Որքա՞ն է ձեր երեխաների միջև տարիքային տարբերությունը. իմացեք դրական ու բացասական կողմերի մասին

Որոշե՞լ եք երկրորդ երեխան ունենալ...գովելի է:

Սակայն մինչև դա պետք է պատրաստվել կյանքի այդ ռիթմին: Եկեք միասին քննարկենք երեխաների տարիքային տարբերությունների առանձնահատկությունները:

1. Գրեթե հասակակից երեխաներ

1-2 տարի հետո երկրորդ երեխա ունենալը հերոսություն է: Նման քայլի դիմում են այն ծնողներն, ովքեր ունեն դրական փորձ առաջին երեխայի խնամքում և չեն վախենում նորից անցնել այդ ամենի միջով: Նրանք կարծում են, որ ավելի լավ է հիմա անցնել այդ դժվարությունների միջով, քան թողնել հետոյի:

Բացասական կողմ: Այս դեպքում մայրիկը շատ է հոգնելու: Նա ավելի շատ իր ուշադրությունը կենտրոնացնելու փոքրիկի վրա, այդ դեպքում մեծ երեխան, հնարավոր է, զգա ուշադրության պակաս:

Դրական կողմ: Այս դեպքում երեխաները լինում են տարեկիցներ և խաղում են միասին, միասին նաև դպրոց են հաճախում և օգնում են միմյանց դասերի պատրաստման գործում: Իսկ մայրիկը կարող է 3-4 տարի հետո նորից անցնել աշխատանքի:

2. 3-4 տարվա տարբերություն

Հոգեբանները կարծում են, որ երեխաների միջև այսչափ տարբերությունն ամենալավն է: Մայրիկը բավական ժամանակ ունի երկու երեխաների դաստիարակության ու խնամքի համար: Առաջին երեխան արդեն մանկապարտեզ կհաճախի, երբ կծնվի քույրիկը կամ եղբայրը: Այս դեպքում կնոջ օրգանիզմը կհասցնի կկազդուրվել առաջին ծննդաբերությունից հետո: Եթե երկու երեխաներն էլ նույն սեռի են, փոքրիկը կարող է «ժառանգել» մեծ երեխայի հագուստը:

Բացասական կողմ: 3-4 տարվա տարբերության դեպքում դժվարությունն առաջանում է այն ժամանակ, երբ առաջին երեխան սկսում է դպրոց հաճախել, քանի որ նրա կյանքում նոր փուլ է սկսում: Եթե երեխան փոքրիկի հետ սիրում է խաղալ «դպրոց-դպրոց», ապա այս խնդիրն էլ համարեք լուծված:

Դրական կողմ: 3-4 տարեկանում երեխաները շատ են ցանկանում քույր կամ եղբայր ունենալ: Նրանք ցանկանում են խնամել փոքրիկին ու խաղալ նրա հետ: Առաջին երեխայի խանդից խուսափելու համար կարելի է նրա հետ խոսել դեռ հղիության ժամանակ:  

3. 5-8 տարվա տարբերություն

Այս պարագայում ծնողներն ունեն բավական փորձ: Նրանք ավելի մեծ են ու փորձառու և հիմա ավելի լավ են հասկանում ինչպես դաստիարակել փոքրիկին: Այս ընտանիքներում մեծ երեխան պատրաստ է անընդհատ զիջել փոքրին: Նա ցանկանում է մայրիկի հետ միասին խնամել նրան:

Բացասական կողմ: Երեխաներն ունենում են հետաքրքրության տարբեր շրջանակներ և չեն կարողանում միասին խաղալ, սակայն այս դեպքում նրանց կմտերմացնեն գրքերը, հեքիաթները, նկարչությունը: Ճգնաժամն առաջանում է այն ժամանակ, երբ առաջնեկը դառնում է դեռահաս:

Դրական կողմ: Երբ երեխաներն ավելի են մեծանում, մեծը դառնում է փոքրի պաշտպանն ու խորհրդատուն:

4. 9 և ավելի տարբերություն

Այս դեպքում ծնողները բախվում են մեծ խնդրի. երեխան արդեն չի ցանկանում ունենալ փոքրիկ քույր կամ եղբայր: Երեխան, ով երկար տարիներ մենակ է եղել,և ամբողջ ուշադրությունն իր վրա է կենտրոնացած եղել, չի ցանկանում այն կիսել որևէ մեկի հետ: Նրա համար դա կարող է սթրեսի պատճառ դառնալ:

Բացասական կողմ: Մեծ երեխան կարող է վերահսկել փոքրին ու ենթագիտակցաբար չթողնել նրան լինել ինքնուրույն: Նա փոքրիկի համար դառնում է երրորդ ծնողը:

Դրական կողմ: Նրանց միջև մտերմություն առաջանում է միայն այն ժամանակ, երբ երկուսն էլ մեծանում են: