Հայաստանցի ծնողներն անհանգստացած են: Պոլիոմելիտի դեմ պլանային պատվաստումներ անցած երեխաներին կրկին պոլիկլինիկա են հրավիրում՝ նույն պատվաստանյութով պատվաստումը կրկնելու համար: Ու էական չէ, թե որքան ժամանակ է անցել վերջին պատվաստումից: Կանչում են 2-6 տարեկան երեխաների, այն պարագայում, երբ 1.5 տարեկանում երեխաներն արդեն այդ հիվանդության դեմ պատվաստում ստանում են: Հաջորդ պատվաստումը, ըստ ժամանակացույցի, վեց տարեկանում պետք է լինի:
Ծնողների մտահոգությունների, անհասկանալի հարցերի վերաբերյալ Panorama.am-ը զրուցել է ԱՆ Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանի հետ:
-Ինչո՞ւ են արդեն պատվաստված երեխաներին կանչում պատվաստվելու:
-Դա պոլիոմելիտի վերացման գլոբալ քաղաքականությունից է բխում: Այսինքն` կան մի շարք միջոցառումներ, որոնք ողջ աշխարհում են արվում, միայն Հայաստանում չէ: Առաջին հերթին պատվաստանյութ է փոխվում: Բերանային կաթեցվող պատվաստանյութը, որն այսօր մեր երկրում կիրառվում է, պոլիոմելիտի երեք տեսակների դեմ է՝ 1-ին, 2-րդ, 3-րդ: 2-րդ տեսակի դեմ բաղադրիչը պատվաստանյութից հանվելու է: Նույն արտադրողն է լինելու, սակայն բաղադրության մեջ փոփոխություն է լինելու՝ 2-րդ տեսակի դեմ բաղադրիչն այլևս չի լինելու, եռավալենտը դառնալու է երկվալենտ: Պոլիկլինիկաներից կանչում են լրացուցիչ մեկ դեղաչափի համար, որպեսզի ամրապնդվի երեխայի իմունիտետը հենց երկրորդ տիպի նկատմամբ:
-Ինչո՞ւ է փոխվում պատվաստանյութի բաղադրությունը:
-1999 թվականից պոլիոմիելիտի 2-րդ տիպով հարուցված դեպքեր չեն գրանցվել, սակայն չի բացառվում, որ կարող է շրջանառությունը վերստին սկսվել: Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ այլևս չի լինի այդ վիրուսը:
-Այդ դեպքում ինչո՞ւ որոշեցին պատվաստանյութից այդ բաղադրիչը հանել:
-Որպեսզի արհեստական կերպով չնպաստեն տվյալ վիրուսի շրջանառության վերսկսմանը, պատվաստանյութի բաղադրության մեջ մտնող 2-րդ ենթատեսակը, որը կարող է փոփոխության ենթարկվել, ախտածնություն ձեռք բերել, հիվանդություն առաջացնել, որոշվեց հանել: Եթե չի գրանցվում, անհրաժեշտություն չկա արհեստականորեն նպաստել վիրուսի մուտացիային, քանի որ պատվաստանյութը կենդանի վիրուսն է՝ թուլացված վիճակում: Դրան զուգահեռ որոշվեց ակտիվորեն իրականացնել համախմբված միջոցառումներ, որպեսզի վճռական ճանապարհով վերացնեն պոլիոմելիտը, ինչպես եղավ ծաղիկ հիվանդության դեպքում: Աշխարհը շատ վճռական է տրամադրված և պլանավորված է մինչև 2020 թվականը աշխարհը հայտարարել պոլիոմիելիտից ազատ:
Առաջին փուլը, պատվաստանյութի փոփոխությունն է, այսինքն՝ բոլոր այն երկրներում, որտեղ կենդանի պատվաստանյութ են կիրառում, պետք է աստիճանաբար անցում կատարվի ինակտիվացված /ներարկվող/ պատվաստանյութին: Դրանով պատվաստում կկատարվի միայն հունիսից և միայն 6 ամսական երեխաներին, ովքեր երեք անգամ արդեն պատվաստվել են եռավալենտ պատվաստանյութով:
-Ինչպե՞ս է որոշվում, թե ովքեր պետք է կրկին պատվաստվեն:
-Այն համայնքներում, որտեղ ցածր է եղել պատվաստման ցուցանիշը, պոլիոմելիտի պատվաստման նպատակային ցուցանիշը պետք է լինի 95 տոկոս, կիրականցվեն պատվաստումներ: Ցուցանիշը հիմնականում ցածր է Երևանում, Դիլիջանում: Եթե մարզերում եղել է հիմնականում 99 տոկոս, ապա Երևանում՝ 92-93 տոկոս, առավելագույնը 95 տոկոս, դրանից ավել չի եղել: Հետևաբար, պատվաստման կանչվում են 2-6 տարեկան երեխաները, ու միայն այն համայնքներում, որտեղ պատվաստման ցածր ցուցանիշներ են գրանցվել:
-Ինչո՞վ եք պայմանավորում դա:
-Հստակ չեմ կարող ասել, միգուցե հենց համացանցի հասանելության բարձր մակարդակով, որովհետև ես էլ հետևում էի քննարկումներին, օգտատերերի մեծ մասը Երևանից են, նման բացասական վերաբերմունքը մարդկանց կասկածի մեջ է գցում: Այն մարդը, ով կանոնավոր ստացել է բոլոր պատվաստումները, նման գրառումներից հետո մտահոգվում է՝ ճի՞շտ եմ արել, թե՞ ոչ: Մեր մասնագետներն էլ մասնակցում են այդ քննարկումներին, ներկայացնում պարզաբանումներ:
-Եթե երեխան մինչև մեկ ու կես տարեկան կանոնավոր ստացել է բոլոր պատվաստումները, այսինքն՝ պոլիոմելիտի դեմ վերջին պատվաստումը եղել է մի քանի ամիս առաջ, 2 տարեկանում պատվաստելու դեպքում բարդություններ չե՞ն առաջանա:
-Դրա իմաստը համաճարակաբանական օրինաչափությունն է: Շատերը հենց այդպես էլ ասում են, կանչեք պատվաստման նրանց, ովքեր չեն պատվաստվել կամ թերի են պատվաստվել: Տվյալ դեպքում համայնքի շրջանակում լիարժեք անվտանգություն չի ապահովվի: Հավանականությունը շատ քիչ է, բայց երբեք չենք ասում երբեք, եթե վիրուսը տվյալ համայնքում շրջանառվի, անգամ պատվաստված երեխան կարող է խոցելի լինել:
Ինչո՞ւ, որովհետև եթե որևէ մեկն ասի, որ պատվաստանյութը հարյուր տոկոսանոց արդյունք է ապահովում, չհավատաք: Դա պայմանավորված է և պատվաստման, և երեխայի օրգանիզմի առանձնահատկություններով:
Ինչ վերաբերում է հնարավոր բարդություններին, ապա պատվաստանյութերի հաջորդական դեղաչափերի միջև առնվազն պետք է պահել մեկ ամիս: Եթե պատվաստումը եղել է մեկ ամիս առաջ, հաստատ երեխային չեն կանչի: Մենք ո՞նց վերացրեցինք պոլիոմելիտը Հայաստանում: Երեխա կար, որ 12 փուլով պատվաստում էր ստանում, փուլերի միջև մեկ ամիս ինտերվալ էր լինում: Նրա մոտ ոչ մի խնդիր չէր առաջանում: Այդպես էլ պետք է լիներ, քանի որ դա սրսկումով պատվաստում չէ, որ ջերմային ռեակցիա առաջանա, սա կաթիլ է, այս պարագայում ռեակցիաները գրեթե բացակայում են: Մենք տարեկան 40 հազար երեխա ենք պատվաստել, մենք պոլիոմելիտի պատվաստումներից հետո ոչինչ չենք նկատել: Ավելին ասեմ, բոլոր պատվաստումներից հրաժարվող ծնողները բերում են պոլիոմելիտի պատվաստման:
Սա այն վակցինան է, որ գրեթե հակացուցումներ չունի: Բոլոր պատվաստանյութերի դեպքում բարձր ջերմությունը, քթահոսությունը հակացուցված է: Պոլիոմելիտի պատվաստման պարագայում քթահոսությունն առանց ջերմության հակացուցում չէ: Սա այն դեպքն է, երբ կարող եմ ասել, որ 99 տոկոսով որևէ բարդություն չի առաջանում: