Տիգրան Մեծի օրոք, երբ Հայաստանը աշխարհակալ տերություն էր դարձել, Արտաշատ մայրաքաղաքն այլևս չէր կարող լինել հայոց ծովից ծով պետության կենտրոնը:
Ուստի Տիգրան Երկրորդ արքան մթա 70-ականներին հիմնում է Տիգրանակերտը` հայոց 5-րդ մայրաքաղաքը:
Տարբեր ժամանակներում քաղաքը տարբեր անուններ է ունեցել` Մարտիրոսուպոլիս, Մարտիրուպոլիս, Մուաֆարկին, Ֆարկին, Նփրկերտ և այլն:
Քաղաքը գտնվում էր Մեծ Հայքի Աղձնիք նահանգում, Արևմտյան Հայաստանի Դիարբեքիր քաղաքից մոտ 60 կմ հյուսիս-արևելք` Սասնա լեռների հարավային ստորոտին:
Կարճ ժամանակահատվածում Տիգրանակերտը դառնում է Հին Արևելքի հռչակավոր քաղաքներից մեկը: Այն ուներ շուրջ 100 հազար բնակիչ: Բնակչության մեծ մասն հայեր էին: Այստեղ բնակվում էին նաև մեծ թվով հրեաներ, հույներ, ասորիներ, կապադովկացիներ և այլոք:
Տիգրանակերտը շրջապատված է եղել 26 մետր բարձրություն ունեցող պարսպով: Պարիսպների ներսում կառուցվել էին պահեստներ, զինանոցներ, ձիերի համար ախոռներ: Անմատույց միջնաբերդը գտնվում էր քաղաքի ներսում, իսկ Տիգրանի կառուցած փառահեղ պալատն իր օժանդակ հարմարություններով, տեղադրված էր քաղաքից դուրս:
Մթա 55 թվին Տիգրան Մեծի մահից հետո Տիգրանակերտն այլևս բուռն զարգացում չի ունենում: Այն այլևս մայրաքաղաք չէր:
Տիգրանակերտը տնտեսապես տուժում է Հռոմի եւ Պարսկաստանի միջև ընթացող պատերազմների հետևանքով: Այն աստիճանաբար վերածվում է բերդաքաղաքի: 2-3-րդ դարերից սկսած Տիգրանակերտը մյուս հելլենսիտական քաղաքների օրինակով դառնում է ֆեոդալական քաղաք: Սակայն Տիգրանակերտը չի կորցնում իր կարևորթյունը եւ շարունակում է լինել վարչական կենտրոն թե´ հայերի, թե´ հռոմեացիների, թե´ պարսիկների և հետագայում արաբների տիապետւթյան տակ:
12-րդ դարից սկսած, աստիճանաբար կորցնելով իր նշանակությունը, այն վերածվում է մի անշուք բնակավայրի: