«Բարև Ձմեռ պապիկ ջան, ես ուզում եմ, որ Նոր տարուն ինձ երգող Ձմեռ պապիկ բերես, մեկ էլ Ձյունանուշիկի շոր»,- սա փոքրիկ Էմմայի նամակում առկա ցանկությունների մի մասն է, որը մայրիկի օգնությամբ գրել է Ձմեռ պապիկին:
Շատ ծնողների Ամանորը ոչ միայն ուրախություն, այլև անհանգստություն է պատճառում:
Աննան` Էմմայի մայրը, իր փոքրիկին հավատացրել է, որ գոյություն ունի Ձմեռ պապը և անպայման բերելու է այն նվերները, որոնք նշել են նամակում:
«Ճիշտ է, դժվար է բյուջեից գումար տրամադրել նաև նվերներին, բայց կարելի է երեխային բացատրել, համոզել, որ փոքր նվերներ խնդրի քանի որ Ձմեռ պապիկը գալիս է հեռվից և նրա համար դժվար կլինի բերել մեծ ու ծանր նվերները»,- ասում է Աննան`նվերները կարևորելով տոնական լի ու բոլ սեղանից:
Աննան արդեն 27տարեկան է, բայց երեխայի պես սպասում է Նոր տարուն և հատկապես Ձմեռ
«Ամեն տարի փորձում եմ փոքրիկիս ցանկությունները կատարել, այնպես նշել Նոր տարին, որ դա նրա համար անմոռանալի տոն լինի»,- ասում է Էմմայի մայրը:
Նոր տարվա գիշերը Աննան Ձմեռ պապ է կանչելու: Նա արդեն գնել է այն նվերները, որ Ձմեռ պապն է տալու Էմմային:
Ձմեռ պապ կանչելը Հայաստանում արժե 10-15 հազար դրամ, իսկ եթե նվերը Ձմեռ պապն է բերում, այլ ոչ թե ծնողներն են գնում, արժե 15.000 դրամ:
Աննայի խոսքով, ինքն է ընտրել նվերները, քանի որ չի վստահում Ձմեռ պապի «Ճաշակին»:
«Այս տարի նախատեսել եմ 20.000 դրամ, որը կարծում եմ այնքան էլ մեծ գումար չէ, քանի որ դա ուրախություն է պարգևելու երեխայիս: Ինձ թվում է`յուրաքանչյուրն էլ կարող է իր երեխային ուրախություն պատճառելու համար ծախսել իրեն հարմար գումարը: Վերջիվերջո կարևորը նվերների թանկարժեք լինելը չէ, այլ երեխայի համար իրականություն ստեղծելը»,- ավելացրեց Աննան:
Ծնողներից շատերն են համամիտ Աննայի հետ. «Թող մի քանի բան էլ պակաս լինի տոնական սեղանից, երեխայիս ուրախությունն ավելի կարևոր է»:
Ամանորին մնացել են հաշված օրեր: Խաղալիքի խանութները լի են գնորդներով, բայց ի տարբերություն տոնական սեղանին դրվող մթերքների, խաղալիքներն ու հագուստեղենը չի թանկացել: Շտապեք գնել այն նվերները, որ գրված են Ձեր փոքրիկի նամակում:
ԱՆԻ ԱՍԱՏՐՅԱՆ