ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ին ուղղված հարցերի հերթական խմբաքանակին:
Անանուն
Հարց. Բարև ձեզ, հնարավո՞ր է, արդյոք, սպերմատոզոիդների քանակն ավելացնել, եթե կա կասկած, որ դրանց բացակայությունը պայմանավորված է խոզուկ հիվանդությամբ:
Պատասխան. Պետք է ասել, որ երբ հիվանդանում են էպիդեմիկ պարոտիտով /խոզուկ / սեռահասուն տարիքում և այն ուղեկցվում է օրխիտով /ամորձիների բորբոքային պրոցես /, կամ աղջիկների մոտ՝ ձվարանների բորբոքմամբ, ապա մեծ է հավանականությունը, որ կարող է զարգանալ սպերմատոգեն /սերմառաջացման / ֆունկցիայի ախտահարում, արդյունքում՝ անպտղություն, եթե ժամանակին և ճիշտ չի իրականացվել ստացիոնար պայմաններում կազմակերպված բուժումը: Սա բավականին լուրջ ախտահարում է և, ցավոք սրտի, պետք է ասել, որ բուժման արդյունավետությունը երբեմն բարձր չի լինում: Ուստի անհրաժեշտ է ճիշտ և ժամանակին կատարել պարոտիտի պատվաստումը և կրկնապատվաստումները:
Արմինե
Հարց. Բարև ձեզ, կարելի՞ է, արդյոք, սեռական հարաբերություն ունենալ հղիության ընթացքում: Ես շատ եմ լսել, որ օրգազմի ժամանակ տեղի են ունենում արգանդի կծկումներ: Վնաս չէ՞, արդյոք, պտղի համար: Նախապես շնորակալություն։
Պատասխան. Հղիության ընթացքում, այո , կարելի է ունենալ սեռական հարաբերություններ, եթե չկան մանկաբարձական հակացուցումներ, իսկ դա որոշում է հղիությունը վարող մանկաբարձ-գինեկոլոգը: Սեքսոլոգիական տեսակետից սահմանափակումներ չկան, և սեռական ռեգուլյար կյանքը կնպաստի զույգերի մոտ լիարժեք սեքսուալ ներդաշնակության պահպանմանը:
Լիլիթ
Հարց. Եթե զույգն ընդունել է հակաբիոտիկներ խլամիդիայի բուժման համար, հնարավո՞ր է, արդյոք, մեկուկես ամիս անց հղիանալու դեպքում այդ դեղերն ազդեն ապագա երեխայի վրա: Կանխավ շնորհակալություն:
Պատասխան. Կարծում եմ` ոչ, հակաբիոտիկների ընդունումը դադարեցնելուց 1,5 ամիս հետո որևէ քիմիական մնացորդ, մետաբոլիտ չի կարող պահպանվել արյան մեջ, ուստի և չի հանդիսանա հակացուցում` հղիություն պլանավորելու և առողջ բալիկ ունենալու համար:
Նատալի
Հարց. Բարև ձեզ, հարգելի բժիշկ, հարցս հետևյալն է՝ ինչպե՞ս պաշտպանվեմ հղիանալուց առանց դեղորայք օգտագործելու: Խնդրում եմ՝ պատասխանեք հարցիս: Նախօրոք շնորհակալություն:
Պատասխան. Բեղմնականխման մի շարք մեթոդներ են հայտնի, սակայն ոչ դեղորայքային համարվող մեթոդներից անվտանգ են համարվում պահպանակի կիրառումը / մեխանիկական մեթոդ / և ներարգանդային պարույրի տեղադրումը: Երբեմն բեղմնականխման արդյունավետությունը բարձրացնելու համար խորհուրդ է տրվում երկու մեթոդի համակցում:
Արփինե
Հարց: Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանեք իմ հարցին՝ հարաբերություն ունենալուց օրգազմ չեմ ապրում, հարաբերություն եմ ունենում երեկոյան, իսկ առավոտյան ինքնաբավարարվամբ եմ զբաղվում, որպեսզի հանգստանամ: Դա կարո՞ղ է խանգարել հղիանալուն:
Պատասխան. Կարծում եմ` խնդիրն այն է, որ Ձեզ մոտ չի արթնացել հեշտոցային օրգազմի տեսակը, և առկա է միայն ծլիկային օրգազմ, ուստի սեռական հաճույք և օրգազմ ստանալու համար կիրառում եք մաստուրբացիա: Այն չի խոչընդոտում հղիությանը, սակայն առավել լիարժեք սեռական ներդաշնակություն ունենալու համար անհրաժեշտ է հեշտոցային կամ խառը տիպի օրգազմի ձևավորում:
Լիանա
Հարց: Բարեւ Ձեզ, ես արդեն 2 տարի է՝ ամուսնացած եմ, ունեմ բալիկ: Վերջին 3-4 ամիսներին հարաբերության ընթացքում ամուսինս շատ շուտ է հանգստանում: Առաջ այդպես լինում էր, բայց հազվադեպ ու ոչ այդքան արագ: Դա մեզ շատ է անհանգստացնում: Խնդրում եմ ասեք, թե ինչ անենք:
Պատասխան. Վաղաժամ սերմնաժայթքման խնդիրը, իրոք, բավական տարածված է և տղամարդկանց սեռական խանգարումների կառուցվածքում սեռական թուլությունից հետո երկրորդ տեղն է զբաղեցնում: Այն բազմապատճառային է և պահանջում է սեքսոլոգիական հետազոտություն և բուժում: Ճիշտ կազմակերպված բուժման պարագայում արդյունավետությունը լինում է բարձր:
Արփի
Հարց: Փոքրիկս շուտով 2 տարեկան կդառնա: Նրա ծնվելուց հետո ես նկատել եմ ինձ մոտ սեռական ցանկության բացկայություն: Միշտ խուսափում եմ հարաբերություն ունենալուց, իսկ երբեմն էլ որ հարբերություն ենք ունենում, տհաճություն եմ զգում: Ամուսնուս շատ եմ սիրում ու չեմ ուզում նեղացնել: Ի՞նչ է ինձ հետ կատարվում: Խնդրում եմ, օգնեք: Նախապես շնորհակալություն:
Պատասխան. Այդպիսի կրիզիսային շրջաններ լինում են, երբ կնոջ մոտ նվազում է սեռական ցանկությունը հատկապես երեխա ունենալուց հետո ընկած ժամանակահատվածում: Այդ ժամանակ կինը որոշակի տհաճություն է զգում սեռական կյանքի նկատմամբ: Եթե խնդիրն արդեն խանգարում է ամուսնական սեռական ներդշնակությանը, ապա սեքսոլոգիական բուժման անհրաժեշտութուն է առաջանում: