Աշնանային զվարճալի և ուսուցողական խաղեր, որոնք անցկացվում են հատուկ լամպերի միջոցով մանրէազերծվող միջավայրում

Հրաշագեղ աշնան ավարտին մնացել է բավականին քի՜չ ժամանակ։ Սա նշանակում է, որ պետք է վայելել աշնանային բնությունն ու գունապնակը որքան հնարավոր է շատ։

«Ֆիքսիկներ» պարտեզում կարևորի, օգտակարի և հաճելիի մասին երբեք չեն մոռանում․ երեխաների հետ անընդմեջ կազմակերպում են թեմատիկ ստեղծագործական աշխատանքներ՝ նպաստելով նախադպրոցական տարիքի փոքրիկների զարգացմանը։ Նմանօրինակ մի աշխատանքի ընթացքում վերցրել են ստվարաթուղթ, սոսինձ և գունավոր թղթեր։ Սկզբում փոքրիկները մկրատի օգնությամբ կտրատում են դեղին, կանաչ և կարմիր թղթիկները, ստանում բազմաձև, մանր մասնիկներ։ Ստվարաթղթի վրա մատիտով գծում են տերևի եզրերը, քսում սոսինձը ներսի մակերևույթին ու սկսում փակցնել մասնիկները։ Կա երկրոդ տարբերակ․ օգտագործում են հենց ծառի տերևներն ու ճյուղերը։ Եթե տերևիկները չոր են, ապա փոքրիկը փշրում է դրանք և լցնում սոսնձով պատված թղթի վրա, զարդարում ճյուղերով։ Այսպես երեխաները սեփական ձեռքերով ստեղծում են բնության շունչը պարտեզում, լսում լավ երաժշտություն, ինչպես նաև հմտանում գույների տարբերակման մեջ։

Հաջորդիվ պարտեզի մասնագետներն առաջարկում են կատարել շնչառական վարժություն։ Սեղանին ամրացնում են տարա և խնդրում երեխային՝ փչելով տանել տերևը կամ փոքրիկ գնդակն ամանի ուղղությամբ։ Հատկապես զվարճալի է ստացվում, երբ փորձում են խմբովի կատարել առաջադրանքը։  Ավարտելուն պես անցնում են գույների և թվերի տարբերակումն ամրապնդող վարժությանը։ Դաստիարակը մի կողմում շարում է տարբեր՝ մանուշակագույն, կապույտ, սպիտակ մատիտներ, իսկ մյուս կողմում՝ բաժակներ, որոնց վրա պատկերված են խոշոր թվեր։ Նա տալիս է հրահանգ՝ «Ռոբերտ ջան, վերցրու՛ դեղին մատիտը և գցի՛ր «երեք» թվով բաժակի մեջ»։ Եթե երեխան սխալվում է, մասնագետը հմտորեն ուղղորդում է նրան և ոգևորում, որպեսզի գտնի ճիշտ տարբերակը։

Երեխաների ուսուցումը և հաճելի ժամանցն իրականացվում են զուգահեռաբար, առողջ ու անվտանգ միջավայրում։ Վերջինս ապահովում են պարտեզում առկա մանրէազերծող լամպերը։

 

Փոքրիկների ժամանցի տեսանյութը՝ այստեղ