Վրաստանում կարմրուկի 1400 դեպք է գրանցվել

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ 2018 թվականին աշխարհի 7 երկրներում գրանցվել է կարմրուկով հիվանդացության բարձ ցուցանիշ։

Ցանկում հարևան Վրաստանը զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։ Երկրում այս տարվա ընթացքում գրանցվել է կարմրուկի 1400 դեպք, որոնցից երկուսն ավարտվել է մահով։

Մասնագետները կարմրուկով վարակվածների թվի աճ են կանխատեսում։ Նրանք, ովքեր նախկինում չեն հիվանդացել և այն մարդիկ, ովքեր չեն պատվաստվել կարմրուկի դեմ, գտնվում են ռիսկային խմբում։  Ըստ Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ներկայացրած տվյալների՝ ռիսկային գոտում գտնվող մարդկանց թիվը հատում է կես միլիոնը։ Մասնագետները հորդորում են քաղաքացիներին պատվաստվել։