«Օրորոց» բարեգործական ծրագրի շրջանակներում ՀՀ սահմանամերձ գյուղերի մինչեւ 1 տարեկան երեխա ունեցող 1533 կարիքավոր ընտանիք ստացել է աջակցություն: «Արմեպրես»-ի հետ զրույցում `«Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի» նախագահ Ջեմմա Հասրաթյանը տեղեկացրեց, որ ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր ընտանիքի տրվում է հագուստի փաթեթ շուրջ 60 հազար դրամ արժեքով:
««Առողջ մանկիկի փաթեթը» ներառում է 5 ամսական երեխայի համար նախատեսված հագուստ. այդ տարիքային սահմանն էլ
Նրա խոսքով` բարեգործական ծրագրի շրջանակներում, բացի Բերդի, Նոյեմբերյանի եւ Դիլիջանի սահմանամերձ գյուղերից, ակցիաներ են կազմակերպվել նաեւ Էջմիածնում, Երեւանում, Սպիտակում, Գյումրիում եւ Մարալիկում:
Բնակիչները ծրագրի շրջանակներում ստացել են նաեւ միանվագ օգնություն:
Հասրաթյանի գնահատմամբ` այժմ ծրագրի գլխավոր նպատակն է կենտրոնացնել աշխատանքները սահմանամերձ գյուղերում, ուր կա բուժաշխատողների, սարքավորումների եւ ամենակարեւորը` ֆինանսական օժանդակության պակաս:
«Ի տարբերություն նախորդ տարիների` ծնելիության մակարդակը որոշակիորեն նվազել է»,-նշեց Հասրաթյանը: Նրա կարծիքով, բացի ֆինանսական պատճառներից, դրան մեծապես նպաստում է նաեւ տղամարդկանց արտագնա աշխատանքը: Նրա դիտարկմամբ` միայն այն գիտակցությունը, որ երեխան կարող է ապահովվել անհրաժեշտ պարագաներով եւ դրամական աջակցությամբ,նպաստում է ծնելիության մակարդակի աճին:
«Օրորոց» ծրագրի համար անհրաժեշտ գումարները հատկացվում են «Հայաստան» հիմնադրամի տարբեր երկրներում գործող մարմիններից, ինչպես նաեւ արտերկրի եւ հայաստանաբնակ անհատ բարերարների կողմից: Ծրագիրը մեկնարկել է 2002 թվականին «Հայաստան» համահայկական հիմնադրամի եւ կանանց 30 հասարակական կազմակերպությունների հետ համատեղ: