Նյութի առաջին մասը կարող եք կարդալ այստեղ։
Երեխային անդառնալի կորուստը ներկայացնելու մասին «Իմ փոքրիկ»-ը զրուցել է «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Լուսինե Գրիգորյանի հետ:
Հնարավոր է՝ երեխայի մոտ հարցեր առաջանան, որոնք նա չբարձրաձայնի: Լուսինե Գրիգորյանն ընդգծում է՝ մեծահասակը չպետք է խուսափի երեխայի հետ հայրիկի մասին խոսելուց, պետք է պատրաստ լինի երեխայի կողմից հնչող ցանկացած հարցի պատասխանելուն։
«Երեխան շատ հաճախ մայրիկին հարցեր չի տալիս, որպեսզի նրան չտխրեցնի, որոշ դեպքերում նաև չբարկացնի։ Երեխայի հետ պետք է լինել անկեղծ։ Փոքրիկի մոտ կարող են ծագել, սակայն չբարձրաձայնվել հարցեր, երբ զգում է, որ մայրիկն այդ հարցերից խուսափում է»,- պատմում է նա:
Հոգեբանը փոքրիկի հարցերի ու մայրիկի անկեղծ պատասխանների հետևյալ օրինակներն է ներկայացնում՝
Օրինակ 1՝
- Հայրիկն այլևս չի գալու՞:
- Այո՛, նա այլևս չի գալու: Բայց նա միշտ մեզ հետ է, քանի դեռ մենք հիշում ենք նրան, խոսում նրա մասին, տոնում նրա ծննդյան օրը։
Օրինակ 2՝
- Ինչու՞ մյուսները հայրիկ ունեն, իսկ ես՝ ոչ:
- Դու ևս հայրիկ ունես: Քո հայրիկը գուցե ֆիզիկապես մեզ հետ չէ, սակայն միշտ լինելու է քո կյանքում իր խորհուրդներով, այն հիշողությամբ, որով դու կարող ես հպարտանալ։
Շարունակելի
Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան



