Երեւանի թիվ 161 մանկապարտեզում կրոնական տեսանյութերի եւ գրականության տարածումը կանխվել է

Երեւանի թիվ 161 մանկապարտեզում միջոցառման ժամանակ կանխվել է «Հիսուսի վերջին օրերի սրբեր» կրոնական կազմակերպության կողմից կրոնական տեսանյութերի եւ գրականության տարածումը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը` անդրադառնալով մամուլի հրապարակումներին, ըստ որոնց, այդ մանկապարտեզում «Հիսուսի վերջին օրերի սրբերի» կողմից կրոնական տեսանյութեր եւ գրականություն է բաժանվել:

«Կա քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարականը վարչական շրջանների ղեկավարներին եւ հանրակրթության ոլորտի

պատասխանատուներին` խիստ հետեւողական լինել եւ կանխել կրոնական քարոզչության ներթափանցման ցանկացած դեպք ոչ միայն նախադպրոցական ուսումնական հաստատություններ, այլեւ հանրակրթական դպրոցներ»,- նշեց Շուշան Սարդարյանը:

Նշենք, որ համաձայն լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների, դեկտեմբերի 2-ին ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Հեֆերնը Երեւանի թիվ 161 մանկապարտեզում օգնություն էր բաժանում, իսկ նրան զուգահեռ՝ «Հիսուսի վերջին օրերի սրբերը» կամ, այլ կերպ ասած, «Մորմոններ» կրոնական շարժումը բաժանում էր իրենց կրոնական տեսանյութերն ու գրականությունը: