Այսօր մայիսի 28-ն է՝ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրը: 95 տարի առաջ այս օրերին մեր ժողովուրդը կենաց մահու ճակատամարտ էր մղում թուրքական զավթիչների դեմ:
1918թ. մայիսի 26-ին լուծարվեց Անդրկովկասյան սեյմը, և դրանով իսկ կազմալուծվեց Անդրկովկասյան
Հանրապետությունը։ Այդ նույն օրը Վրաստանը հռչակեց իր անկախությունը, հաջորդ օրը՝ Ադրբեջանը, իսկ մայիսի 28-ին Թիֆլիսում գործող Հայոց Ազգային խորհուրդը որոշեց հռչակել Հայաստանի անկախությունը։
Ցեղասպանություն ապրած հայ ժողովուրդը, թշնամու մահաբեր սպառնալիքի պայմաններում, ուժ գտավ իր մեջ և վերականգնեց հայոց անկախ պետականությունը։ Հայաստանի անկախության համար հայ ժողովուրդը պարտական էր ազատագրական իր տևական պայքարին, Սարդարապատի, Բաշ Ապարանի հաղթական հերոսամարտերին։
Լուսանկարը` Razmig Makdessian Photography-ի