2 ամսական է: Կերակրում եմ կրծքով: Անհրաժե՞շտ է, արդյոք, խիստ դիետա պահել: Կարելի՞ է սուրճ խմել: Եթե ոչ, ապա ինչու՞: Չէ՞ որ խորհուրդ է տրվում թեյ խմել, որը նույնպես պարունակում է կոֆեին: Կանխավ շնորհակալություն:
Պատասխան: Հարգարժան Մարիամ, սննդային ռեժիմ այդ ժամկետի կրծքով կերակրման համար չկա: Ռեժիմն ազատ է, սակայն ալերգեն պարունակող սնունդների օգտագործման ժամանակ պետք է հետևել երեխայի մաշկին և փոփոխություններ նկատելու դեպքում ուղղակիորեն այն հանել սննդակարգից: Ինչ վերաբերում է թեյին, ապա կրծքով կերակրման ժամանակ խորհուրդ է տրվում նաեւ սեւ թեյի օգտագործումը սահմանափակել:
Անուն: Տաթևիկ
Հարց: Բարև Ձեզ: Հարգելի բժիշկ, նախորդ հարցս հետևյալն էր՝ մեր տունը քամոտ տեղանքում է գտնվում: Տարվա ցանկացած եղանակին էլ կա քամի, իսկ փոքրիկիս անհրաժեշտ է մաքուր օդ: Ինչպե՞ս կարող եմ վարվել, որ ամեն դուրս բերելուց հետո գրիպոզ վիժակ կամ բրոնխիտ չառաջանա: Կոնկրետացնեմ, որ երեխաս 6 ամսական է: Ինձ համար կարևոր է այս հարցը, որովհետև երեխաս արդեն մի անգամ բրոնխիտ է տարել: Խնդրում եմ ասել նաև, թե ինչպես օրգանիզմը ադապտացնեմ միջավայրին, ինչպե՞ս կոփեմ: Շնորհակալ եմ նախապես
Պատասխան: Հարգարժան Տաթևիկ, երեխային կոփելու համար ուղղակի անհրաժեշտ է նրա նկատմամբ խնամքը ծայրահեղության չհասցնել: Այդպես օրգանիզմը կկոփվի ինքնըստինքյան: Իսկ ինչ վերաբերում է ձեր տեղանքին և կլիմային, ապա եթե դուք կարծում եք, որ այն իսկապես վտանգավոր է երեխայի համար, ուղղակի երեխայի զբոսանքը պետք է կազմակերպել ավելի քիչ քամոտ միջավայրում մինչև գոնե 1 կամ 1.5 տարեկանը:
Անուն: Արմենուհի
Հարց: Աղջիկս 2.5 տարեկան է, տղաս` 3.8: Յուրաքանչյուրին կալցիում տվել եմ 6-7 ամսականում` 10 օր: Ցանկանում եմ իմանալ` արդյո՞ք պետք է էլի տալ: Նշեմ, որ աղջկաս մաշկը շատ շուտ է չորանում, իսկ թուշիկները խորը ճաքճքում են /նաև արևից/, մատներին էլ թելիկներ են լինում: Արդյո՞ք դա վիտամինային պակասից է: Երեխաներիս աչքերն արդեն մի քանի օր է՝ ճպռոտվում են: Փորձել եմ թեյի գույնով մաքրել, բայց առանձնապես չի օգնում: Խնդրում եմ, ասեք՝ ինչպես վարվեմ:
Պատասխան: Հարգելի Արմենուհի, մեծ երեխայի հետ կապված կալցիումական ռացիոնը կարելի է լրացնել սննդային եղանակով, իսկ ինչ վերաբերում է փոքրին, ապա նրա մոտ հավանաբար արտահայտված դիաթեզ է, և անհրաժեշտություն կա` դիմելու ձեր տեղամասային մանկաբույժին կամ մանկական գաստրոէնտերոլոգի խորհրդատվությանը:
Անուն: Ռուզաննա
Հարց: Հետծննդյան շրջանում ի՞նչ է կարելի ու ի՞նչ չի կարելի ուտել` երեխայի մոտ «գազիկներ» չառաջացնելու համար:
Պատասխան: Հարգարժան Ռուզաննա, ծննդաբերած կինը առողջ մարդ է, և նրա համար սննդային սահմանափակումներ չկան, նույնիսկ կրծքով կերակրման համար սահմանափակումներ չկան: Այնպես որ առողջ սնվելը միայն ի օգուտ Ձեզ և Ձեր փոքրիկի է: Եթե երեխայի մոտ կան արտահայտված գազեր, ապա խուսափեք լոբազգիներից եւ այնպիսի մթերքից, որոնք դժվարամարս են, եւ գազեր են առաջացնում:
Անուն: Սոնա
Հարց: Բարև ձեզ, հարգելի բժիշկ: Կարո՞ղ էք ինձ օգնել. փոքրիկիս ատամները շատ ուշ են դուրս գալիս. առաջին ատամը 1.1 տարեկանում դուրս եկավ: Հիմա ունի 6 ատամ, և արդեն դիմացի ատամները սևացել և կոտրվել են:
Պատասխան: Հարգելի Սոնա, Ձեր նկարագրած վիճակը բնորոշ է օրգանիզմում կալցիումի փոխանակության խանգարումներին: Ցանկալի է կատարել հետազոտություններ և անհրաժեշտության դեպքում նշանակել լրացուցիչ կալցիումի պրեպարատներ:
Անուն: Մանե
Հարց: Բարև Ձեզ: Աղջկաս պատվաստումները մինչև 1 տարեկանը լրանալը համապատասխան ժամկետներում կատարված են: Սակայն 18 ամսականի համար դեռ ոչինչ արված չէ. նա արդեն 1 տարեկան և 10 ամսական է: Խնդրում եմ ասել, թե մինչև ե՞շրբ է կարելի լրացնել այդ պատվաստումը:
Պատասխան: Հարգարժան Մանե, ես չգիտեմ պատճառը, թե ինչու չեն կատարվել պաստվաստումները, բայց խորհուրդ է տրվում կատարել, եթե երեխան առողջ է: Դիմեք ձեր տեղամասային մանկաբույժին եւ ճշտեք ժամանակացույցը:
Անուն: Նարե
Հարց: Հարգելի բժիշկ, աղջիկս 4 տարեկան է, նրա վերին ծնոտի դիմացի 4 ատամները կոտրվել են, մնացել են արմատները, որոնք իրենց հերթին դարչնագույն երանգ են ստացել: Ուզում եմ իմանալ՝ դա չի՞ ազդի, արդյոք, նրա հիմնական ատամների ճիշտ դասավորության վրա: Եվ արդյո՞ք կարիք կա դրանք հեռացնելու: Շնորհակալություն նախապես
Պատասխան: Հարգելի Նարե, իհարկե կազդեն հիմնական ատամների սաղմերի ճիշտ ձևավորման վրա, և այդ արմատները պետք է հեռացնել: Ձեզ անհրաժեշտ է մանկական ատամնաբույժի խորհրդատվություն:
Անուն: Նելլի
Հարց: Հարգելի բժիշկ, իմ ընկերոջ 1,2 տարեկան տղա երեխայի մոտ կրծքավանդակի հատվածը մի փոքր դուրս է, ասում են՝ դա «հավի կուրծք» է: Ի՞նչ է դա, ինչի՞ց է առաջանում, ի՞նչ մեթոդներով է հնարավոր բուժել եւ ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ: Նախապես շատ շնորհակալություն:
Պատասխան: Հարգելի Նելլի, դա ռախիտի արտահայտության ձև է, որը պահանջում է մանկաբույժի խորհրդատվություն և բուժում:
Անուն: Աղավնի
Հարց: Բարև ձեզ բժիշկ, իմ հարցը հետևյալն է. փոքրիկս արդեն 14 ամսական է, ծնվել է հղիության 31 շաբաթում, համեմատած մեծ աղջկաս հետ՝ նկատում եմ դանդաղ զարգացում, օրինակ՝ մինչ օրս դժվարանում է նստել, կարծես ոտքերը լարված լինեն, դեռ չորեքթաթ չի սողում, այլ ամբողջ մարմինը գետնին կպած: Ի՞նչ խորհուրդ կտաք, սա նորմա՞լ է, թե՞ ոչ, միգուցե կապվա՞ծ է այն փաստի հետ, որ վաղաժամ է ծնվել, և ի՞նչ կարելի է անել:
Պատասխան: Հարգելի Աղավնի, այս պարագայում անպայման անհրաժեշտ է դիմել մանկական նյարդաբանի խորհրդատվությանը:
Անուն: Լենա
Հարց: Հարգելի բժիշկ, իմ փոքրիկը 8 օրական է: Ծնվել է 3,800 կգ քաշով, թթվածնային քաղցի պատճառով ստիպված են եղել կեսարյան հատում անել: Բժիշկներն ասում են, որ երեխաս մի քանի օր ուշ է ծնվել: Այսքան մանրամասն նկարագրում եմ, որպեսզի ինձ անհանգստացնող երևույթը, որ արդեն 3 օր է՝ նկատում եմ փոքրիկիս մոտ, Ձեզ բացատրեմ: Միգուցե դա ծննդյան հետ է կապված: Փոքրիկս օրվա մեջ մի երկու անգամ քնած ժամանակ բավականին ուժեղ ցնցվում է, որը տևում է մոտ կես ժամ: Երեխան ջերմություն չի ունենում, հետագա վատ հետևանքներ չեմ նկատում: Խնդրում եմ, ասեք՝ արժե՞ անհանգստանալ, թե՞ ոչ, և եթե այո, ու՞մ դիմել: Կանխավ շնորհակալություն:
Պատասխան: Հարգելի Լենա, թթվածնային քաղցի հետևանքով ցնցումները երեխայի մոտ պետք է լինեն նաև արթուն ժամանակ, ուստի նախ պետք է համոզվել, որ դա իսկապես ցնցում է և նոր միայն կայացնել որոշումներ: Զարմանալի է, որ նման դեպքում դուք չեք դիմել անմիջապես բուժօգնության: Ցնցումը խիստ վտանգավոր վիճակ է նորածին երեխաների մոտ:
Անուն: Տաթև
Հարց: Բարև ձեզ, հարգելի բժիշկ: Իմ հարցին՝ կարելի՞ է, արդյոք, երեխային սուրճ տալ, խնդրել էիք պատասխանել, թե ինչպես է երեխան հասնում սուրճի բաժակին: Քանի որ երեխաս մատով բաժակից սուրճ ուտելուց ուրախանում է, տատիկը և պապիկը տալիս են՝ ուրախանալով փոքրիկի ուրախությամբ: Ես չեմ կարողանում կանխել երևույթը. Եվ կցանկանայի մասնագիտորեն բացատրել սուրճի վատ ազդեցությունը երեխայիս օրգանիզմի վրա: Նշեմ, որ փոքրիկս մեկ տարեկան, երկու ամսական է: Կանխավ շնորհակալություն:
Պատասխան: Հարգարժան Տաթև, ես չեմ կարող խառնվել Ձեր ընտանեկան գործերին, իսկ տատիկին և պապիկին խորհուրդ կտամ իրենց ուրախության աղբյուրը գտնել երեխայի հետ ավելի հետաքրքիր զբաղմունքներում, որը վնաս չի բերի: Իսկ սուրճը, իհարկե, վտանգավոր է: Այն պարունակում է կոֆեին, որը կարող է ազդել նյարդային համակարգի վրա, առաջացնել անքնություն, հաճախամիզություն հիպերակտիվություն, վնասել ատամները եւ այլն:
Անուն: Մարգարիտա
Հարց: Հարգելի բժիշկ, ես երկրորդ անգամ եմ Ձեզ գրում: Աղջիկս 4 ու կես ամսական է, սակայն մազերը, կարելի է ասել, չեն աճում, միայն հետևի մասն է աճում: 2 անգամ տվել են կալցիում, Դ3 և պիկովիտ: Ի՞նչն է պատճառը և ի՞նչ անեմ, որ սկսի աճել: Նախապես շնորհակալություն:
Պատասխան: Հարգելի Մարգարիտա, անհանգստանալու ոչինչ չկա: Շարունակեք դիմել բժշկի խորհրդատվությանը, և ժամանակի ընթացքում այդ վիճակը կկարգավորվի: