«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:
Աստղիկ
Հարց. Հարգելի հոգեբան, աղջիկս 2.4 տարեկան է, սնվում է օրական 4 անգամ: Երբ քաղցած է լինում, ինքն է հայտնում այդ մասին: Սակայն քնելուց առաջ պարտադիր շշով կաթ է ուտում: Պե՞տք է, արդյոք անհանգստանալ:
Պատասխան. Շշով կաթ խմելը քնելուց առաջ դարձել է երեխայի քնելու սովորույթի մաս: Եթե երեխան քնելուց առաջ պետք է ինչ-որ հեղուկ ընդունի, բնական է, որ դա առավել հարմար է անել շշով: Փորձեք քնելու սովորույթի մեջ աստիճանաբար փոփոխություններ մտցնել:
Աննա
Հարց. Հարգելի հոգեբան, փոքրիկս 2 տարեկան է: Մի քանի օր առաջ նրա հետ միասին ատրակցիոն նստեցինք, մտածեցի, որ կուրախանա, բայց սարսափահար եղավ: Մինչև կանգնելը երկու պտույտ ևս կատարեց: Ի՞նչ հետևանքներ կարող են առաջ գալ դրա պատճառով:
Պատասխան.Կարևոր է, որ դուք չվախենաք երեխայի վախից: Երեխաներն ավելի շատ վախենում են՝ տեսնելով ծնողների տագնապը: Փորձեք պարզապես հետևել երեխայի վարքին: Նման դեպքեր շատ երեխաների հետ են տեղի ունենում: Եթե նկատեք երեխայի վարքում բացասական փոփոխություններ, անհապաղ դիմեք մանկական հոգեբանի:
Անուշ
Հարց. Աղջիկս 1.5 տարեկան է: Շատ ակտիվ և խելացի երեխա է, ամեն ինչ լսում և ընկալում է, սակայն դեռ ոչ մի բառ չի արտաբերում: Դիտում է օտարալեզու մուլտֆիլմեր: Կարո՞ղ է, արդյոք, դրա հետևանք լինել:
Պատասխան. Քանի դեռ երեխան չի սկսել խոսել մեկ լեզվով, ցանկալի չէ օտարալեզու մուլտֆիլմերի դիտումը: Հնարավորինս ապահովեք մեկ լեզվով շփում, խաղերի ընթացքում նրա հետ անընդհատ խոսեք, մասնակից դարձրեք ձեր առօրյա գործերին;
Լիլիթ
Հարց. Հարգելի հոգեբան, ես շատ անհանգստացած եմ որդուս դաստիարակության համար: Երբ տղաս սխալ վարք է դրսևորում, և ես բարկանում եմ, ամուսինս խրախուսում է տղայիս վարքը: Արդյունքում տղաս լսում է միայն նրան: Երբ հայրը տանը չէ, տղաս դառնում է շատ կարգապահ: Մենք բնակվում ենք բոլորից հեռու՝ ԱՄՆ-ում. երբ տեսազանգի միջոցով խոսում ենք նրանց հետ, տղաս իրեն շատ անկարգապահ է պահում, ես բարկանում եմ, տատիկը՝ ծիծաղում: Ահավոր անհանգիստ եմ, ի՞նչ անեմ, որ տղաս ճիշտ դաստիարակություն ստանա:
Պատասխան. Նման իրավիճակում ծնողները հաճախ են հայտնվում: Ձեր նամակից հասկացա, որ դուք մի փոքր էլ զայրացած եք մեծերի վրա և կարծում եք, որ նրանք այդպես դիտավորյալ են վարվում: Իրականում դա կարող է այդպես չլինել: Տատիկը երեխայի հետ հեռվից է խոսում, և բնական է, որ չի զայրանա նրա վրա՝ այդքան հեռավորությունից, բնական է նաև, որ նա նույնիսկ ծիծաղում է անկարգությունների վրա: Ձեր ամուսնու վարքը ևս կարող է նման պատճառներ ունենալ, այսինքն՝ գուցե նա չի հասկանում, որ իսկապես դա անկարգություն է կամ գուցե նա այլ կարծիքի է և չի պատկերացնում, որ իր վարքը կազդի երեխայի դաստիարակության վրա: Ուզում եմ ասել, որ փորձեք ավելի մեղմ նայել մարդկանց դաստիարակչական մոտեցումներին: Բոլորը նույն մտածողությունը չունեն և բոլորին նույն բանը չի կարող վտանգավոր թվալ: Փորձեք վերանայել նաև ձեր դաստիարակչական մոտեցումները: Հնարավոր է, որ որոշ դեպքերում դուք եք ավելորդ պահանջկոտ, և գուցե կան տեղեր, որտեղ դուք ևս պետք է ձեր վարքի մեջ փոփոխություններ մտցնեք: Եթե մի փոքր համապատասխանեցնեք ձեր դաստիարակչական պահանջները ձեր ամուսնու հետ, ապա վտանգ չի լինի, որ երեխան կսկսի չհարգել ձեր խոսքը: Բայց եթե դուք շարունակեք շեշտված կերպով ցուցաբերել տարբեր մոտեցումներ, ապա դա հնարավոր է: Այսինքն՝ սկզբունքն այս է՝ եթե ձեր ամուսինը չի փոխում վերաբերմունքը, դուք փորձեք մի փոքր ընդառաջ գնացեք՝ հանուն ձեզ և ձեր բալիկի:
Վիկա
Հարց. Աղջիկս 3 տարեկան է, գրում է ձախով: Որքան փորձում եմ նրան օգնել գրել աջով, չի ստացվում: Ի՞նչ կարող եմ անել:
Պատասխան.Եթե ձեր բալիկն ունենար կապույտ աչքեր, դուք կփորձեի՞ք տարբեր մեթոդներով և հորդորներով համոզել, որ աչքերի գույնը փոխվի: Վստահ եմ, որ ոչ, և իմ այս հարցը ձեզ անհեթեթ կթվա: Նույնքան անհեթեթ է երեխային ստիպել փոխել առաջատար ձեռքը: Եթե երեխան ձախլիկ է, դա նշանակում է, որ նյարդային համակարգը կառուցված է համապատասխանաբար, և ձեր հորդորից երեխայի առաջատար ձեռքը չի փոխվի: Նույնիսկ այն դեպքում, երբ ձախլիկ երեխային ստիպում են աջով գրել, միևնույն է, այդ երեխաները աջլիկ չեն դառնում, նրանց մոտ շարունակում է առաջատար լինել ձախ ձեռքը: Նրանք դրանով չեն գրում և ունենում են շատ նյարդային խնդիրներ:
Բայց, որպեսզի դուք մի փոքր հույս ունենաք և սպասեք, կարող եմ ասել, որ ձախլիկությունը կամ աջլիկությունը լիարժեք ձևավորվում է 5-7 տարեկանի մոտ: Այդ պատճառով դեռևս որևէ բան հստակ ասել չի լինի: Նաև խորհուրդ կտամ չպայքարել երեխայի այն որքկների դեմ, որոնք փոխելի չեն, դրանով կարող եք լուրջ վնաս հասցնել երեխայի առողջությանը: Այսօր դպրոցում, եթե մանկավարժը երեխային ստիպի գրել աջ ձեռքով ձախի փոխարեն, դա պատճառ է նրան աշխատանքից ազատելու, քանի որ դա համարվում է բռնություն:
Մարինա
Հարց. Հարգելի հոգեբան, աղջիկս 8 տարեկան է: Դրսում և դպրոցում չի շփվում ոչ ոքի հետ, չի պատասխանում իրեն ուղղված հարցերին: Տանը պատկերը լրիվ այլ է: Ի՞նչ կարող եմ անել:
Պատասխան.Պատճառը դժվար է այսպես ասել, բայց եթե ձեզ անհանգստացնում է երեխայի վարքը, եթե դա խանգարում է նրա բնականոն կյանքի ռիթմին, ապա պետք է դիմել մասնագետի: