Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում անցկացրել են հսկողական շրջայցեր Հայաստանի որոշ մանկապարտեզներում։ Այս մասին հայտնում են Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից։
Պարզվել է, որ որոշ հաստատություններ ունեն վերանորոգման կարիք, խոհանոցներն անբարեկարգ են, գույքը` հնամաշ։ Մի շարք մանկապարտեզներում սանիտարահիգիենիկ պայմանները չեն համապատասխանել սահմանված նորմերին, բացակայել է անհրաժեշտ գույքը։ Մատակարարված սննդամթերքի ուսումնասիրության արդյունքում արձանագրվել են մակնշման անհամապատասխանություններ: Հայտնաբերվել է նաև տնային պայմաններում արտադրված սննդամթերք, իսկ որոշ մթերքների լաբորատոր փորձաքննությունների արդյունքերը ցույց են տվել մանրէաբանական ցուցանիշների անհամապատասխանություններ։
Թերությունների վերացման ուղղությամբ տարվում են համապատասխան աշխատանքներ, որոշ մանկապարտեզներում մեկնարկել են վերանորոգման աշխատանքներ։



