Վաղ առավոտյան արթնանում ենք, խնամքով լվացվում ենք և նախաճաշում, ստուգում ենք պատշաճ դասավորված պայուսակն ու շտապում դուրս գալ տնից․ սա կարճ այն մասին է, թե ինչպես է սկսվում յուրաքանչյուր դպրոցականի օրը նոր ուսումնական տարվա մեկնարկին պես:
Դժվար է ասել, որ բոլոր փոքրիկները հեշտությամբ և մեծ ոգևորությամբ են ամռան անհոգ օրերից անցում կատարում դպրոցական կյանքին: Աշակերտի դերը ստանձնելը, բնականաբար, ենթադրում է պարտականությունների ու իրար հերթ չտվող «պետք է»-ների շարք, որը եկել է փոխարինելու «ուզում եմ»-ին:
«Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Վարդինե Մեսրոպյանը ևս փաստում է՝ անկախ տարիքից երեխան կարող է ունենալ որոշակի դժվարություններ՝ դասապրոցեսի վերսկսման հետ կապված: «Դպրոց գնալու հանգամանքին հոգեպես նախապատրաստվելու մեջ էական է ծնողի գործոնը: Բալիկներից հաճախ կարող ենք լսել՝ «Չեմ ցանկանում գնալ», «Թող դասերը չսկսվեն», «Այնտեղ խաղալ չի ստացվի, այնպես որ չեմ գնա» արտահայտությունները: Բայց երբ ծնողն է ասում՝ «Ինչպես եմ հասցնելու», «Տանջալից օրերս մոտենում են», «Գործն ու դասերը խառնվելու են իրար», ապա դա իդեալական հիմք է ստեղծում երեխայի բացասական տրամադրության խորացման համար»,- նկատում է մասնագետը: Նա ընդգծում է, որ շեշտը պետք է դնել դրականի վրա: Կրտսեր դպրոցականի համար դրական նախատրամադրվածություն կարող են ապահովել համատեղ գնումների կատարումը, գրենական պիտույքի ու հագուստի ընտրությունը: Առավել մեծ տարիքի երեխաների հետ կարելի է զրուցել և անպայման նշել՝ դպրոցը միայն գիտելիք ստանալու վայր չէ, այն անձին տալիս է նաև շփման, դրսևորման, ընկերներ ունենալու հնարավորություն:
Ընդհանուր գործընթացի սկիզբը սահուն կերպով կազմակերպելը կարևոր է, սակայն երաշխիք չէ, որ մոտիվացիան կպահպանվի: Սա նշանակում է, որ առաջին մեկ ամիսը երեխայի համար դեռևս ադապտացիոն, հունի մեջ ընկնելու շրջան է: «Փոքրիկի ողջ ազատ ժամանակը միանգամից կրճատելն ու խաղային գործոնը հանելը լավ չեն անդրադառնա նրա վրա, կխանգարեն ադապտացիային: Ամբողջը պետք է կատարվի քայլ առ քայլ: Ի դեպ, մանկավարժների կողմից դիտվող ավելորդ խստությունը ևս խոչընդոտ է հանդիսանում, քանի որ տվյալ միջավայր նոր ոտք դրած փոքրիկի մոտ կարող է առաջ բերել վախ դպրոցից և կրթական հաստատությունից, իսկ մեծ տարիքի երեխայի մոտ՝ նմանատիպ ուրիշ հոգեբանական դժվարություններ»,- մանրամասնում է մասնագետն ու շարունակում՝ ամենը պետք է լինի բալանսավորված, որպեսզի ոչ թե վնասի, այլ օգնի բալիկին:
Հոգեբանը բացատրում է, որ դասապրոցեսի հանդեպ ճիշտ վերաբերմունք ձևավորելիս անհրաժեշտ է վերանայել գնահատականներին ու խրախուսանքի ձևերին առնչվող մոտեցումները: Օրինակ՝ «Սա անես, գումար կտանք կամ ցանկությունդ կիրականացնենք» տարբերակն իրական ոգևորում չէ: Երեխան այդ պարագայում ձեռք է բերում կախվածություն և դիտարկում ուսումնական պրոցեսը որպես դրամաշրջանառություն: Փոխարենը կարելի է ասել` «Եթե այս կիսամյակում կարողանաս վերցնել համապատասխան գիտելիքներ, մենք կօգնենք, որ դու ունենաս քո սիրելի իրը»: Այս գործողություններին զուգահեռ հարկավոր է սովորեցնել փոքրիկին ինքնուրույն անել առաջադրանքներն ու դպրոցական պարտականությունները, կատարել օրվա ռեժիմի ճիշտ տարաբաժանում, որն էլ կտանի պրոդուկտիվության աճի:



