Առատաշեն գյուղում նորածիններ Մերի եւ Մարիամ Վարդանյանների մահվան փաստով մանկական կերի անցկացված փորձաքննության արդյունքները նորածինների հոր համար տարօրինակ են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նորածինների հայրը` Վաղինակ Վարդանյանը եւ ավելացրեց, որ փորձաքննության արդյունքներով, երբ չեզոքացվում է մանկական կերի վարկածը, անհասկանալի է մնում երեխաների մահվան պատճառը:
«Այս ամենը տարօրինակ է: Բա եթե կերից չի, այդ երեխաներն ինչի՞ց մահացան, երբ ոչ մի առողջական խնդիր չեն ունեցել: Ես պետք է հանդիպեմ քննչական խմբի ներկայացուցիչներին, նոր, ըստ այդմ, կորոշեմ իմ հետագա անելիքները»,- ասաց
Հիշեցնենք, որ իրավապահ մարմինների կողմից անցկացված փորձաքննության արդյունքներով Արմավիրի մարզի Առատաշեն գյուղում նորածիններ Մերի եւ Մարիամ Վարդանյանների մահվան պատճառը մանկական կերը չի եղել: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացված իրացման ցանցում առկա «Նեստոժեն» մանկական չոր կաթի փոշու փորձաքննության արդյունքերով եւս պարզվել էր, որ իրացման ցանցում առկա մանկական կերերն անվտանգ են եւ երեխաների առողջության վրա որեւէ բացասական հետեւանք ունենալ չեն կարող:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արմավիր մարզի Առատաշեն գյուղում մահացած նորածին Մերի եւ Մարիամ Վարդանյանները մինչեւ մահանալը շատ առողջ են եղել, իսկ դեպքը տեղի է ունեցել երեխաների մոր հայրական տանը, երբ վերջինս երեխաների հետ «դարձ» է գնացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Առատաշեն համայնքի ղեկավար` Վահրամ Հարությունյանը: Գյուղապետը պատմել էր, որ նորածինների ծնողները 4 տարի է, ինչ ամուսնացած են եւ ունեին երեք աղջիկ: Մեծ աղջիկը արդեն 3 տարեկան է: Ընտանիքը սոցիալապես անապահով է եւ հիմնականում գյուղատնտեսությամբ են զբաղվում: Տեղեկացրել էինք նաեւ, որ Դատախազության մամուլի ծառայությունից հայտնել էին, թե «Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ-ից այսօր հաղորդում է ստացվել, որ 2013 թվականի փետրվարի 27-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում իրենց մոտ է ընդունվել 22.11.2012թ. ծնված Մերի Վարդանյանի դիակը: Պարզվել է, որ Մերի Վարդանյանը եւ նրա երկվորյակ քույրը՝ Մարիամ Վարդանյանը, դրանից կարճ ժամանակ առաջ մահացել են իրենց տանը: Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ երեխաների մայրը՝ նույն օրը` ժամը 05:00-ի սահմաններում, երեխաներին կերակրել է դեղատնից գնված մանկական չոր կաթնային կերով: Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի հատկանիշներով (անզգուշությամբ մահ պատճառելը) եւ ուղարկվել ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արմավիրի մարզի քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու համար: Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը 5 տարի ժամկետով:Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Բացի այդ առգրավվել է նաեւ չոր կաթը, որը նույնպես ուղարկվել է փորձաքննության։ Նախնական տեղեկություններով` չոր կաթը եղել է «Նեստոժեն» ֆիրմայի արտադրանք: Նրանց մահվան փաստով նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքներով էլ նորածինների մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: