Սիրելի' մայրիկներ, Ձեր փոքրիկի մեջ հայրենասիրության սերմնացանները դուք պիտի լինեք, իսկ հայրենիքի հանդեպ սերը պետք է սերմանվի հենց օրորոցից:
Ձեր երեխան պետք է սովորի հարգել մեր պետության խորհրդանիշերը` օրհներգը, դրոշը, զինանշանը և պետք է իմանա դրանց խորհուրդն ու նշանակությունը: Պետք է հասկանա ու գիտակցի, որ օրհներգը լսում են ոտքի կանգնած ու լուռ, այդ ընթացքում մաստակ չեն ծամում, չեն խոսում, չեն ծիծաղում: Պետք է ճանաչի մեր պետական դրոշն ու զինանշանը և գիտակցելով դրանց խորհուրդը` հարգանք տածի: Ստորև ներկայացնում ենք ՀՀ պետական խորհրդանիշերի մասին համառոտ տեղեկատվություն և խորհուրդ ենք տալիս հենց այսօրվանից Ձեր փոքրիկի հետ խոսել այդ մասին: Սիրելի մայրիկ, Ձեր երեխայի անհատականությունը հաշվի առնելով, մատուցեք տեղեկատվությունը Ձեր բալիկի լեզվով:
ՀՀ Օրհներգ
Մեր Հայրենիք, ազատ անկախ,
Որ ապրել է դարե դար
Իր որդիքը արդ կանչում է
Ազատ, անկախ Հայաստան:
Ահա եղբայր քեզ մի դրոշ,
Զոր իմ ձեռքով գործեցի
Գիշերները ես քուն չեղա,
Արտասուքով լվացի:
Նայիր նրան երեք գույնով,
Նվիրական մեկ նշան
Թող փողփողի թշնամու դեմ
Թող միշտ պանծա Հայաստան:
Ամենայն տեղ մահը մի է
Մարդ մի անգամ պիտ մեռնի,
Բայց երանի` որ յուր ազգի
Ազատության կզոհվի:
Դրոշը՝
Հայաստանի Հանրապետության դրոշ մեր պետական խորհրդանիշներից է։ Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է՝ վերևից ներքև կարմիր, կապույտ, ծիրանագույն հորիզոնական հավասար շերտերով։
Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարն ու թափած արյունը` քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար։
Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի` խաղաղ երկնքի ներքո ապրելու կամքը։
Ծիրանագույնը` խորհրդանշում է հայ ժողովրդի տաղանդն ու աշխատասիրությունը։
Զինանշանը՝
Հայաստանի Հանրապետության ներկայիս զինանշանը Հայաստանի Առաջին Հանրապետության /1918-1920 թթ./ զինանշանն է, որի հեղինակներն են ճարտարապետ, Ալեքսանդր Թամանյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը:
Զինանշանը Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշներից է։ Մեր զինանշանի կենտրոնում՝ վահանի վրա, պատկերված են Արարատ լեռը՝ Նոյյան տապանով և պատմական Հայաստանի չորս թագավորությունների` Բագրատունիների, Արշակունիների, Արտաշեսյանների, Ռուբինյանների զինանշանները։ Վահանը պահում են արծիվը և առյուծը, իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն։ Հայաստանի Հանրապետության զինանշանի հիմնական գույնն է ոսկեգույնը, պատմական Հայաստանի թագավորություններինը` կարմիր և կապույտ, իսկ վահանի վրա պատկերված Արարատ լեռը՝ նարնջագույն։ Նշված գույները խորհրդանշում են Հայաստանի Հանրապետության դրոշի գույները։