Հարցերին պատասխանում է Շենգավիթ ԲԿ-ի գինեկոլոգ Անի Բաբելյանը:
Գոհար
Հարց: Բարեւ Ձեզ: Ունեմ 3 տարեկան աղջիկ: Ցանկանում եմ կրկին մայրանալ, սակայն չի ստացվում: Նշեմ, որ կեսարյան հատումով եմ ունեցել, ունեմ նաեւ էրոզիա: Հնարավո՞ր է, որ դրանից լինի:
Պատասխան. Ձեր նշած պաթոլոգիան միանշանակ չի կարող անպտղության պատճառ հանդիսանալ, հարկավոր է լաարժեք հետազոտության ենթարկվել՝ հասկանալու Ձեր չհղիանալու պատճառը:
Մար
Հարց. Բարև Ձեզ, ես 20 տարեկան եմ, հղիությանս 12-13 շաբաթում ձախ ձվարանիս շրջանում սուր, անընդհատ ցավեր ունեցա: Ուլտրաձայնային հետազոտություն արեցին, պարզվեց, որ զույգ հղիություն է եղել, ընդ որում՝ 7 շաբաթականում մեկը կանգ է առել: Միաժամանակ ոլորված կիստա կա, եւ դա է ցավերի պատճառը: Անմիջապես վիրահատություն սկսեցին տեղային անզգայացումով, հեռացրին ձվարանն ու փողը, քանի որ սեւացած ու նեխած վիճակում էր: Խնդրում եմ, ասացեք, արդյո՞ք այդ վիրահատական միջամտությունը չի ազդի երեխայի վրա: Հիմա 20 շաբաթական հղի եմ, հաճախակի որովայնի աջ կողմի ստորին հատվածի ցավեր եմ ունենում: Ի՞նչ կարող եմ անել եւ ի՞նչը կարող է լինել պատճառը: Կանխավ շնորհակալություն:
Պատասխան. Վիրահատական միջամտությունը կատարվել է ճիշտ եւ ժամանակին: Եթե հետվիրահատական ընթացքը եղել է հարթ, եւ հղիությունը բնականոն զարգացել է, կարելի է ենթադրել, որ պտղի վրա բացասական ազդեցություն չի թողնի: Ինչ վերաբերում է աջ հատվածի ցավերին, դրանք կարող են լինել տարբեր պատճառներով, հարկավոր է դիմել հղիությունը վարող բժշկին եւ ստանալ նաեւ վիրաբույժի խորհրդատվություն եւ ուլտրաձայնային հետազոտություն:
Աննա
Հարց. Որպեսզի պարզեմ ձվազատման հետ կապված խնդիրներ կան, թե ոչ, դաշտանի օրվանից հետո որերո՞րդ օրը կամ օրերին կարող եմ դիմել:
Պատասխան. Անմիջապես դաշտանից հետո կարելի է դիմել գինեկոլոգի եւ նրա խորհրդով որոշակի կոնկրետ օրերի, մինչեւ դաշտանային ցիկլի 13-14-րդ օրերը, կատարել ուլտրաձայնաին հետազոտություն՝ օվուլյացիայի մասին ինֆորմացիա ստանալու նպատակով:
Մարգարիտ
Հարց. Հարգելի բժիշկ, 10 շաբաթական հղի եմ եւ հաճախակի փորկապություն եմ ունենում: Շատ ջուր եմ խմում օրվա ընթացքում, բայց, միեւնույն է, ունենում եմ փորկապություն (մինչեւ 3 օր տեւում է): Ինչպե՞ս կարող եմ լուծել այս խնդիրը՝ չվնասելով երեխային:
Պատասխան. Նախ՝ պետք է կարգավորել սննդակարգը, օգտագործել փափուկ սնունդ, այդ թվում՝ ապուրներ: Սնունդը պետք է ընդունել կոտորակային ձեւով՝ օրը 5-6 անգամ, քիչ չափաբաժնով: Սննդում օգտագործեք սալորաչիր:
Մերի
Հարց. Բարեւ Ձեզ: Օգոստոսի 27-ին վիժել եմ (8 շաբաթական հղիություն էր): Չենք մաքրել, ինքն իրեն եկել, մաքրվել է: Հնարավո՞ր է՝ այս ամիս հղիություն լինի:
Պատասխան. Եթե վիժումից հետո դաշտանային ցիկլը վերականգնվել է, ապա հնարավոր է հղիություն:
Անիտա
Հարց. Բարեւ Ձեզ, 3 օր է՝ պարզվել է, որ հղի եմ: Հավանաբար 1.5 ամսական է պտուղը, վարակվել եմ գրիպով, ունեմ կոկորդի ցավ: Հանրապետությունից դուրս գտնվելու պատճառով չեմ կարող դիմել բժշկի: Խնդրում եմ ասել՝ ինչ պետք է անել:
Պատասխան. Ցանկալի է, որ մանրակրկիտ նկարագրեք Ձեր գանգատները՝ ջերմության առկայություն, կոկորդի ցավ, հազ, թուլություն: Ամեն դեպքում ցանկալի է օգտագործել շատ հեղուկներ, վիտամին C, եւ ըստ գանգատների՝ անցկացնել սիմպտոմատիկ բուժում: