Ջրծաղիկ` ո՞ր տարիքում է «նախընտրելի» հիվանդանալ

Մեկ անգամ հիվանդացողը մեկընդմիշտ ձեռք է բերում իմունիտետ ամբողջ կյանքի համար:

19-ամյա Նարեն կարծում է, որ ջրծաղիկով հիվանդանալ ցանկալի է ավելի վաղ տարիքում, քանի որ երեխաներն այդ հիվանդությունը շատ ավելի թեթև են տանում: Ու չնայած Նարեն ջրծաղիկով վարակվել է երեք տարեկանում, բայց միևնույն է հիշում է` ծանր, անհանգիստ ու մի փոքր էլ տհաճ օրեր է անցկացրել:

Ջրծաղիկը մանկական սուր վարակիչ հիվանդություն է, բայց դրանով վարակվում են ոչ միայն երեխաները: Այս հիվանդության դեպքում զգուշությունը հազվադեպ է օգնում, քանի որ վարակը փոխանցվում է մինչև առաջին ցանի հայտնվելը: Սկզբում ցանն ընդգծված չէ, սակայն ընդամենը մի քանի ժամում ցանի մակերեսը կտրուկ մեծանում է և առաջանում են հեղուկով լի բշտիկներ: Երբեմն դրանք թարախակալում են քորելու պատճառով:

 

Առողջապահության նախարարության Հիգիենիկ համաճարակաբանության տեսչության գլխավոր մասնագետ Լուսինե Պարոնյանն ասում է, որ եվրոպական որոշ երկրներում ջրծաղիկով հիվանդների շփումն առողջ մարդկանց հետ արգելված չէ, քանի որ եվրոպացի բժիշկների մի մասը կարծում է, որ վաղ հասակում ջրծաղիկով հիվանդանալու դեպքում այն լուրջ բուժում չի պահանջում: Ջրծաղիկն արտաքուստ նման է գրիպի, ուղեկցվում է գրիպին հատուկ գլխացավով ու թուլությամբ:

Ջրծաղիկն ունի սեզոնային բնույթ և գլուխ է բարձրացնում հատկապես ցուրտ եղանակին: Այն ունի 100 տոկոս վարակելիություն և փոխանցվում է միայն օդակաթիլային ճանապարհով: Չնայած մասնագետները հավաստիացնում են, որ ջրծաղիկով կյանքում մեկ անգամ են հիվանդանում, սակայն պատահում են դեպքեր, երբ այն կրկնվում է:

Ամեն դեպքերում բժիշկները խորհուրդ են տալիս հետևել հիգիենայի կանոններին` հաճախ փոխել սպիտակեղենը և կարճատև լոգանք ընդունել: Սրան զուգահեռ պետք է մեծ քանակությամբ կաթնային ու բուսական մթերք օգտագործել և ջուր խմել: Բժիշկները հավաստիացնում են` իրենց բոլոր խորհուրդներին հետևելու դեպքում հիվանդությունն անցնում է անհետևանք:

ArmnewsTV.am