Սյունիքում ռոտավիրուսային պատվաստումներն իրականացվել են 95 տոկոսով

Սյունիքի մարզում 0-5 տարեկան երեխաների շրջանում ընթանում են ռոտավիրուսային պատվաստումները: «Մեկ ամիս առաջ պատվաստումների ցուցանիշը բավականին ցածր էր` ընդամնեը 26-27 տոկոս, սակայն ընթացքի մեջ են աշխատանքները, եւ արդեն ունենք 95 տոկոս կատարողական»,-«Արմենպրես»-ին տեղեկացրեց Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Աշոտ Ծատրյանը: Մարզն ապահովված է բավարար չափով պատվաստանյութով: Նման պատվաստումներ կատարվում են

առաջին անգամ, ուստի նախապես տեղամասային բժիշկների կողմից ծնողների համար բացատրական աշխատանքներ են իրականցվել: Այդ նպատակով պատասխանատուներին օգնել են նաեւ ԶԼՄ-ների հրապարակումները: Դասընթացների միջոցով վերապատրաստման կուրսեր են անցել նաեւ մարզի բուժաշխատողները:

Ընդհանուր առմամբ` ռոտավիրուսները մինչեւ 5 տարեկան երեխաների շրջանում ծանր ընթացքով փորլուծությունների հիմնական պատճառ են:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` աշխարհում տարեկան գրանցվում է ռոտավիրուսային վարակով պայմանավորված 24 միլիոնից ավելի ամբուլատոր այցելություն, 2.3 միլիոնից ավելի հոսպիտալացման եւ մոտ 0.5 միլիոն մահվան դեպք, ինչպես նաեւ մոտ 114 միլիոն ռոտավիրուսային վարակի էպիզոդ: Ծանր ռոտավիրուսային գաստրոէնտերիտները հիմնականում տարածված են մինչեւ 5 տարեկան, հատկապես՝ 6-24 ամսական երեխաների շրջանում եւ փորլուծություններով հոսպիտալացումների գրեթե 40%-ը պայմանավորված է ռոտավիրուսային վարակով:

Գրեթե յուրաքանչյուր երեխա մինչեւ 3 տարեկանն առնվազն մեկ անգամ ռոտավիրուսներով վարակվում եւ հիվանդանում է:

Գնահատումները եւ հետազոտությունները ցույց են տվել, որ բոլոր երկրներում երեխաների շրջանում ռոտավիրուսային վարակով պայմանավորված մահվան դեպքերը հիմնականում պաշտոնական վիճակագրությամբ չեն ներկայացվում, քանի որ բոլոր երկրներում ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պաշտոնական գրանցված մահերը վերագրվում են ոչ թե ռոտավիրուսային վարակին, այլ դրանց հետեւանքով առաջացած բարդություններին:

Հայաստանում մոտ 200 000 մինչեւ 5 տարեկան երեխաների շրջանում ռոտավիրուսային վարակի պատճառով երկրում կարող ենք ունենալ տարեկան առնվազն 40 մահվան դեպք: