«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:
Ռիտա
Հարց. Աղջիկս 5 տարեկան է, սակայն մինչ օրս գիշերամիզություն ունի: Տարբեր միջոցներ ենք կիրառել՝ քնելուց առաջ գիշերանոթին նստեցնել, մեղր և այլն, բայց ոչինչ չի օգնում: Հնարավո՞ր է այն կանխել և եթե այո, ապա ինչպե՞ս:
Պատասխան. Եթե գիշերամիզությունը որևէ օրգանական խանգարման հետևանք չէ. իսկ դա կարող է ասել միայն բժիշկը, ապա այդ տարիքում արդեն պետք է դիմել հոգեբանի: Գիշերամիզությունը լինում է նաև հոգեբանական խնդիրների հետևանքով և հանդիսանում է, այսպես կոչված, ներոտիկ ախտանշան:
Տաթևիկ
Հարց. Աղջիկս 10 տարեկան է և տառապում է անքնությունից: Վերջինիս պատճառը վախերն են: Նա վախենում է մութ սենյակից, հոգիներից: Վերջերս էլ անդադար կրկնում է, որ աշխարհի վերջն է, սարսափում է նույնիսկ Մհերի Ադանա երգից: Խնդրում եմ օգնեք, ի՞նչ կարող եմ անել:
Պատասխան. Հնարավոր է աղջկա մոտ տագնապային խանգարում է սկսվում, որը կոչվում է նաև կպչուն վիճակների նևրոզ: Անպայման պետք է դիմել հոգեբանի, քանի որ այդ խանգարումը սովորաբար ինքնուրույն չի անցնում, խորանում է և տանջում մարդուն: Մասնագետների ճիշտ և ժամանակին աջակցության արդյունքում այցելուները սովորաբար ազատվում են այդպիսի տագնապներից և անիմաստ մտքերից:
Անուշ
Հարց. Հարգելի՛ հոգեբան, խնդրում եմ օգնեք ինձ մի հարցում: Բալիկս արդեն 3 տարեկան է, և սարսափում է լողանալուց, հատկապես երբ լվանում ենք գլուխը: Երբեմն այնպիսի տպավորություն է, կարծես ուր որ է կաթված կստանա: Փորձել եմ ամենատարբեր միջոցները՝ խաղալիքներ, անգամ ինքս եմ թրջվում, սակայն անարդյունք: Ի՞նչ կարող եմ անել:
Պատասխան.Նախևառաջ պետք է փորձել հասկանալ՝ ե՞րբ և որտեղից սկսեցին երեխայի վախերը: Դրանից հետո պետք է խուսափել նման բացասական ազդեցություններից: Երեխան կարող է վախեցած լինել աչքերը ջուր լցվելուց, օճառից կամ նույնիսկ լողանալու հետ կապ չունեցող մեկ այլ բացասական երևույթից, որը պարզապես համընկել է լողանալու հետ: Օրինակ՝ լողանալու ընթացքում բարձր աղմուկը կարող է վախի պատճառը լինել:
Այս վախի հետ պետք է աշխատել աստիճանաբար: Կարելի է օգտագործել լողանալու համար հատուկ գլխարկներ: Շատ կարևոր է նաև հոգեբանի այցը, որը կօգնի հաղթահարել վախը:
Լուսինե
Հարց. Երեխաս 3 տարեկան 8 ամսական է, ընտանիքում միակ երեխան է: Նա ընդհանրապես չի խաղում իրենից փոքրերի հետ: Պե՞տք է, արդյոք, անհանգստանալ:
Պատասխան. Երևույթն օրինաչափ է ընտանիքի միակ երեխայի համար, քանի որ նա ընտանիքում շփվում է միայն մեծահասակների հետ: Ժամանակի և փորձառության հետ մեկտեղ երեխան կսովորի հավասարապես շփվել և՛ մեծերի, և՛ փոքրերի հետ: Անհանգստանալու կարիք չկա:
Ինեսա
Հարց.Ես և իմ սիրած տղան մեկ-մեկ ենք հանդիպում՝ այն էլ դպրոցում: Նա իմ կողքից անտարբեր չի անցնում՝ շրջվում է և երկար նայում ինձ: Ուզում եմ հասկանալ՝ դա սիրո՞ դրսևորում է:
Պատասխան. Ձեր հարցի պատասխանը միայն նա կարող է տալ: Դուք կամ մեկ ուրիշը միայն ենթադրություններ կարող եք անել:
Սոֆի
Հարց. Տղաս 8 ամսական է: Սկեսուրս ամեն կերպ փորձում է միջամտել նրա դաստիարակությանը, ինչն էլ օրեցօր օտարացնում է ինձ ու փոքրիկիս: Ի՞նչ խորհուրդ կտաք:
Պատասխան. Հարգելի Սոֆի, դուք պետք է ընտրություն կատարեք՝ կամ կորցնել սկեսուրի հետ դրական հարաբերությունները, կամ երեխայի հետ հուզական կապը: Պետք է վերանայեք ձեր վստահությունը՝ որպես մայր: Պետք է հստակ իմանաք, որ դուք ամեն բան կարող եք ինքնուրույն անել՝ առանց որևէ մեկի օգնության: Շատ կարդացեք երեխայի խնամքի մասին նյութեր: Եվ վերջապես աշխատեք թեթև նայել սկեսուրի միաջամտությանը՝ հիշելով, որ դուք եք երեխայի մայրը, և աշխարհի ամենալավ տատիկն անգամ չի կարող կտրել մայր-երեխա կապը՝ մինչև մայրը դա չուզի: Մի թողեք, որ տագնապներն ու անվստահությունըն իշխեն ձեզ: Աշխատեք դրա վրա:
Մելանյա
Հարց. Բարև ձեզ, որդիս 6 տարեկան է, բայց շատ կամակոր է, ոչ ոքի չի լսում, հաճախակի ստում է: Ի՞նչ կարող եմ անել:
Պատասխան. Նման դեպքերում պետք է մասնագետի դիմել: Չկան երեխայի վարքը կարգավորելու դեղատոմսեր: Ձեր նամակից հասկացվում է, որ վարքի այս դրսևորումը վաղուց է սկսվել և խորանում է: Առանց պատճառը իմանալու դժվար է լուծում առաջարկել: Դիմեք մանկական հոգեբանի: Հնարավոր է՝ մեկ այցը բավական լինի հարցի լուծման համար:
Աստղիկ
Հարց. Երեխաս 1 տարեկան 3 ամսական է: Սկզբում շատ մարդամոտ էր, սակայն վերջերս առհասարակ չի շփվում մարդկանց հետ: Նշեմ նաև, որ այդպես վարվում է միայն մեր տուն եկող մարդկանց հետ: Անդադար լացում է, մինչև հեռանան: Դրսում ամեն ինչ այլ է՝ ժպտում է բոլորին, թաթիկով անում: Ի՞նչ խորհուրդ կտաք: Նախապես շնորհակալություն:
Պատասխան. 1 տարեկանը ճգնաժամային տարիք է, որը կապված է ֆիզիկական փոփոխությունների և ձեռքբերումների հետ՝ քայլքի, խոսքի առաջացում, ատամների աճ և այլն: Այս ամենը բավական դիսկոմֆորտ է առաջացնում երեխայի օրգանիզմում: Խորհուրդ կտամ մի փոքր սպասել. եթե երեխայի վարքի մեջ փոփոխություններ չնկատեք, այդ դեպքում նոր կարելի է անհանգստանալ: