Էջմիածնի Մայր տաճար

Էջմիածնի Մայր տաճարը, որը հայտնի է նաև Վաղարշապատի ՍուրբԿաթողիկե եկեղեցի և Շողակաթ Սուրբ Աստվածածին եկեղեցի անուններով,գտնվում է ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում:

Այն ամենայն հայոց կաթողիկոսության կենտրոնն է: Ագաթանգեղոսի վկայությամբ` կառուցել է Գրիգոր Ա Լուսավորիչը Տրդատ Գ թագավորի օժանդակությամբ, 302-303-ին, Հայաստանի մայրաքաղաք Վաղարշապատում, արքունի ապարանքի մոտ: Ըստ պատմիչի` Գրիգոր Ա Լուսավորիչը հայոց առաջին եկեղեցին կառուցելու համար ընտրել է տեսիլքում հրեշտակի ցույց տված` ոսկե խարսխի վրա հառնող հրեղեն սյան լուսե խաչի տեղը: Հայոց հայրապետը նախ պարսպապատել է տվել վայրը և ապա կանգնեցրել Փրկչական սուրբ Նշանը (XIII դարից տեսիլքին վերագրվել է այլ բովանդակություն , համաձայն որի` Աստծո Միածին Որդին լուսեղեն կերպարանքով իջել (այստեղից` «Էջմիածին» անունը) և ձեռքի ոսկե մուրճով գետնին զարկելով` նշագրել է տաճարի հիմնադրման տեղը):

 

Համաձայն Գրիգոր Ա Լուսավորչի տեսիլքի` Էջմիածնի Մայր տաճարի ներսում, ուղիղ գմբեթի տակ, հիմնադրվել է Իջման սուրբ Սեղանը (նրա կառուցման ձևի մասին տեղեկություններ չեն պահպանվել):

Ըստ ազգային ավանդության` Համաշխարհային ջրհեղեղից հետո Նոյ նահապետը այդտեղ է սեղան կանգնեցրել և գոհունակության պատարագ մատուցել: Հետագայում նույն տեղում կառուցվել է մեհյան:

Տարբեր տեսակետների համաձայն, տաճարի հորինվածքը եղել է եռանավ բազիլիկ (Թ. Թորոմանյան, Ա. Սահինյան), ուղղանկյուն, քառամույթ գմբեթավոր (Ա. Երեմյան, Ա. Խաչատրյան), սուրբ Խաչի վրա կանգնած քառասյուն ամպհովանի տեսքով (Ստ. Մնացականյան), թաղածածկ դահլիճ (Ն. Տոկարսկի), սկզբից ևեթ կառուցվել է ներկայիս հորինվածքով (Վ. Գրիգորյան):

1950-ական թթ. Մայր տաճարի պեղումների ընթացքում բացվել են IV դ. գմբեթակիր մույթերի խաչաձև խարիսխները, Ավագ խորանի տակ` Վանի թագավորության ժամանակների կոթող և նախնական խորանը` կենտրոնում թոնրաձև կրակարանով: Չեն հայտնաբերվել ենթադրյալ բազիլիկի հետքերը, ինչը հիմք է տալիս եզրակացնելու, որ Մայր տաճարը, ի սկզբանե լինելով գմբեթավոր, աշխարհում առաջին գմբեթավոր եկեղեցին է:

Մայր տաճարի նախնական կառույցից պահպանվել են հյուսիսային և արևմտյան պատերի հատվածները, անկյուններում` մոդուլիոններով քիվերով փոքրիկ ճակտոնները, հյուսիսային պատին` Պողոս առաքյալի և սուրբ Թեկղեին պատկերող, հունարեն մակագրություններով պատկերաքանդակ և շրջանի մեջ ներգծված հավասարաթև խաչով, երկու կողմերում թռչուններով հարթաքանդակ, որոնք քրիստոնյա Հայաստանի քանդկագործական արվեստի վաղագույն նմուշներն են:

Էջմիածնի Մայր տաճարի Ավագ խորանում Գրիգոր Ա Լուսավորիչը սեղան է կանգնացրել և օծել Շողակաթ սուրբ Աստվածածին անունով` եկեղեցու տոնը կարգելով օգոստոս ամսին, Վերափոխման շաբաթ օրը: Գրիգոր Ա Լուսավորիչն այդտեղ է հաստատել Հայոց քահանայապետությունը, կառուցել հայրապետանոց, կացարաններ, հիմնել Էջմիածնի դպրոցը` նորաստեղծ քրիստոնյա եկեղեցու սպասավորներ և ուսուցիչներ պատրաստելու համար:

360-ական թթ. Պարսից Շապուհ II արքան ներխուժելով Հայաստան, ըստ պատմիչ Փավստոս Բուզանդի, գրավել է Վաղարշապատը և ավերել բոլոր շինությունները: Պարսկական արշավանքից հետո Հայաստանի ավերված վանքերը (նաև Մայր տաճարը) վերանորոգել են կաթողիկոսներ Ներսես Ա Մեծը և Սահակ Պարթևը: 484-ին Ամենայն հայոց կաթողիկոսությունը Դվին տեղափոխվելուց հետո Մայր տաճարը շարունակել է մնալ իբրև Հայ եկեղեցու սրբազանության կենտրոն: Պատմիչ Ղազար Փարպեցու վկայությամբ` Հայաստանի կառավարիչ, իշխան Վահան Մամիկոնյանը 483-484-ին հիմնովին վերակառուցել է Մայրտաճարը, որից հետո այն ստացել է հատակագծային ու տարածական իր այժմյան տեսքը: Նրա` քառակուսուն մոտ ուղղակյուն աղոթասրահի արևմտյան, հարավային և հյուսիսային կողմերում արտաքուստ շեշտված են ներսից կիսաշրջանաձև ու դրսից հնգանիստ խորանները: Մայր տաճարի արևելքում դրսից եռանիստ Ավագ խորանի երկու կողմերում մեկական ավանդատներ են: Աղոթասրահի կենտրոնում, չորս հաստահեղույս մույթերի վրա ձգվող կամարները կրում են տաճարի գմբեթը: Մայր տաճարի խաչաձև-կենտրոնագմբեթ, քառամույթ, քառախորան այս հորինվածքը հայկական եկեղեցական ճարտարապետության մեծ ավանդն է ողջ քրիստոնեության ճարտարապետության մեջ: Այն VII դ. Հայաստանում կրկնվել է Բագարանի Սուրբ Թադեոս եկեղեցում և Բյուզանդիայի միջոցով IX-XI դդ. տարածվել Եվրոպայում (Ֆրանսիա, Իտալիա, Հունաստան):

V դ., Ղազար Փարպեցու վանահայրության օրոք, Մայր տաճարի փայտե ծածկը հրդեհվել է: Ըստ պատմիչ Սեբեոսի, VII դ. I-ին երեսնամյակին Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսը փայտե ծածկը փոխարինել է քարով: Տաճարը VII դ. կեսին նորոգել է Ներսես Գ Տայեցի կաթողիկոսը: Համաձայն Ստեփանոս Տարոնեցու, 982-ին արաբ Աբլհաճ Ամիրան իջեցրել է Մայր տաճարի գմբեթի խաչը: Մայր տաճարը զգալի վնասվել է արաբների, սելջուկյան թուրքերի, թաթար-մոնղոլների արշավանքներից: XIII դ. Ստեփանոս արքեպիսկոպոսՕրբելյանը առաջին անգամ կիրառել է «Էջմիածին» անունը տաճարի համար: 1431-ին իշխան Ռուստամ Օրբելյանը Մայր տաճարին 7 գյուղ է նվիրել` տնտեսական հիմք ստեղծելով Ամենայն հայոց կաթողիկոսությունը 1441-ին Վաղարշապատում վերահաստատելու համար:  Նորընտիր կաթողիկոս Կիրակոս Ա Վիրապեցին սկսել է Մայր տաճարի նորոգումը, որն ավարտել է Գրիգոր Ժ Ջալաբեկյանց կաթողիկոսը: Տաճարի նորոգմանն աջակցել է Թովմա Մեծոփեցին: XV դարից տաճարը կոչվել է Էջմիածնի Մայր տաճար:

XVII դ. սկզբին Պարսից շահ Աբաս I-ը որոշել է ամբողջապես քանդել Մայր տաճարը, քարերը տեղափոխել Պարսկաստան և Սպահանի մոտ կառուցել նոր տաճար` հայրենիքից տեղահանված տասնյակ հազարավոր հայերին նոր բնակատեղիին կապելու համար: Այդ ծրագիրը լրիվ չի իրագործվել, հետագայում որոշվել է տանել տաճարի հանգուցային քարերը, պատարագի սուրբ Սեղանը, Քրիստոսի իջման տեղի քարը, մկրտության ավազանը, բեմի քարերից, քարե աշտարակներ և այլն, ինչպես նաև` Լուսավորչի Աջը: Տեղափոխված քարերը հետագայում դրվել են  Նոր Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ վանքի եկեղեցու պատերի շարվածքում, և դարերի ընթացքում խարխլված տաճարն ավելի է քայքայվել:

XVII դ., ըստ պատմիչ Առաքել Դավրիժեցու, Մայր տաճարի ծածկը և գմբեթը քանդված են եղել, պատերի շատ քարեր` թափված, հիմքերը` վնասված, տաճարը` կողոպտված: Մովսես Գ Տաթևացի կաթողիկոսը հիմնովին նորոգել է տաճարը, նոր գմբեթ կառուցել, դրսից և ներսից ամրացրել պատերը և հիմքերը, վերակառուցել է ծածկը: Նա Մայր տաճարը շրջապատել է յոթ բուրգերով ամրացված պարիսպներով, նրանց կից խցեր են և տնտեսական շենքեր կառուցել: Մայր աթոռի համալիրում Մայր տաճարը թողնվել է ազատ, բակի կենտրոնում, հավասարապես հեռու աշխարհիկ շենքերից: Կառուցապատման այս սկզբունքը հետագայում կիրառվել է XVII դ. հայկական վանքերում և անապատներում:

Մայր տաճարի նոր գմբեթի թմբուկի 12 նիստերին մեդալիոնների ձևով քանդակված են առաքյալների դիմապատկերները: Նրանք պատկերված են լուսապսակով և կիսանդրիով, կերտված ամենայն մանրամասնությամբ. նրանցից յուրաքանչյուրի դիմագծերն օժտված են շեշտված անհատականությամբ:

Փիլիպոս Ա Աղբեկեցի կաթողիկոսը վերակառուցել է 1635-36-ի թուրք-պարսկական պատերազմի ժամական ավերված Էջմիածնի կաթողիկոսարանի շենքերը: Կառուցել է արլևելյան խցերը, ձիթհանքեր, փայտաշեն սեղանատունը վերաշինել քարով, սալարկել բակը,  նորոգել տաճարի տանիքը: 1654-ին, պոլսեցի մեծահարուտ Անտոն Չելեպիի բարերարությամբ, սկսվել է Մայր տաճարի արևմտյան ճակատին կից զանգակատան շինարարությունը: 1655-ին Փիլիպոս Ա Աղբակեցու  վախճանից հետո զանգակատան ընդհատված շինարարությունը 1657-ին շարունակվել է և 1658-ին ավարտվել`Հակոբ Դ Ջուղայեցի կաթողիկոսի օրոք: Այն կառուցել է ճարտարապետ Սահակ Հիզանեցին` մասնակցությամբ ուստա Մովսեսի (շինարարության ընթացքում ընկել է շենքից և զոհվել): Շինարարական աշխատանքները ղեկավարել է վերակացու Հովհաննեսը: Մայր տաճարի եռաստիճան, սլացիկ համաչափություններով սյունազարդ զանգակատունը օրինակ է ծառայել XVII-XVIII դդ. հայկական վանքերի ու եկեղեցիների նույնատիպ կառույցների համար:

Մայր տաճարի զանգակատան արևմտյան ճակատին քանդակված է Քրիստոսի, հարավայինին` Գրիգոր Ա Լուսավորչի, հյուսիսայինին` Տրդատ Գ թագավորի պատկերները: 1664-ին զանգակատան որմնանկարները կատարել է Զաքարե Ոսկերիչը: Նույն թվականին երկրորդ հարկում Սուրբ Հրեշտակապետաց սեղան է օծվել: 1682-ին կաթողիկոս Եղիազար Ա Այնթապեցին տաճարի հարավային, արևելյան և հյուսիսային խորանների տանիքներին փոքրիկ զանգակատներ է կանգնեցրել, 1684-ին Իջման սուրբ Սեղանի վեմ քարը վերցրել է մարմարակերտ չորս սյուների վրա կառուցված գեղեցիկ գմբեթի տակ, Ավագ խորանի բեմապատը երեսպատել մարմարե սալերով, նորոգել մույթերը, սալարկել աղոթասրահը, հարավային խորանում` սուրբ Հովհաննես Կարապետի, իսկ հյուսիսայինում սուրբ Ստեփանոսի սեղաններ օծել:

1720-ին Աստվածատուր Ա Համադանցի կաթողիկոսի պատվերով Մայր տաճարի գմբեթը, Ավագ խորանը, թաղերն ու կամարները բազմերանգ ու ոսկոզօծ զարդանախշերով է պատել նշանավոր տաղերգու և նկարիչ Նաղաշ Հովնաթանը: Պահպանվել են միայն գմբեթի վերնամասի նկարազարդումները, որոնցում նկատելի է պարսկական արվեստի ազդեցությունը` արտահայտված զարդերի խիտ հյուսվածքներով, բուսական մոտիվներով արաբեսկային նկարվածքով, նոճիների կիրառումով: Արժեքավոր են Մայր տաճարի պատերին Նաղաշ Հովնաթանի կատարած դիմանկարները և թեմատիկ որմնանկարները: Դրանցից մնացել է երեք հատված (այժմ գտնվում են ՀԱՊ-ում), որոնք պատկանում են Տրդատ թագավորին` Աշխեն թագուհու և քրոջ` Խոսրովիդուխտի հետ, աղոթող զինվորին և Հայկ Նահապետին: Մայր տաճարի ներսի ձևավորման կարևոր տարրերն են եղել Նաղաշ Հովնաթանի գեղանկարչական, հաստոցային գործերը: Նա նկարել է սրբերի, հոգևորականների, բազմաֆիգուր թեմատիկ կտավներ («Ոտնլվա», «Խորհրդավոր ընթրիք» և այլն):

Կարապետ Բ Ուլնեցի կաթողիկոսը Ավագ Խորանի բեմապատին նկարել է տվել ոսկեզօծ և ծաղկահյուս շրջանակների մեջ ներառված 12 առաքյալների դիմանկարները, կենտրոնում` մանուկ Հիսուսին գրկած սուրբ Աստվածածնին, եզրերին` սուրբ Ստեփանոս ու սուրբ Փիլիպոս նախասարկավագներին: 1734-ին Աբրահամ Գ Կրետացի կաթողիկոսը Ավագ խորանի երկու կողմերում սեղաններ է օծել, աջում` նվիրված Հակոբ և Հովհաննես առաքյալներին, ձախում` Գրիգոր Ա Լուսավորչին, նկարազարդել է տվել պատերը և մույթերը:

Ղազար Ա Ջահկեցի կաթողիկոսի ջանքերով կառուցվել են Ղազարապատ հյուրանոցը և Վեհարանը: Նա Էջմիածին է հրավիրել Նաղաշ Հովնաթանի Հակոբ և Հարություն որդիներին, որոնք նկարազարդել են Մայր տաճարը և Վեհարանը: 1766-ին Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսը Էջմիածնի Մայրավանքը պարսպապատել է երկրորդ շարքով, 1770-ին նորոգել Մայր տաճարի տանիքը, միաբանության ամառային սեղանատունը, 1771-ին հնդկահայ բարերար Գրիգոր Խոջաջանյանի միջոցներով Մայր աթոռում հիմնել Արևելյան Հայաստանում առաջին տպարանը: Մայր տաճարի ներսը ձևավորելու համար նա հրավիրել է Հովնաթան Հովնաթանյանին, որն աշխատանքներն ավարտել է 1786-ին, Ղուկաս Ա Կարնեցի կաթողիկոսի օրոք: Հովնաթան Հովնաթանյանի` Մայր տաճարի զարդարման աշխատանքները բաժանվում են երեք խմբի` Հին ու Նոր կտակարանների թեմաներով արված առանձին նկարներ, սրբերի և պատմական գործիչների դիմանկարներ և ծաղկանկարներ (հաստոցային նկարների մեծ մասը պահվում է ՀԱՊ-ում, իսկ զարդանկարները ծեփով ծածկել է տվել Մկրտիչ Ա Վանեցի կաթողիկոսը): Ի դեմս տաճարի մույթերի, խորանների պատերի առանձին հատվածների համար նախատեսված նկարների (Սահակ Ա Պարթևի, Մեսրոպ Մաշտոցի, Դավիթ Անհաղթի, Ներսես Շնորհալու, Գրիգոր Տաթևացու և այլն) Հովնաթան Հովնաթանյանը տվել է հայկական կերպարվեստում շքերթային դիմանկարի առաջին օրինակները: Իսկ թեմատիկ նկարներում («Աստվածընկալ Մարիամ», «Մոգերի երկրպագությունը», «Մուտք Երուսաղեմ», «Խորհրդավոր ընթրիք», «Խաչելություն») կրկին առաջինը հայ գեղանկարչության մեջ ստեղծել է դասական սկզբունքներով ստեղծված հորինվածքներ: Նրա` սուրբ Աստվածածնին պատկերող նկարների շարքում ակնառու է ավանդական թեմայի ինքնատիպ լուծման հակումը: 1784-ին Ղուկաս Ա Կարնեցի կաթողիկոսը փոխել է Մայր տաճարի արտաքին պատերի ներքևի չորս շարքի և որմնախարսխի քայքայված քարերը, 1785-ին` բակը սալահատակել, 1786-ին` նորոգել տվել տաճարի որմնանկարները և լրացրել նոր, ոսկեզօծ ծաղկանկարներով, ամրացրել գմբեթակիր հյուսիսային մույթերը:

1804-13-ին, ռուս-պարսկական պատերազմի ընթացքում, ռուսական կողմը տաճարն իբրև բերդ է օգտագործել, որի համար խորանների զանգակատների շուրջը պատնեշներ են կառուցվել: Ռուս զինվորները տաճարի տանիքին շուրջօրյա պահակության ընթացքում կրակ են վառել, որի հետևանքով տանիքի սալերը ճաքճքել են, և անձրևաջրերը ներս են թափանցել: 1813-ին Եփրեմ Ա Ձորագեղցի կաթողիկոսը նորոգել է Մայր տաճարի տանիքը և դպրատուն կառուցել: 1837-ին, Ռուսաց Նիկոլայ I կայսրի` Հայաստան այցելելու նախօրյակին, նորոգվել և բարեկարգվել են տաճարը և Մայրավանքը: 1866-ին Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսի նախաձեռնությամբ հանգանակություն է կազմակերպվել Մայր տաճարի նորոգման համար: 1868-1919-ին Մայրավանքում հրատարակվել է Հայաստանում առաջին պարբերականը` «Արարատ» ամսագիրը, իսկ 1874-ին բացվել հոգևոր բարձրագույն դպրոց` Գևորգյան ճեմարանը: 1868-69-ին Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսը Մայր տաճարի արևելյան կողմում, նրա ողջ լայնությամբ, Ռուսաստանի հայ համայնքների միջոցներով կցաշենք է կառուցել Էջմիածնի եկեղեցապատմական թանգարանի համար: Նրա արևելյան ճակատի միջին մասում խորանաձև ծավալ է դուրս բերվել`  տաճարի արտաքուստ խաչաձևությունը չխախտելու համար, սակայն կառույցն իտալական Վերածնության իր ճարտարապետական ոճով անհարազատ է Մայր տաճարի ընդհանուր կերպարին:

1888-ին ճարտարապետ Մ. Սալամբեկյանի ղեկավարությամբ սկսվել են Մայր տաճարի նորոգման աշխատանքները: Տաճարի պատերի քայքայված եռաստիճան հիմնախարիսխը փոխարինվել է նորով: Մայրավանքի ընդարձակ բակը, որը զգալիորեն բարձր էր տաճարի հատակից, հողահեռացմամբ ցածրացվել է, և շենքն ազատվել վերգետնյա ջրերի ազդեցությունից: Մակար Ա Թեղուտցի կաթողիկոսը,  ելնելով Մայր տաճարի պատմաճարտարապետական և կրոնաազգային բացառիկ կարևոր նշանակությունից, հրահանգել է նորոգման ժամանակ անաղարտ պահել տաճարի ավանդական ձևերը: 1889-ին փոխվել են զանգակատան մույթերի վնասված քարերը, վերանորոգվել «Տրդատադուռ» դարպասը,  բակում ծառուղիներ ստեղծվել: Մայր տաճարի մուտքերի (երեքն են) դռները փոխարինվել են կաղնու փայտից պատրաստված, նրբորեն ու հայաոճ զարդաքանդակված դռներով:

Մկրտիչ Ա Վանեցի կաթողիկոսը Մայր տաճարի նորոգումը ղեկավարելու համար հրավիրել է նկարիչ Վարդգես Սուրենյանցին: Նա 1909-ին հրապարակել է տաճարի նորոգման իր մշակած գիտամեթոդական սկզբունքները: 1909-1910-ին Մայր տաճարը մանրամասնորեն չափագրվել է: 1910-ի մայիսի 15-ին Գևորգ արքեպիսկոպոս Սուրենյանցի նախագահությամբ և Կոմիտաս վարդապետի քարտուղարությամբ կայացած խորհրդակցությունում որոշվել են վերանորոգման աշխատանքների մեթոդներն ու հերթականությունը: 1914-ին, մեծահարուստ Ալեքսանդր Մանթաշյանի բարերարությամբ, Էջմիածնի Մայր տաճարը մասնակի նորոգվել է:

1915-ին Էջմիածնի Մայրավանքը դարձել է Մեծ եղեռնից մազապուրծ հայ գաղթականների հավաքատեղի և ապաստարան:

1921-ին Մայր տաճարի հարավային խորանի գմբեթարդը և տանիքի զանգակատունը փլվել են: 1923-ին Ա. Թամանյանի և Թ. Թորոմանյանի գիտական ղեկավարությամբ հարավային խորանը վերականգնվել է, հանվել են թանգարանի տանիքի զույգ գմբեթները` տաճարի ընդհանուր կերպարին անհարիր լինելու պատճառով:

1945-ին կաթողիկոս Գևորգ Զ Չորեքչյանի առաջարլով ազգային-եկեղեցական ժողովը որոշում է ընդունել Մայր տաճարի հիմնովին նորոգման մասին, որն իրականացվել է 1954-55-ին` Հայաստանի կառավարության հատկացրած միջոցներով: Աշխատանքները կատարվել են հատուկ հանձնաժողովի (գրողներ` Ա. Իսահակյան, Դ. Դեմիրճյան և Ս. Զորյան, նկարիչներ` Մ. Սարյան և Գ. Գյուրջյան, հնագետ` Կ. Ղաֆադարյան, ճարտարապետներ` Ս. Սաֆարյան, Ռ. Իսրայելյան, Մ. Գրիգորյան, Հ. Մարգարյան, Վ. Հարությունյան, Կ. Հովհաննիսյան,  Լ. Սադոյան և ուրիշներ) հսկողությամբ: Երկաթբետոնով ամրացվել են տաճարի կրող կոնստրուկցիաները` մույթերը և կամարները, նորոգվել ծածկի խաչվող թաղերը: Մ. Սարյանի գլխավորած հանձնաժողովի հսկողությամբ, արվեստաբան Լ. Դուռնովոյի ղեկավարությամբ 20 նկարիչներից բաղկացած խումբը մաքրել, ամրացրել ու լրացրել է տաճարի որմնանկարները:

Կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի գահակալության շրջանում մեծածավալ աշխատանքներ են կատարվել Մայր տաճարի ուսումնասիրման, նորոգման և բարեզարդման ուղղությամբ: Այդ նպատակով միջոցներ է տրամադրել Գալուստ Կյուլպենկյան հիմնարկությունը: 1955-59-ին Մայր տաճարի հատակը պեղվել է, շաղախի ներարկումով ամրացվել են տաճարի պատերը, տանիքը ծածկվել է կապարե թիթեղներով, աղոթասրահը սալահատակվել հայաստանյան մարմարով: Այցելուների համար մատչելի է դարձել Ավագ խորանի տակ բացված լուսավորչաշեն խորանը (մուտքը` թանգարանից), գմբեթակիր մույթերի նախնական խարիսխները ծածկվել են ապակիով: 1959-ին վերականգնվել է հարավային խորանի վրայի զանգակատունը: Վազգեն Ա կաթողիկոսը, հաշվի առնելով Իջման սուրբ Սեղանի չափերի անհարմարությունը Մայր տաճարի ներսում, գմբեթակիր սյունազարդ այդ կառույցը փոխարինել է ծավալով ավելի փոքր ու գեղեցիկ մարմարակերտ սուրբ Սեղանով, որն այլևս չի խանգարում հավատացյալներին` հետևելու Ավագ խորանի վրա մատուցվող սուրբ Պատարագին: Նոր` սուրբ Աստվածածնի պատկերով Իջման սուրբ Սեղանի ճարտարապետը Ռ. Իսրայելյանն է, նկարիչը` Գ. Խանջյանը: Իջման սուրբ Սեղանի XVII դ. ամպհովանին, նկատի առնելով նրա պատմագեղարվեստական արժեքը, տեղափոխվել է Էջմիածնի Ս. Գայանե վանքի եկեղեցու Ավագ խորան: Տաճարի բարեզարդման մաս են կազմել բեմի վարագույրը և հարավային ու հյուսիսային խորանների սեղանները (ճարտարապետ` Ա. Գալիկյան), բյուրեղապակե ջահերը, պատուհանների երկաթե վանդակները (Գ. Խանջյան): Պատրաստվել է Մկրտության ավազան (ճարտարապետ` Ա. Գալիկյան), որն ունի Քրիստոսի մկրտությունը պատկերող որմնանկար (Հ. Մինասյան): Նորոգվել և հարդարվել է տաճարին կից թանգարանը, որտեղ պահվում և ցուցադրվում են 800-ից ավելի եկեղեցական կիրառական արվեստի բացառիկ արժեքավոր իրեր (ոսկե ու արծաթե, ականակուռ ու մարգարտաշար խաչեր, խաչվառներ, սկիհներ, բուրվառներ, գավազաններ, գոտիներ, սաղավարտներ, թագեր, խույրեր, բազպաններ, մատանիներ, գորգեր, վարագույրներ, գրամատյաններ, սուրբ Մյուռոնի սափորներ, կաթսաներ, մասնատուփեր, շուրջառներ և այլն):

Էջմիածնի Մայր տաճարում են պահվում Հայ առաքելական եկեղեցու կարևորագույն սրբություններ սուրբ Գեղարդը, Թադեոս  առաքյալի Աջը, Գետարգելի սուրբ Նշանը, Նոյյան տապանից և Կենաց փայտից մասնիկներ, Հովհաննես Կարապետի, Պետրոս և Անդրեաս առաքյալների, Մատթեոս և Մարկոս ավետարանիչների, սուրբ Հռիփսիմեի և սուրբ Գայանեի մասունքները, սուրբ Հակոբ Մծբնա հայրապետի Աջը, սուրբ Արիստակես Ա Պարթևի Աջը, սուրբ Գևորգ Զորավարի, սուրբ Նիկողայոս Հրաշագործի մասունքները:

XVIII դարից Մայր տաճարի արևմտյան կողմը դարձել է Հայոց կաթողիկոսների բացօթյա հանգստարան: Զանգակատան երկու կողմերում են ամփոփվել կաթողիկոսներ Աղեքսանդր Ա Ջուղայեցին, Ներսես Ա Սուրմառեցին, Հովհաննես Ը Կարբեցին, Ներսես Ա Աշտարակեցին, Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցին, Մակար Ա Թեղուտցին, Մկրտիչ Ա Վանեցին, Մատթեոս Բ Կոսդանդնուպոլսեցին, Գևորգ Ե Սուրենյանցը, Խորեն Ա Մուրադբեկյանը, Գևորգ Զ Չորեքչյանը, Վազգեն Ա Պալճյանը, Գարեգին Ա Սարգիսյանը:

Մայր տաճարի արևմտյան կողմի հրապարակում է կատարվում սուրբ Մյուռոն եփելու արարողությունը: Մայր տաճարում է տեղի ունենում Ամենայն հայոց կաթողիկոսների ընտրությունը և օծումը:

http://www.arshavakanner.am