Հարցերին պատասխանում է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:
Ո՞ր տարիքից են ընդունում դպրոց
Ուսումնական հաստատության առաջին դասարան ընդունվում են այն երեխաները, որոնց վեց տարին լրացել կամ լրանում է տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ: Ավելի փոքր տարիքի երեխաների ընդունելությունն ուսումնական հաստատություն արգելվում է:
Դպրոցական տարիքի երեխային ուսումնական հաստատություն ընդգրկելու համար պատասխանատու է ծնողը՝ օրենքով սահմանված կարգով:
Տարիքից շուտ կամ ուշ բերելու դեպքում լինու՞մ են, արդյոք, մերժումներ
Համաձայն Հանրակրթության մասին ՀՀ օրենքի և ՀՀ կրթության և գիտության նախարարի «Հայաստանի Հանրապետության հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության սովորողի ընդգրկման, հաստատությունից սովորողի տեղափոխման և ազատման, ինչպես նաև սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման» կարգի՝ սովորողների ընդունելությունն ուսումնական հաստատություն իրականացվում է տնօրենի հրամանով` դպրոցահասակ երեխայի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի (այսուհետ` ծնող) դիմումի և հաստատության ու ծնողի միջև կնքված պայմանագրի հիման վրա:
Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ՝ դպրոց ընդունելու համար (նշել ժամկետները` ե՞րբ և ի՞նչ փաստաթուղթ է հարկավոր ներկայացնել)
Սովորողին դպրոց ընդունելու համար ծնողը ներկայացնում է`
1) դիմում` ուղղված տնօրենին,
2) բնակչության պետական ռեգիստրում հաշվառված լինելու մասին տեղեկանք,
3) ծննդյան վկայականի կամ անձնագրի բնօրինակը և պատճենը: Տնօրենի «Իսկականի հետ ճիշտ է» մակագրությամբ պատճենը պահպանվում է սովորողի անձնական գործում,
4) 2 լուսանկար՝ 3x4 չափսի,
5)վկայագիր` «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ» տրված տարածքային կառավարման պետական մարմնի կողմից, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողին հատուկ դպրոց ընդունելու համար։
Երեխային դպրոցից հանելու և այլ դպրոց ընդունելու ընթացակարգը ո՞րն է
Սովորողի ազատումը դպրոցից կատարվում է.
1)ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) դիմումի հիման վրա,
2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա:
Հայաստանի Հանրապետության տարածքում դպրոցից դպրոց տեղափոխությունը, այլ երկրներից Հայաստանի Հանրապետություն առանց կրթության վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի՝ վերադարձած սովորողի դասարանը, նաև սահմանված ժամկետից ուշ սովորողի հանրակրթության մեջ ընդգրելը կատարվում է վերոհիշյալ կարգի պահանջներին համապատասխան:
Բարձրացված հարցերի վերաբերյալ մանրամասն տեղեկությունները ներառված են հետևյալ փաստաթղթերում.
1.ՀՀ օրենքը «Հանրակրթության մասին»
2.«Հայաստանի Հանրապետության հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության սովորողի ընդգրկման, հաստատությունից սովորողի տեղափոխման և ազատման, ինչպես նաև սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման» կարգ / ՀՀ կրթության և գիտության նախարարի հրաման/ ։



