ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ին ուղղված հարցերի հերթական խմբաքանակին:
Անուն: Արման
Հարց: Հարգելի բժիշկ, ես ֆիզիկապես առողջ եմ, նախկինում երեք, չորս անգամ հանգստանում էի նորմալ էրեկցիայով
, բայց մոտ երկու ամիս է, ինչ երկրորդ անգամից էրեկցիան թուլանում է, այն կարգի է արդեն, որ ես առաջին անգամն էլ եմ մտավախությամբ վերջացնում ու հազիվ եմ կենտրոնանում: Նշեմ, որ նույն աղջկա հետ եմ մի տարուց ավել: Ի՞նչ խորհուրդ կտաք:
Պատասխան: Երբեմն հնարավոր են սեքսուալ ֆունկցիայի սինուսոիդալ տատանումներ: Միշտ չէ, որ սեռական ֆունկցիան ստաբիլ պետք է նույն ակտիվությունն ապահովի, չպետք է կենտրոնանալ և ֆիքսվել էրեկցիայի պրոցեսի վրա: Եթե չկարգավորվի, կարող եք անցնել հետազոտություն:
Անուն: Աբել
Հարց: Բարև Ձեզ: Արդեն 1 տարի է՝ ձախ ամորձիս ցավում է՝ իհարկե, ոչ շատ, բայց զգացնել է տալիս զարկերակի պես, մեկ-մեկ մյուսն էլ է ցավում, բայց ոչ հաճախ, լինում է ավելի շատ ցուրտ եղանակներին: Նախապես շնորհակալություն:
Պատասխան: Հնարավոր է` առկա լինի սերմնալարի երակների վարիկոզ լայնացում, կիստոզ պրոցեսներ, ամորձու և մակամորձու բորբոքային խնդիրներ և այլն: Ուստի պետք է կատարել փոշտի օրգանների սոնոգրաֆիա:
Անուն:Միլենա
Հարց: Բարև Ձեզ, քույրս ամուսնացել է և 4 ամսական հղի է: Անալիզ արեցին և տեսան, որ իր արյունը 4-րդ բացասական է, իսկ ամուսնունը՝ 2-րդ դրական: Մյուս քույրս նույնպես 4 ամսական հղի է, նրա արյունը 4-րդ կարգի բացասական է, իսկ ամուսնունը` 2-րդ կարգի բացասական: Ասացին, որ ունի հեմատոմա, մինչ այդ ունեցել է կիստա և ուրեապլազմա, բայց դրանք բուժել են: Սա վտանգավո՞ր է:
Պատասխան: Իհարկե ոչ, վտանգավոր չէ, սակայն անհրաժեշտ է, որպեսզի հղիները գտնվեն իրենց մանկաբարձ-գինեկոլոգի հսկողության տակ:
Անուն:Արփի
Հարց: Բարև Ձեզ: Ես 2 տարի է՝ ամուսնացած եմ: Երեխայիս ծնվելուց հետո՝ արդեն 7 ամիս է, իմ և ամուսնուս միջև սեռական հարաբերություններ չեն լինում, ամուսինս զբաղվում է ինքնաբավարարմամբ: Խնդրում եմ, կասե՞ք՝ որն է խնդիրը:
Պատասխան: Կարծում եմ, որ այս պարագայում առկա է որոշակի խնդիր, եթե սեռական հարաբերություններ ունենալու համար չկան որևէ խոչընդոտներ, ապա մաստուրբացիան համարվում է պաթոլոգիկ և անհրաժեշտ է պարզել պատճառներն ու կազմակերպել համապատասխան բուժում:
Անուն: Հարութ
Հարց: Երբեմն խնդիրներ եմ ունենում էրեկցիայի հետ, որը դրսևորվել է վերջերս, երբ զուգընկերս միայն սիրածս աղջիկն է: Էրեկցիա լինում է, բայց ինչ-որ պահի միանգամից հանգստանում է: Ի՞նչ խորհուրդ կտաք:
Պատասխան: Դա համարվում է արտահայտված վաղաժամ սերմնաժայթքում, ինչը կարող է լինել հոգեբանական լարվածությունից, սեռական օրգանների բորբոքային խնդիրներից և այլն: Համապատասխան բուժումը միշտ լինում է արդյունավետ:
Անուն: Քնքուշ
Հարց: Բարև Ձեզ: Երեխաս 6 տարեկան է: Վերջերս, նկատել եմ, որ խաղում է սեռական օրգանների հետ և դրանից հաճույք է ստանում: Նկատողություն արեցի, հիմա այդպես անում է ինձանից թաքուն: Խնդրում եմ, ասացեք՝ ինչպե՞ս վարվեմ: Դա որևէ հիվանդության ախտանշա՞ն է: Նախապես շնորհակալություն:
Պատասխան: Այս պրոցեսը, իհարկե, համարվում է պաթոլոգիական, և բնորոշվում է որպես վաղ նախապուբերտատային մաստուրբացիա: Անհրաժեշտ է անընդհատ շեղել երեխայի ուշադրությունը, ապահովել ֆիզիկական ծանրաբեռնվածություն, ոչ մի դեպքում չպատժել: Նաև կարևոր է սեքսոլոգիական խորհրդատվությունը:
Անուն: Մարիաննա
Հարց: Ամուսնուս հետ ունենք սեռական ակտիվության մեջ տարբերություն. ես բավականին ակտիվ եմ, իսկ նա` ինձնից պասիվ, ինչի արդյունքում հաճախ չեմ բավարարվում: Այս դեպքում կարելի՞ է դիմել հորմոնների օգնությանը: Եթե ոչ, ի՞նչ կառաջարկեք:
Պատասխան։ Սա դիտարկվում է որպես ամուսնական զույգի կոնստիտուցիոնալ-գենետիկ տիպի սեռական աններդաշնակություն, երբ առկա է ամուսինների սեռական պահանջմունքի տարբերություն: Այս խնդիրը կարող ենք կարգավորել՝ իրականացնելով համապատասխան բուժում ամուսնու առումով, իսկ կնոջ պարագայում չպետք է կիրառվեն որևէ հորմոնալ դեղամիջոցներ:



