Արգիշտիխինիլին կամ Արմավիրը հայոց երկրորդ մայրաքաղաքն է: Այն հիմնադրել է ուրարտական Արգիշտի Առաջին թագավորը 2787 տարի առաջ: Հիմնադրումից հետո էլ քաղաքը 200 տարի շարունակ կառուցապատվել է ու զարգացել:
Արգիշտիխինիլի-Արմավիրը գտնվում էր Արարատյան դաշտում` Արաքս գետի նախկին հունի ձախ ափին:
Քաղաքն ունեցել է մեծ միջնաբերդ և շրջապատված է եղել պարիսպով` լինելով անառիկ թշնամիների համար: Բնակավայրի շրջակայքում կային բազմաթիվ մրգատու այգիներ:
Երբ կործանվում է Ուրարտուն, ավերվում է նաև Արգիշտիխինիլին:
Մոտ 2340 տարի առաջ հայոց Օրոնտես Երվանդունի թագավորը վերակառուցում է Արգիշտիխինիլին և կոչում Արմավիր: Արմավիրում զարգացած են եղել արհեստները, առևտուրը:
Քաղաքը գոյատևել է մինչև 13-րդ դարը: Մոնղոլ-թաթարների արշավանքերի պատճառով քաղաքն անմարդաբնակ է դառնում: Իսկ հետագայում երկրաշարժներից քաղաքն աստիճանաբար ավերվում է:
Մեր օրերում պահպանված են Արմավիրի պարիսպների, պալատների, տաճարների հիմքերը և հետքերը:
Հայոց երկրորդ մայրաքաղաքն այժմ գտնվում է Արմավիրի մարզի տարածքում, քաղաքի ավերակների մոտ կառուցվել է Արմավիր գյուղը: